HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Բացի Ղուկասյաններից` դատակոչված բոլոր վկաները դատարանի որոշումով բերման կենթարկվեն

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով ապրիլի 4-ին նշանակված դատական նիստը հետաձգվեց: Հիշեցնենք, որ սպանության համար ամբաստանվող Հարություն Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր. օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով՝ դիտավորյալ սպանություն եւ 188 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի ձեռնարկատիրություն: Մեղադրանքի ծավալից հանվել էր քր. օրենսգրքի 235 հոդվածով մեղադրանքը՝ ապօրինի զենք կրելու, պահելու վերաբերյալ:

Ապրիլի 4-ի դատական նիստին դատակոչված 7 վկաներից ոչ մեկը չէր ներկայացել: Այսօրվա նիստին մասնակցելու համար մարտի 27-ին ծանուցագիր էր ուղարկվել նաեւ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, նրա դստերը՝ Մանյա Ղուկասյանին եւ Գեւորգ Ղուկասյանին: Վերջիններս չէին ներկայացել դատարան: Չէին ներկայացել նաեւ ամբաստնյալի հայրը՝ Սամվել Սարգսյանը եւ քույրը՝ Մելանյա Սարգսյանը: Նրանց նկատմամբ դատարանը բերման որոշում էր կայացրել:

Փաստաբան Լուսինե Սահակայնը դատարանին տեղեկացրեց, որ ժամը 14-ի սահմաններում գործով վկա Սամվել Սարգսյանը եկել է դատարան, սակայն ստիպված է եղել 1-2 րոպեից հեռանալ, քանի որ վատառողջ է եղել եւ ունեցել է բարձր զարկերակային ճնշում՝ 210/190: Բացի դրանից, նշված երկու վկաները, բացառությամբ նախորդ երկու նիստերի, մշտապես գտնվել են դատարանի շենքում՝ պատրաստ մասնակցելու դատաքննությանը:

Դատարանին հասած տեղեկություններով, վկաներից Աշոտ Գինոսյանը զորակոչվել եւ ծառայում է ազգային բանակում, Ժոզեֆ Աղասյանն ու Գարեգին Բախտիկյանը ՌԴ-ում են, վկա Հակոբ Կարապետյանին ոստիկանները մարտի 27-ից մինչեւ ապրիլի 3-ը փնտրել ու չեն գտել, միայն պարզել են, որ Կարապետյանները 2012թ-ի մայիս ամսից բնակվում են այլ հասցեում: Ոստիկանը դատարանում հայտնեց, որ բերման ենթարկելու որոշումը ձեռքերին այցելել են նաեւ Սարգսյանների տուն՝ դուռը թակել են, բացող չի եղել:

Մեղադրող Մարուխյանը միջնորդեց հրապարակել Գինոսյանի, Աղասյանի, Բախտիկյանի եւ Կարապետյանի նախաքննական ցուցմունքները: Փաստաբան Լուսինե Սահակյանը առարկեց ՝ նշելով, որ դժվար չէ նույն զինծառայողին ներկայանալ դատարան, ինչպես նաեւ Գյումրիում պարզել Հակոբ Կարապետյանի նոր բնակության վայրը: ՌԴ-ում գտնվող վկաներից մեկն էլ տեղեկացրել է, որ հնարավոր է առաջիկայում վերադառնա Հայաստան ու մասնակցի դատաքննությանը:

«Դատավարական ընթացակարգով առաջնորդվելու պարագայում, մենք հնարավորինս պիտի աշխատենք ապահովել բոլոր վկաների ներկայությունը, լսենք նրանց, ի վերջո, իմ պաշտպանյալը նրանց հարցեր տալու իրավունք ունի, որից զրկված է եղել նախաքննության ընթացքում,-նկատեց Լուսինե Սահակյան,-դրանից հետո նոր պիտի հրապարակվեն այն վկայի նախաքննական ցուցմունքները, ում ներկայությունը հնարավոր չի լինի ապահովել դատարանում»:

Մեղադրող կողմն առաջարկեց գործով դատակոչված բոլոր վկաների նկատմամբ կայացնել բերման որոշում: Դատարանն ընդունեց միջնորդությունը՝ հայտնելով, որ բացառություն կարվի Ղուկասյանների նկատմամբ: Վերջիններս մեկ անգամ էլ կծանուցվեն եւ միայն երկրորդ անգամ չներկայանալու դեպքում նրանց նկատմամբ բերման ենթարկելու որոշում կկայացվի: Դատավոր Մարտին Սարոյանը հաջորդ դատական նիստը նշանակեց ապրիլի 5-ին՝ ժամը 12-ին:

Փաստաբան Հունան Բաբայանը միջնորդեց հաջորդ նիստը նշանակել ոչ թե հաջորդ օրը, այլ որոշել ողջամիտ ժամկետ, որը հնարավորություն կտա դատարանին ապահովել բոլոր վկաների ներկայությունը: «Եթե ոստիկաններին 10-օրյա գործողությունների արդյունքում ոչ մի կերպ չի հաջողվում Գյումրիի նման փոքր քաղաքում, որտեղ ամեն ինչ ու ամենքին է հայտնի, պարզել Հակոբ Կարապետյանի բնակության նոր վայրը, եթե 10 օր առաջ ծանուցված Ղուկասյաններն առ այսօր ոչ մի ձեւով չեն արձագանքել ու դատարանն էլ չգիտի, թե ինչու չեն ներկայացել, ապա ինչպես է հնարավոր մեկ օրում ապահովել բացակա բոլոր վկաների ներկայությունը»,-տարակուսանքը չթաքցրեց փաստաբանը:

Պաշտպանական կողմի միջնորդությանը միացավ նաեւ մեղադրող կողմը, սակայն այս անգամ դատավոր Մարտին Սարոյանը մնաց անդրդվելի՝ հայտարարելով, որ մեկ օրն էլ բավարար է անպարտաճանաչ վկաներին դատարան բերման ենթարկելու եւ անփոփոխ թողեց նշանակված նիստի օրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter