
Հայաստանում կստեղծվի նավթամթերքների մարքեթինգի և առաքման հայ-ռուսական ձեռնարկություն
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Ռոսնեֆտ» նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի գլխավորած պատվիարկությանը:
Վարչապետը ողջունել է «Ռոսնեֆտ» և «Օյլ տեխնո» ընկերությունների նախաձեռնությամբ Հայաստանում նավթամթերքների մարքեթինգի և առաքման բնագավառում համատեղ ձեռնարկություն ստեղծելու նախագիծը և նշել, որ մեր երկիրը շահագրգռված է դրանում:
«Ուրախ ենք նման լուրջ ներդրողի՝ հայկական շուկա մուտք գործելու կապակցությամբ, և կներդնենք բոլոր ջանքերը, որ ծրագիրը հաջողությամբ իրականացվի»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Իգոր Սեչինի խոսքով՝ Հայաստանում նավթամթերնքների՝ ավիավառելիքի, բենզինի, դիզվառելիքի մատակարարման լուրջ ներուժ է առկա, և իրենց համար մեծ պատիվ է այդ ուղղությամբ համագործակցության նման պլատֆորմ ստեղծելու հնարավորությունը:
Հանդիպման ավարտին Տիգրան Սարգսյանի ներկայությամբ «Օյլ տեխնո» և «Ռոսնեֆտ» ընկերությունների միջև ստորագրվել է նավթամթերքների մարքեթինգի և առաքման բնագավառում համատեղ ձեռնարկություն ստեղծելու նպատակով համագործակցության վերաբերյալ համաձայնագիր: Այն ստորագրել են «Օյլ տեխնո» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Ալավերդյանը և «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինը:
Մեկնաբանել