HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղուզե Ճարտար գյուղը նոր մանկապարտեզ ունի

Երեկ ԼՂՀ Մարտունու շրջանի Ղուզե Ճարտար գյուղում հանդիսավորությամբ բացվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության հովանավորությամբ կառուցված մանկապարտեզը:

Ծրագիրն իրականացվել է «Լուդենդո Գրուփ» ընկերության նախագահ Ժան-Միշել Գրինբերգի եւ  «Բերենիկ եւ Եվրելիա» ընկերության նախագահ Միշել Փազումյանի նվիրատվություններով` ի հիշատակ հիմնադրամի բարերար Էմանուել դե Լաբարրի, ով կյանքի վերջին տարիների ընթացքում ակտիվորեն ներգրավված է եղել Հիմնադրամի արցախյան ծրագրերում:

Բացման արարողությանը ներկա էին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, կառավարության անդամներ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությունը, այդ թվում եւ Ֆրանսիայից ժամանած բարերարներ:

Գյուղը մանկապարտեզի կարիք ուներ դեռեւս 1988 թվականից, երբ Ղուզե Ճարտարը, որպես վարչական միավոր, առանձնացավ հարեւան Ճարտար գյուղից: Մինչ նոր շենքի կառուցումը ընդամենը 40 երեխա էր հաճախում մանկապարտեզ, որը գործում էր դեռեւս 1930-ականներին կառուցված դպրոցի նախկին շենքում եւ զբաղեցնում երկու դասասենյակ: 

Երկհարկանի նորակառույց մանկապարտեզի թե արտաքին ձեւավորումը եւ թե ներքին հարդարանքն ու կահավորումը առանձնահատուկ գրավչություն ունեն:  Մանկապարտեզն ունի գեղեցիկ ու հարմարավետ խաղասենյակներ, ննջարաններ, հանդերձարաններ, կենցաղային տեխնիկայով հագեցած խոհանոց, լվացքատուն, բուժկետ, սանհանգույցներ: Մանկապարտեզն ապահովված է նաեւ կենտրոնական ջեռուցման եւ օդափոխության համակարգերով: Երեխաներն իրենց բացօթյա ժամանցը կարող են անցկացնել արդեն իսկ բարեկարգ խաղահրապարակում:

Շնորհակալություն հայտնելով բարերարներին` մանկապարտեզի տնօրեն Հասմիկ Հարությունյանը ասաց. «Տարիներով փայփայած մեր երազանքն արդեն իսկ իրականություն է, ու այսօր մեր փոքրիկները դառնում են այս հրաշալի դղյակի տերերը»: Նրա խոսքով` կրթօջախն իր հարկի տակ կարող է ընդունել մինչեւ 80 երեխայի: Ներկայումս քննարկվում է մանկապարտեզի կրթական ծրագիրը:

«Մեր մանուկների կրթության ու դաստիարակության համար բարվոք պայմանների ստեղծումը այն հիմնաքարն է, որի վրա կառուցվում է նրանց ապագան»,- ասում է ՙՀայաստան՚ հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը ողջունեց հյուրերին ու նշեց, որ Ղուզե Ճարտարը ամենամեծ համայնքն է ԼՂՀ-ում եւ բարեկարգման ծրագրերն այստեղ կշարունակվեն:

Ղուզե Ճարտարը ԼՂՀ Մարտունու շրջանի 40 գյուղերից մեկն է եւ գտնվում է ադրբեջանական սահմանից մոտ 20 կմ հեռավորության վրա: Այն այսօր ունի շուրջ 1800 բնակիչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter