HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ. տապանի լեռան վրա` հայերի և քրդերի միջև

Ազատ Վարդանյան
Իտալացի լեռնագնաց (TITO DE LUCA) Տիտո Տէ Լուկա (գրական ծածկանունով Ազատ Վարդանյան)

... Երբ կորցնում ենք մեր մտերիմ ընկերոջը, որդուն կամ ծնողին, դատարկության և լքվածության զգացում ենք ապրում: Իմ կյանքի գրեթե կեսը նվիրել եմ պատմահնագիտական ​​հետազոտություններին, և այդ տարիների ընթացքում հաճախ եմ կորցրել ինձ համար թանկ ու հարազատ ընկերների: Նրանց հեռանալուն պես ինքս ինձ զգացել եմ դատարկ, միայնակ և անկարող` շարունակել ապրել և գործել: Հիշում եմ մորս խոսքերը, որոնք, նման պահերին ինձ քաջալերելով և ասես խոր քնից արթնացնելով, ոտքի էին հանում: Սակայն ինձանից հեռացավ նաև մայրս` թողնելով ինձ անասելի դատարկության և խոր լռության մեջ: Չէ՞ որ մայր կորցնելը բոլորովին այլ բան է: ...Այսպիսով, որոշեցի երկար տարիների իմ հուշերը հանձնել թղթին և ներկայացնել ընթերցողին:

... Իմ երազներում հաճախ եմ տեսնում Արարատ լեռան հարավային կողմում` երեք հազար մետր բարձրության վրա գտնվող քրդական այն վրանը, որ ինձ պատահած ողբերգական իրադարձություններից հետո դարձել էր իմ առաջին տունը: Ընտանիքի մայրը, ով հիվանդությունների պատճառով կորցրել էր իր ութ զավակներին, դեռևս ուներ վեց դուստր եւ մեկ որդի: Նրա մեծ մայրը հայ էր: Փրկվել էր 1915 թ-ի կոտորածի ժամանակ քուրդ հովիվների կողմից: Ըստ իմ ուսումնասիրության` հայերի Ցեղասպանության  տարիներին`Արարատ լեռան վրա ապրող շատ հայեր բռնի կերպով իսլամացվել են և քուրդ ընտանիքների մաս են կազմել:

Ամենևին հեշտ չէր արգելված գոտում հետազոտություններ կատարելը` ուր թուրքական զորքի և քրդերի միջև ռազմական բախումները շարունակական բնույթ են կրում, և հրաձգություններն ու ձերբակալությունները ասես վերջ չունեն: Իմ խաղաղությունը գտնում էի ինձ ծանոթ քուրդ ընտանիքի վրանում: Արարատի հարավային կողմում` 3500 մետր բարձրության վրա այս ընտանիքը ուներ ամենաբարձր արոտադաշտը: Նրանց համար գնեցի դմակաւոր հարյուրավոր ոչխարներ: Գիշերները կովկասյան հուժկու քամու սուլոցի հետ` ականջիս էին հասնում իմ հինգ հարյուր ոչխարների մայունը:

Կեսօրին, երբ մագլցում էի վայրի լեռը, լավաշի անուշ բույրը կարծես ինձ արթնացնում էր քնից, ստիպելով հայացքս մի պահ դարձնել լեռան հյուսիս-արևմտյան կողմը, ուր Արաքս գետից այն կողմ բարեբեր Հայաստանն էր` իմ երկրորդ հայրենիքը: Այնտեղ ևս հացը նույնն էր, նույն անունն ուներ, և կյանքն էլ հայ հովիվների համար Արագած լեռան վրա դյուրին չէր այնպես, ինչպես Արարատ լեռան վրա իմ քուրդ ընկերների համար: Ձկներով հարուստ Արաքսը`գետի ափերին պտղատու ամեն տեսակ իր ծառերով, դարձել է անիմաստ և ավելորդ, անանցանելի սահման երկու ժողովուրդների միջև: Քսանհինգ դար շարունակ Արարատը հանձնված էր իր հայ խնամակալներին, որոնք լեռան` մինչեւ 2500 մետր բարձրության վրա ժամանակին հացահատիկային կուլտուրաներ էին մշակում, որի մասին են վկայում լեռան բարձունքներին իմ կողմից հայտնաբերված հսկայական ալրաղացները: Տխուր փաստ է այն, որ այդ տեղանքները այսօր անմշակ են և բնակեցված սողուններով:

...Առաջին տարիների իմ կատարած հետազոտությունները պարզեցին, որ հայաստանյան թանգարաններում և, հատկապես, Վենետիկի Ս. Ղազար հայոց կղզում Արարատի և Նոյան Տապանի վերաբերյալ բազմաթիվ հին ձեռագիր մատյաններում և քարտեզներում մատնանշված է Նոյան Տապանի կոնկրետ վայրը, ուր հայերի կողմից դարեր շարունակ գաղտնի կերպով ուխտագնացություններ է իրականացվել` քահանաների ուղեկցությամբ:

Այս հին ձեռագրերն էին, որ ինձ ուղղորդեցին դեպի բիբլիական լեռան քարանձավները: Գրի առա այն հայ հովիվների վկայությունները, ովքեր 1915 թվից սկսած մասնակցել էին նման ուխտագնացությունների: Նրանց վկայություններից շատերը համընկնում էին իրար, և ես փորձեցի գտնել լեռան վրա գտնվող համապատասխան այդ վայրերը, հատկապես`1916 թ-ին, ցար Նիկոլայ երկրորդի շուրջ 150 մարդկանց վկայությունները Արարատի վրա սև կանյոնի վերաբերյալ: Սրանք մարդիկ են, որ միմյանց չեն ճանաչել իրենց ողջ կյանքի ընթացքում, սակայն նրանց պատմած մանրամասնությունները ակնհայտ նույնանման էին: Օրինակ այն, որ տեղանքը միակողմանի ուղղաձիգ կիրճ էր, որի ծայրին` տապանն էր կամ տապանի մնացորդները ... :

Շատ հետաքրքիր էր լսել 1970 թ.ին մահից քիչ առաջ, հայ հովվի`Գևորգ Հակոբյանի վկայության ձայնագրությունը այն մասին, թե ինչպես է երեխա ժամանակ`1902 եւ 1904 թվականներին, երկու անգամ եղել Տապանի վրա: Ուխտագնացության ժամանակ` հորեղբոր հետ միասին, նրան հաջողվել է քայլել բիբլիական տապանի տանիքի վրա: Պարզեցի, որ այդ տեղանքը Ահոր եվ Պառոտ կոչվող կիրճերի միջև է, որն էլ ժամանակին հետազոտել եմ: Ցավալի պատահարը, որ տեղի ունեցավ լեռան 4000 մետր բարձրության վրա, կանգնեցրեց ինձ, սակայն հաջորդ տարի վերսկսելով իմ հետազոտությունները, վերջապես կարողացա գտնել հայերի գաղտնի կայքը: Այդ կախարդական վայրի հիշողությունը` 1915 թ.-ին, լեռան վրա քրիստոնյա հայերի բնաջնջումից հետո անհետացել էր:

Մինչ այս, նախկինում փայտե զանազան հին գերաններ էի գտել լեռան բարձունքներում: Հետաքրքրաշարժ է այն փաստը, որ բույսերից զուրկ այս լեռը, ավելի քան 4300 մետր բարձրության վրա կրում է միջագետքին բնորոշ բույսերի մնացորդներ, 2700 տարվա հնադարյան նետեր և հինավուրց կուռք` ավելի քան քան 4000 մետր բարձրության վրա: Պատմական հնագույն ձեռագրերը և այս դաշտում կատարած իմ հետազոտությունները խաչվելով իրար`վերջապես ցույց տվեցին իրենց անհավատալի արդյունքները: Կազմակերպվեցին մի շարք գիտաժողովներ, այդ թվում նաև` միջազգային: Արարատին նվիրված ցուցահանդեսները` սկսած Վենետիկ քաղաքից, այս ամենը, կարող էին լինել տարիների իմ կատարած աշխատանքի վարձատրությունները:

... Լեռան վրա իմ կողմից հայտնաբերված ալրաղացները միակը չէին, որ վկայում էին հայ հին ժողովուրդի մասին, այլ գտա նաև գյուղեր և փոքրիկ քաղաքներ Արարատի բոլոր լանջերին` ընդհուպ մինչև լեռան բարձունքները: Գյուղերից մեկում, լեռան 2700 մետր բարձրության վրա հայտնաբերեցի կարպետներից պատրաստված մանկան օրօրոց, որով ցեղասպանությունից առաջ հայ հովիվները ձիերի վրա երեխա են տեղափոխել: Լեռան այլ տեղանքներում գտա նաև զանազան զարդեր, ապարանջաններ և թալիսմաններ: Հնագույն քրիստոնեական եկեղեցիները, ոռոգման ջրատարները, ախոռները և բակերը խոսում էին լավ կազմակերպված և զարգացած քաղաքակրթության մասին: Հնագույն եկեղեցիների ոճը նույն էր` ինչ Հայաստանում իմ տեսած եկեղեցիներինը:

Քրիտոնեական այս կառույցները շատ են Անատոլիայում` մինչև Վանա լիճ: Նրանցից շատերը այսօր էլ լավ պահպանված վիճակում են: ...Քուրդ զինյալների ուղեկցությամբ այցելեցի այն քարանձավները, որ ծառայել էին որպես զանգվածային գերեզմանոցներ: Ահա իմ աչքի առջև էր այն, ինչը շուրջ մեկ դար արդեն թաքցնում են թուրքերը: Հազարավոր հայերի` կանանց և երեխաների ոսկորներ ...: Այդ քարե սպանդանոցում` հայերից շատերը սպանվել էին հիմնականում դաշույններով: Այս ամենը լուսանկարեցի և տեսանկարեցի, քարտեզագրեցի այդ տեղանքները, որը և հետագայում ներկայացրի տարբեր մակարդակի գիտաժողովների ընթացքում:

Բոլորն ապշում էին, երբ տեսնում էին մի քանի տարվա հավաքած իմ աշխատանքի պտուղները`լուսանկարները և փաստերը: Հայ ժողովուրդը կատարելապես անտեղյակ էր Արարատի վրա նման տեղանքների և այնտեղ կատարված ողբերգական մանրամասնությունների մասին: ...Մեծագույն ուրախություն էր ինձ համար ջերմորեն ընդունվելը հայ հասարակության մեջ, հայկական համալսարաններում, Վեհափառ հոր` Կաթողիկոսի մոտ: Ցեղասպանության հիշողությունը ամենևին էլ մարված չէ և արյունն էլ, որ թափվել է այդ բիբլիական Սուրբ լեռան վրա, այլևս չի կարող լռել, այլ այսօր արդեն հետմահու արդարություն է պահանջում :

... Արարատ լեռան վրա վերջին հետազոտությունների ժամանակ հայտնաբերեցի պատմական հին ձեռագրերի մեջ հիշատակվող Սուրբ Հակոբի հնագույն աղբյուրը: Պատմվում է, որ մինչ Նոյան Տապանի մնացորդներին հասնելը, հայ ուխտավորները խմում էին այդ աղբյուրից: Այս զարմանահրաշ աղբյուրի ջուրը հայտնի էր իր բուժիչ հատկություններով: Ըստ ավանդության, այն բուժում էր նաև մարդկանց ամլությունը: Աղբյուրը գտնվում է Ահոր կոչվող տեղանքում, ուր քիչ հեռու էլ ճգնավոր Հակոբ Մծբնեցի Հայրապետի գերեզմանն է: Ըստ ավանդության, դեպի Նոյան Տապան ուղևորվող ուխտավորները սովորություն ունեին քար դնել ս. Հակոբի գերեզմանի մոտ ու խնդրել նրան` դյուրացնել Տապան տանող դժվարանցանելի ճանապարհը: Գերեզմանից քիչ հեռու խաչքար է, որտեղից էլ սկսվում էր Տապան տանող ուղին:

... Լեռան վրա կանգնած, հայացքս մի պահ ցած եմ սահեցնում, ուր Արաքս գետն է` անհեթեթ սահման, որից այն կողմ իմ Հայաստանն է իր հնագույն վանքերով ու եկեղեցիներով, խաղողի այգիներով ու ընդարձակ արոտավայրերով, ուր իմ հայ եղբայրներն են, որ նայում են իրենց Մասիս Լեռանը` իբրև կորսված մի երկրի, իբրև սփյուռք դարձած հնագույն մի ժողովրդի խորհրդանիշի:

Արդեն հրատարկված կան մի շարք գրքեր, այդ թվում` «Արարատ, Խորհրդավոր Լեռը» խորագրով, իտալերեն և ֆրանսերեն լեզուներով: Նույն խորագրով թողարկվեց փաստավավերագրական տեսաժապավեն` իտալերեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով: Շուտով կլինեն նաև իսպաներեն և հայերեն: Ֆիլմի ռեժիսորն է Ռոբերտո Սորամաեն: Ֆիլմում հավաքված են ավելի քան քսան տարիների իմ հետազոտությունները Արարատ լեռան վերաբերյալ: Մանրամասն տեղեկությունների համար այցելել www.noahsark.it.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter