HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրավապաշտպանները դուրս են գալիս Քաղաքաշինական խորհրդի բնապահպանության հանձնաժողովից. բաց նամակ քաղաքապետին

Երևանի քաղաքապետ
Տարոն Մարգարյանին

Հարգելի պարոն Մարգարյան, 

Սույնով տեղեկացնում ենք, որ մեր կազմակերպությունը 03.04.2013թ. որոշել է դուրս գալ Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանության հանձնաժողովի կազմից՝ անիմաստ համարելով լինել մի հանձնաժողովում, որը, մեր կարծիքով, ձևական բնույթ է կրում:

Խնդիրն այն է, որ Երևանի քաղաքապետի 27.07.2012թ. «Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանության հանձնաժողով ստեղծելու մասին» հ. 5488-Ա որոշման կայացումից հետո մինչ օրս Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհուրդն ու այդ խորհրդի բնապահպանության հանձնաժողովն իրենց նպատակին չեն ծառայել:

Սույն հանձնաժողովը գործելով մոտ 9 ամիս, մի քանի նիստ է հրավիրել, իսկ քննարկման սեղանին դրվել են ընդամենը զբոսայգիներում (ընդհանուր օգտագործման տարածքներում) առկա շինությունները վերակառուցելու կամ բարեկարգելու նախագծերը: Այնպիսի տպավորություն է, որ այդ հանձնաժողովը ստեղծվել է այդ տարածքներում քաղաքաշինական նորմերի խախտումներով արդեն իսկ առկա օբյեկտները վերակառուցելու և օրինականացնելու ցանկություն ունեցող կառուցապատողներին աջակցելու համար, չնայած, բարեբախտաբար, այդ նախագծերից մի քանիսին հանձնաժողովի անդամները դեմ են արտահայտվել: Իսկ հանրության կողմից բարձրացված հիմնախնդիրները (մոտ 40 ապօրինի ու քաղաքաշինական նորմերի խախտումներով կառուցված շենք-շինությունների ու հողահատկացումների վերաբերյալ գործերը) մնացել են անպատասխան:

Չնայած այդ հանձնաժողովի ստեղծմանը՝ մեր քաղաքը շարունակում է կանաչ գոտու ու բակային տարածքների հաշվին կառուցապատվել ու բետոնապատվել, իսկ այդ շինարարությունների թույլտվությունների ու հողահատկացումների հեղինակ հանդիսացող որևէ պաշտոնատար անձ և օրինազանց կառուցապատող մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել:

Օրինակները բազմաթիվ են, ավելորդ եմ համարում թվարկել, չնայած համոզված եմ, որ Դուք դրանց մասին քաջատեղյակ եք, ուղղակի չեք ցանկանում դուրս գալ որոշ անձանց շահերի դեմ: Չի բացառվում նաև, որ այս ամենը կատարվում է Ձեր անմիջական գիտությամբ ու թողտվությամբ, այլապես օրը ցերեկով, առանց շինարարության թույլտվության, Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի շենքին կից կանաչ գոտու հաշվին բետոնապատման աշխատանքներ չէին կատարվի, պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված «Ծածկած շուկային» վնաս չէր հասցվի,  Երևանի Մետրոյի «Երիտասարդական» կայարանի գետնանցումում, առանց համապատասխան շինարարական փաստաթղթերի առկայության, ապօրինի կերպով 60 մետր երկարությամբ կրպակաշար չէր տեղադրվի, ինչպես նաև Սարյան 22 հասցեում գտնվող կրպակը չէր շահագործվի, այն դեպքում, երբ այդ կրպակի պատճառով վտանգավոր պայմաններ են ստեղծվել երթևեկության համար (այս կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը բազմիցս տեղեկացվել է և՛ մեր կազմակերպության, և՛ ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից[1]), սակայն որևէ քայլ չեք ձեռնարկել այս ուղղությամբ, միայն Երևանի Մետրոյի Երիտասարդական» կայարանի կրպակաշարի մասով գտել եք, որ այն իրոք գեղեցիկ չէ:

Երևանի քաղաքապետարանն իր գործառույթներն իրականացնելիս, պետք է փոխի իր որդեգրած քաղաքականությունը, քանի դեռ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունից ստացվում է հետևյալ անհեթեթ բովանդակությամբ հիմնավորում, ըստ որի՝ « ... կատարվել է տեղազննության աշխատանքներ և հաշվի առնելով այն փաստը, որ հարևանությամբ կան նմանատիպ օտարված գույքեր, քաղաքաշինական առումով քննարկումից հետո տրվել է դրական մասնագիտական եզրակացություն... »[2] , ապա այս կամ այլ հանձնաժողովի կամ մասնագիտական կառույցների ստեղծումը լրիվ դառնում է անիմաստ և անօգուտ:

Փաստորեն, Դուք այսօր, ըստ էության, կրկնում եք նախորդ քաղաքապետերի կողմից թույլ տրված սխալները, շարունակում եք կանաչ գոտու և բակային տարածքների հաշվին նոր կառույցների վերաբերյալ կառուցապատողներին տրամադրել դրական մասնագիտական եզրակացություններ տրամադրել՝ հիմք ընդունելով նախկինում ՀՀ օրենսդրության ու քաղաքաշինական նորմերի բացահայտ խախտումներով տրված հողահատկացումներն ու շինարարության թույլտվությունները՝ չփորձելով նույնիսկ անդրադառնալ Ձեր նախորդների կողմից թույլ տրված սխալներին:

Այսպիսով, մեր կարծիքով, մեր հանրապետությունում նախարարություններին, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններին առընթեր ստեղծվող հանձնաժողովներն ու հասարակական խորհուրդները, հանրային ցանցերն ու խմբերը, որպես կանոն, իսկապես ձևական բնույթ են կրում, հետևաբար, մեր կազմակերպությունը նպատակահարմար է գտնում լքել այս հանձնաժողովը:

Հավաստիացնում ենք, որ մեր կազմակերպությունը մշտապես պատրաստ է իր նկատառումներն ու առաջարկությունները ներկայացնել ՀՀ պատկան մարմիններին՝ անկախ այս կամ այլ հանձնաժողովում ընդգրկված լինելուց: 

Լևոն Ներսիսյան
Ա.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության
հայկական կենտրոնի գործադիր տնօրեն

 


[1] ՀՀ ճանապարհային ոստիկանության 30.08.2012թ. հ. 17/3-9495 միջնորդությունն ուղղված Երևանի քաղաքապետարանին: Համաձայն որի՝ գործող նորմերով չկարգավորվող խաչմերուկներում պետք է ապահովված լինի երթևեկության մասնակիցների տեսադաշտը՝ 25 և 40 մետր «Եռանկյուն տեսանելիության» պայմանները, նման տարածքներում չի թույլատրվում շինությունների ու շարժական տաղավարների տեղադրումը, միջնորդել են  ապամոնտաժել վերը նշված կրպակը: 

[2] Երևանի քաղաքապետարանի ՃՔՎ 18.09.20012թ. հ. 01/04-44155Հ գրություն՝ ի պատասխան մեր կազմակերպության 26.07.2012թ. հ. 2032, 10.09.2012թ. Ե-2051 հարցումներին (Երևանի Գայի պողոտա 28 հասցեում գտնվող շենքի բակային տարածքի կառուցապատման հարցով):

Մեկնաբանություններ (1)

Galust
Հետքին....Խնդրում եմ ճշտեք որքանով է հավաստի այն լուրը որ Օպերայի տարածքում գտնվող Jazzve սրճարանի տարածքում 4 հարկանի կապիտալ շինություն է լինելու ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter