HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հին հարցերի նոր պատասխանները

2008-ի նախագահական ընտրապայքարում նոր մարդ չի լինելու։ Դա ակնհայտ է։ Հին մարդիկ նոր գաղափարներ չեն ներմուծելու։ Սա եւս ակնհայտ է։ Եթե չլինի Հայաստանի պատմության համար կարեւոր շրջափուլի գիտակցությունը, 2008-ի փետրվարյան ընտրությունները ոչնչով չեն տարբերվելու 2007-ի մայիսյան ընտրություններից։

Իսկ ինչո՞վ է առաջիկա ընտրապայքարը շրջափուլային, կամ ինչո՞վ շրջափուլային չէին 2003-ն ու 1998-ը։ 2003-ը միջանկյալ էր եւ պարզ էր, որ Ռոբերտ Քոչարյանն ամեն գնով օգտվելու էր երկրորդ անգամ առաջադրվելու իր իրավունքից, թիմն էլ ամեն գնով ապահովելու էր նրա իշխանության շարունակությունը։ Ինչ վերաբերում է 1998-ին, այն եղել է շրջափուլային՝ Ղարաբաղի նախկին նախագահը ստանձնում էր Հայաստանի եւ Ղարաբաղի ապագայի պատասխանատվությունը՝ մերժելով հանրապետության առաջին նախագահի առաջարկները։ 

Անցել է տասը տարի։ Հիմա հաշվետվություն տալու ժամանակն է։ Պետք է պատասխանել մեկ հարցի. «Ի՞նչ դիրքում էր Հայաստանը 1998-ին, ի՞նչ դիրքում է այսօր»։ Սա հավասարապես վերաբերում է ե՛ւ ղարաբաղյան հարցի կարգավորմանը, ե՛ւ հարեւանների հետ հարաբերություններին, ե՛ւ երկրի միջազգային հեղինակությանը, ե՛ւ տնտեսական զարգացման հեռանկարին։ 

Վերարտադրության պատրաստվող իշխանությունն ամեն ինչ անելու է այս հարցերից խուսափելու համար, որովհետեւ դրանց պատասխանները չեն նպաստելու ընտրությունների «ազատ ու արդար» անցկացմանը։ 

Ո՞վ կարող է ստիպել վերարտադրության պատրաստվող իշխանությանը տալ այս հարցերի պատասխանն ու ի ցույց դնել անցած մեկ տասնամյակի քաղաքականության սնանկությունը։ 

Հայտնի գործիչներին մեկ առ մեկ թվարկելու փոխարեն ասեմ, որ հավաքական միջին ընդդիմադիրն անցած տասը տարում չի բարձրացրել նման հարցեր, եւ ընտրությունների նախաշեմին արծարծելով՝ կարող է շահարկման տպավորություն թողնել։ Բացի այդ, հավաքական միջին ընդդիմությունն ինքը չունի սեփական համոզմունքներ, որոնցով կարողանա պատասխանել։ Առանց համոզմունքի չի լինի. ղարաբաղյան հարցի կարգավորումը կամ հայ-թուրքական հարաբերությունները ոչ խնայդրամարկղի ավանդ են, ոչ էլ կենսաթոշակ, որ դրանցով ձեռնածություն անես։ 

Ո՞վ կուղղի այս հարցերն իշխանություններին՝ հաշվետվություն լսելու ակնկալիքով, եւ ո՞վ կշարադրի դրանց մասին սեփական մոտեցումները՝ դժվար կամ դեռ վաղ է ասել, բայց պարզ է մի բան, որ առանց այս արծարծման կկորցնենք իրավիճակի շտկման եւս մեկ հնարավորություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter