
«Հայկական ժամանակ». Բաղդասարովը՝ նախագահականում
Ըստ որոշ տեղեկությունների, երեկ հանդիպել են Սերժ Սարգսյանն ու «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը: Նույն աղբյուրները հայտնում են, որ Բադդասարովը փորձում է որոշ հստակեցումներ ստանալ իր հետագա անելիքների ու նաեւ հրապարակային ասելիքների շուրջ:
Բաղդասարովն առայժմ լռում է իր բիզնեսների շուրջ վերջին շրջանում ծավալվող աղմկոտ գործընթացների եւ «Արմավիայի» սկանդալային սնանկացման մասին: Մինչ հայտնի գործարարը կկողմնորոշվի, թե ինչ հրապարակային պարզաբանումներով է հանդես գալու տեղի ունեցողի վերաբերյալ, «Արմավիայի» լրատվական ծառայությունից երեկ, ըստ էության, չեն հերքել այն տեղեկությունները, որ Բադդասարովը վաճառում է իր հայաստանյան բոլոր բիզնեսները եւ հեռանում է Հայաստանից:
«ՀԺ» թղթակցի նույնաբովանդակ հարցին «Արմավիայի» լրատվականից պատասխանել են. «Բիզնեսում ամեն բան վաճառվում է եւ ամեն բան գնվում է»: Հարցին՝ արդյոք «Արմավիայի» սնանկացումը քաղաքական ենթատեքստ ունի՞, նույն ծառայությունից պատասխանել են, թե իրենք սնանկացման պատճառների մասին հայտնել են իրենց մամուլի հաղորդագրության մեջ:
«Արմավիայի» լրատվական ծառայությունը երեկ հերքել է նաեւ տեղեկություններն այն մասին, որ Բաղդասարովը Ռումինիայում նոր օդանավակայան է պատրաստվում կառուցել:
«Այդ մասին հարցրեք նրանց, ովքեր հորինում են այդ լուրերը»,- ասել են «ՀԺ» թղթակցին ու նաեւ հավելել, որ այս պահին «Արմավիայում» ուղեւորների հաշվառում է կատարվում եւ ապրիլ ամսվա ընթացքում կվերադարձվեն նրանց գնած տոմսերի գումարները: Մինչ այդ «Արմավիայի» եւ Բաղդասարովի շուրջ սկանդալները շարունակվում են։
Մեկնաբանել