
Մոնոպոլիան` խոչընդոտ սփյուռքահայ ներդրողների համար
«Ինքս փորձել եմ փայտի շուկա մտնել, սակայն բոլորը ինձ զգուշացրին, որ պետք չէ մտնել այդ բիզնես, նույնն էլ` ցորենի բիզնեսի հետ կապված: Ասացին` դեռ ցորենը չհասած` արտերդ կայրեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գործարար, «Հովնանյան ինթերնեյշնըլ» ընկերության սեփականատեր Վահագն Հովնանյանը` մատնանշելով Հայաստանում օտարերկյա ներդրողներին վանող ամենամեծ հանգամանքը` մոնոպոլիան:
«Մոնոպոլիստը ինքն է ջերմաչափը, ինքը, ինչպես ուզում է, գները բարձրացնում է, ու մյուսներին հնարավորություն չի ստեղծվում մտնել ազատ մրցակցության մեջ»: Հովնանյանի խոսքերով` այսօր Հայաստանում գործում են բազմաթիվ սփյուռքահայ ներդրողներ, բայց ներդրողների մի մեծ բանակ էլ հիասթափվում եւ հետ է գնում: «Իմ ընկերներից մեկը ոսկերիչ էր, եկավ այստեղ բացեց մի խանութ, այնքան եկան ու ամեն մանրուքը պարբերաբար փոխել տվեցին, որ նա զզվեց եւ հեռացավ: Մարդու ախորժակն է փակվում»:
Հովնանյանի հետ չհամաձայնեց մյուս բանախոսը` ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը: «Մոնոպոլիզացիա, իհարկե, կա, սակայն հնարավոր չէ, օրինակ, ցորենի կամ նավթի ներկրողները կամ արտահանողները շատ լինեն, բայց այստեղ էլ պետությունը պետք է սահման դնի մոնոպոլիստի շահույթի վրա: Եւ բացի այդ` այստեղ գալիս են նաեւ այնպիսի ներդրողներ, ովքեր իրենց ամբողջ կյանքում բիզնեսով չեն զբաղվել, շատ բան չեն հասկանում բիզնեսի օրենքներից: Այնպես չէ, որ այստեղ բոլորը հրեշներ են ու սփյուռքահայերին թալանում են»:
«Հայաստանը աշխարհաքաղաքական դիրքով, իհարկե, գրավիչ լինել չի կարող: Բացի այդ էլ` գտնվում ենք շրջափակման մեջ: Շուկան փոքր է, ու առկա է քաղաքական չլուծված կոնֆլիկտ»-ասում է ԱԺ պատգամավորը:
Իսկ թե ինչով Հայաստանը կարող է գրավիչ լինել դրսի ներդրողների համար գործարար Հովնանյանը նշում է. «Հայաստանը նոր երկիր է, ու նոր բաների մեծ պահանջ կա` համեմատած մյուս երկրների հետ, այնպիսի բաներ կարելի է ներմուծել կամ իրագործել, որը դեռեւս չկա Հայաստանում»: Ինքը` Հովնանյանը բիզնեսը կապում է օրենքի հետ ու իր խոսքերով` ամեն ինչ անում է, որպեսզի ոչ մի քայլ դուրս չգա օրենքի սահմաններից: «Ամենից սխալ բանն է բիզնեսիդ հաջողությունը պայմանավորել այս կամ այն պաշտոնյայի առկայությամբ: Այսօր նա կա, վաղը չկա: Ես անգամ չգիտեմ մեր քաղաքական գործիչների անունները»,- ասում է գործարարը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել