Ազդեցության գործակից ունեցող միակ հայաստանյան հասարակագիտական պարբերականը
Իրան և Կովկաս․ ազդեցության գործակից ունեցող և ինդեքսավորվող միակ հայաստանյան հասարակագիտական միջազգային պարբերականը:
Շատ հաճախ պնդում են, թե Հայաստանը չունի միջազգային ինդեքսավորվող ԱԳ ունեցող հասարակագիտական պարբերական: Բազմաթիվ անգամներ հակադարձվել է, որ Հայաստանն ունի այդպիսի պարբերական և այդ պարբերականն է հասարակագիտական լավագույն Brill հրատարակչությունում տպագրվող «Իրան և Կովկասը» (Iran and the Caucasus): Ի պատասխան ասում են, թե այդ պարբերականը տպագրվում է Հոլանդիայում, հետևաբար այն հայկական չէ: Այդպես չէ: Կապ չունի տպագրության վայրն ու հրատարակչությունը․ «Իրան և Կովկասը» հայկական ու հայաստանյան պարբերական է, ինչը դժվար չէ ապացուցել մի քանի համեմատականներ անցկացնելով:
1.143 ազդեցության գործակից ունեցող American Law and Economics Review պարբերականը տպագրվում է Միացյալ Թագավորությունում գլխամասային գրասենյակ ունեցող Oxford Journals-ի կողմից, որը մաս է կազմում Oxford University Press-ի, որն էլ իր հերթին առանձին բաժին է Օքսֆորդի համալսարանում (նշել եմ գլխամասային գրասենյակ, որովհետև բուն տպագրության գործողությունը հնարավոր է կատարվի Չինաստանում կամ Հունաստանում): Այսինքն ֆիզիկապես այս պարբերականը տպագրվում է Անգլիայում, սակայն այն պատկանում է The American Law and Economics Association-ին և տպվում է այս ասոցիացիայի անունից, իսկ այս ասոցիացիան իր հերթին հիմնադրվել է ԱՄՆում ու տեղակայված է Յելի համալսարանի իրավաբանության դպրոցում: Այս ասոցիացիայի բոլոր հիմնադիրները ԱՄՆից են, այն գործում է ԱՄՆում, այս ասոցիացիայի տարեկան հավաքները տեղի են ունենում ԱՄՆում, սակայն, կարելի է ասել այս ասոցիացիայի պաշտոնական օրգան հանդիսացող գիտական պարբերականը հրատարակվում է Միացյալ Թագավորությունում տեղակայված Oxford Journals-ի կողմից: Սակայն այս հանգամանքը չի նշանակում, որ պարբերականն անգլիական է, վերը թվարկած պատճառներով այն ամերիկյան է, սակայն տպագրվում է անգլիական կազմակերպության կողմից: Հետևաբար տպագրող կազմակերպության տեղակայման երկիրն ու պարբերականի իրական հիմնադիր ու տպագրող համարվող կազմակերպության կամ անհատների երկիրը կարող են լինել տարբեր և դրանք հաճախ լինում են տարբեր:
Նույնաբար ԱՄՆ ում հիմնադրված Harvard Theological Review պարբերականը տպագրվում է Cambridge University Press-ի կողմից:
ԱՄՆ-ում հիմնադրված The History of Economics Society-ի պարբերականը՝ 0.42 ԱԳ ունեցող Journal of the History of Economic Thought-ը տպագրվում է Cambridge University Press-ի կողմից:
ԱՄՆ-ում գործող Willey աշխարհահռչակ հրատարակչությունում է տպագրվում Ավստրալիայի Սիդնեյի համալսարանում հիմնադրված Accounting Foundation-ի պաշտոնական ակադեմիական պարբերականը՝ ABACUS-ը, որի ազդեցության գործակիցը 0.86 է:
Այսպիսի օրինակներ բազմաթիվ են, երբ մի երկրի գիտնականներն իրենց ակադեմիական պարբերականը հրատարակում են այլ երկրում գտնվող հրատարակչության միջոցով:
Նույնիսկ ավելին․Thomson Reuters գործակալության Web of Science շտեմարանում բազմաթիվ պարբերականների պատկանելության երկիրը տարբեր է հրատարակիչ կազմակերպության երկրից:
Նույնը ճիշտ է նաև հայկական, Հայաստանում հիմնադրված Iran and the Caucasus պարբերականի դեպքում: Այս պարբերականը հրատարակվում է աշխարհում ամենահին հոլանդական արևելագիտական Brill հրատարակչության կողմից: Խմբագրական ամբողջ աշխատանքը կատարվում է Հայաստանի Հանրապետությունում՝ Երևանում կամ Կարպիում, երբեմն Գեղարքունիքում, Սյունիքում ու Արցախում: Հոլանդական հրատարակչության՝ պարբերականի պաշտոնական էջում գրված է. “Iran and the Caucasus is supported by the Caucasian Center for Iranian Studies in Yerevan, Armenia”, իսկ պարբերականի յուրաքանչյուր տպագիր հատորի ամենաառաջին էջում գրված է Research papers from the Caucasian Center for Iranian Studies, Yerevan, Armenia.
«Իրան և Կովկաս» միջազգային ակադեմիական գրախոսվող ԱԳ ունեցող ու ինդեքսավորվող պարբերականը 1997 թվականին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում հիմնադրված «Իրանագիտության կովկասյան կենտրոնի» պաշտոնական գիտական պարբերականն է:
ՀՀ մայրաքաղաք Երևանում «Իրանագիտության կովկասյան կենտրոնի» ներսում «Իրան և Կովկաս» հանդեսնին 1997թ․ հիմնադրել և մինչ օրս խմբագրում է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, Իրանագիտության կովկասյան կենտրոնի տնօրեն, պրոֆ. Գառնիկ Ասատրյանը, իսկ հանդեսի խմբագրական խորհուրդն ընդգրկում է համաշխարհային արևելագիտության առավել հայտնի ներկայացուցիչներին՝ ինչպես իրանագիտության, այնպես էլ կովկասագիտության, թյուրքագիտության, սեմագիտության և հնդկագիտության բնագավառներից:
Iran and the Caucasus – ը հայաստանյան միակ հասարակագիտական պարբերականն է, որ ունի ազդեցության գործակից (Impact Factor) և հաշվառված ու ինդեքսավորված է Arts and Humanities Citation Index, Index Islamicus, International Bibliography of the Social Sciences, Linguistic Bibliography, Web of Science և Scopus գիտական ցանցերում ու պահոցներում։
«Իրան և Կովկաս» պարբերականի մասին ավելի մանրամասն հոդված կա Iranica հանրագիտարանում, որտեղ նորից գրված է IRAN AND THE CAUCASUS the annual international academic journal of the Caucasian Centre for Iranian Studies, Yerevan (CCIS), founded in 1997.
Աշխարհում միլիոնավոր iPhone-ներ արտադրվում են Չինաստանում, սակայն դա չի նշանակում, որ iPhone-ը չինական արտադրանք է, իսկ Apple-ը չինական կազմակերպություն:
Խաչիկ Գևորգյան
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել