Խորհրդակցություն պաշտպանության նախարարությունում
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի խաչատուրովը նախօրեին ՊՆ վարչական համալիրում մասնակցել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի զեկույց-հաշվետվության ունկնդրմանը: Խորհրդակցությանը ներկա էին նաև պաշտպանության փոխնախարարները, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետերը:
Ստեփան Գալստյանը ներկայացրել է իր ենթակայությամբ գործող ավիացիոն, հակաօդային պաշտպանության և ՌԷՊ (ռադիոէլեկտրոնային պայքար) զորամասերում սպառազինության և միջոցների համալրման, արդիականացման և վերազինման, անձնակազմի մարտունակության բարձրացման և բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման, սպայակազմի պատրաստվածության և մասնագիտական ունակությունների կատարելագործման, ինչպես նաև իրականացված շինարարական աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը:
Զեկույցի ավարտին Սեյրան Օհանյանը տվել է մի շարք հանձնարարականներ` հետագա աշխատանքներն առավել արդյունավետորեն իրականացնելու համար: Նախարարը նշել է նաև, որ առաջիկա տարիներին կվերակառուցվեն և համապատասխան սարքավորումներով կհամալրվեն զինված ուժերի բոլոր զորամասերի շարահրապարակները և մարզահրապարակները: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել