HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թող գան, հարստանան մեր սարերում»

-Ի՞նչ մեքենայով ես,- հարցնում է Սեւքարի գյուղապետ Վլադիմիր Մարգարյանը։
-«Նիվա»,- ասում եմ։
-Հա, սարը գնալու համար «Նիվան» լավ ա,- հուսադրում է։- Եղանակն էլ չոր ա, որ մի թեթեւ անձրեւ գա, «Նիվան» էլ չի բարձրանա։
-Բա անձրեւին որ պետք է լինում, ո՞նց եք գնում։
-Անձրեւին կամ չենք գնում, կամ էլ «66»-ով, «Ուրալ»-ով ենք բարձրանում։

Ենոքավան գյուղից դուրս ենք գալիս։ Ասֆալտը վերջանում է, սկսվում է սարի ճանապարհը։ Սեւքարի գյուղապետի տեղակալ Թաթուլ Թելոյանին, ով մեզ հետ գալիս է ընտանիքին տեսակցելու, հարցնում եմ. ««Նիվա» քշո՞ւմ ես»։ 
- Հա,- ասում է։
- Դու հաստատ ինձանից լավ կքշես։ 
- Հաստատ,- ասում է։

Տեղերով փոխվում ենք ու քիչ անց հասկանում եմ, որ Թաթուլի՝ մեզ հետ գալը բարեբախտություն էր։ Ավելի ուշ փոսերն ու խորխորատները տեսնելով՝ մտածում եմ, որ եթե ես մենակ լինեի, կեսից հետ կդառնայի։ Թաթուլը վիրտուոզի վարպետությամբ շրջանցում է ճանապարհի փոսերն ու ելուստները, օգտագործում մեքենայի բոլոր հնարավորությունները՝ ամբողջ ճանապարհին առավելագույն արագությունը հասցնելով հազիվ քսան կիլոմետր ժամի։ Սարը գյուղից բաժանող երեսուն կիլոմետրն անցնում ենք մոտ երկու ժամում։ Իրիկնադեմին հասնում ենք Սեւքարի սարվորների բնակավայրը։

- Ո՞նց ա կյանքը սարում,- հարցնում եմ առաջին պատահած մարդուն։ Կասկածամտորեն նայում է ու, կարծես ինքն իրեն, ասում. «Սարում կյանք չկա, սարն ապրուստի միջոց ա»։
- Որ կյանք չկա, ո՞նց եք ապրում։
- Չենք ապրում, մնում ենք, այսինքն՝ իրանք (ցույց է տալիս մարդկանց) մնում են, ես էս ձմեռ գնալու եմ։
Փորձում եմ անունն իմանալ։ Ասում է՝ գրի սարից հոգնած մարդ։
- Էդ ե՞րբ հասցրիր հոգնել,- դիտմամբ բարկացնում եմ։
- Ես ըստեղից բանակ եմ գնացել, բանակից հետ եկել ըստեղ,- ասում է սարից հոգնած մարդն ու, մեկ-երկու քայլ հեռանալով, հասկացնում, թե խոսք ու զրույցի տրամադրություն չունի։

Հոռետեսական այս սկիզբը վատ ճանապարհի նման է, ուզում ես կեսից հետ դառնալ, բայց հետդարձ չկա։ Դիմացի բլրի վրա երեւում է նախիրը։ Զորքի պես գալիս են ու դասակ-դասակ բաժանվում։ Ամեն անասուն իր գոմը գիտի։ Հավաքվում են գոմերի մոտ ու սպասում կթվելու։ 

Ամալյա Ավետիսյանը շուրջ քառասուն գլուխ անասուն է պահում։ Նա ամուսնու հետ մշտապես բնակվում է սարում։ Ամառները թոռները գալիս օգնում են, իսկ ձմռանը երկուսով են։ 

«Արդեն երեսունհինգ տարի եղավ,- ասում է Ամալյան՝ հայացքը չկտրելով կաթի շիթերից։- Ինչ անում ենք, մեր ուժով է, ոչ մի օգնող չկա»։ «Օգնող» ասելով՝ նա նկատի ունի պետության միջամտությունը։ «Մի զավոդ չկա, մի բան չկա, որ մեր կաթը հանձնենք։ Պանիր ենք անում, տանում քաղաք, քաղաքացիների դռներին ծախում»։

Ամալյան ասում է, թե մի քանի անգամ ինչ-որ մարդիկ են եկել, փորձել են մթերել կաթը, բայց երեւի տեսնելով վատ ճանապարհը, գնալ-գալու դժվարությունները՝ հրաժարվել են այդ մտքից։ «Համ էլ շատ էժան են ասում։ Եթե նորմալ գին տան, հարց չկա, կտամ»,- ասում է Ամալյան ու բացատրում, որ կաթը տալով՝ միանգամից ամեն ինչն են տալիս. «Իսկ ըսենց շիճուկը մնում ա, խոզ ենք պահում, էլի օգուտ ա, յուղից ենք օգտվում, մեր պանիրն էլ դժվար, բայց ծախում ենք»։

- Սարում ջահելություն չկա,- նկատում եմ։
- Ինչի գյուղում կա՞,- պատասխանում է հարցով։- Ջահելն ապրել ա ուզում, գա էս սարումն ի՞նչ անի։
- Հիմա դուք գոհ չե՞ք սարի կյանքից։
- Գոհ եմ, ինչի գոհ չեմ, իմ տուն ու տեղն էս սարով եմ պահում, հասցնում եմ էնքան, ինչքան պետք ա, բայց մի ավել բան հետ չեմ կարում գցեմ։

Սարում մութն արագ է ընկնում։ Արեւի վերջին շողերով լուսավորված բլուրներն աչքիդ առաջ դառնում են ուրվագծեր, հետո ուրվագծերն էլ են ջնջվում ու տեսադաշտում մնում են սարվորների կացարանների աղոտ լուսավորված պատուհանները։ Առաջին սարամասում էլեկտրականություն կա, մյուս տեղերում նավթավառ լամպեր են վառվում։ Հեռուստացույց դիտելու հնարավորությունից էլ են զրկված։

Թաթուլի ընտանիքը երկրորդ սարամասում է։ Մեզ դիմավորում է Միշա Թելոյանը՝ Թաթուլի հայրը։ Սովետի օրոք տասնչորս տարի եղել է Սեւքարի գյուղապետը։ Գրեթե նույնքան ժամանակ սարում է։ «Էս էլ որ չանենք, ո՞նց ենք ապրելու»,- ասում է նա։ 

Սեղան ենք նստում, լրագրող-սարվոր հարցուփորձը դառնում է ավելի մտերմիկ։ Միշան ցուցադրում է թամադայի իր վարպետությունը եւ կենացների միջակայքում խոսում գյուղի ու սարի խնդիրներից։ «Էն որ ասում են, թե մենք աղքատ երկիր ենք, մի հավատա։ Մենք աղքատ չենք, է՜, ախմախ ենք»,- ասում է Միշա Թելոյանը։

Զրույցից պարզվում է, որ հիասքանչ այդ վայրերում Սեւքար գուղը հազար հեկտար խոտհարք ունի, որի յոթանասուն հեկտարն է միայն օգտագործվում։ «Յոթ տոկոսը հազիվ ենք բանացնում»,- ասում է Միշան։
- Բա մնացա՞ծը։
- Մնացածն էդպես մնում ա… անտեր-անտիրական։

Առավոտյան նա ցույց է տալիս իր տան մոտ դիզված խոտը. «Չորս-հինգ օրում եմ էսքանը հավաքել։ Սա մի ձմեռ հերիք ա։ Բայց հազար էսքանը մնում, փչանում ա։ Սա շատ վատ բան ա, վաղը մյուս օրը կարող ա զրկվենք մեր տարածքներից, ամայանա»։ 

Փորձում եմ պարզել, թե գյուղացիներն ինչու չեն օգտվում այս բարիքից, բացատրությունն անծանոթ չէ. «Իրացնելու տեղ չունենք։ Իրացնելու տեղ ըլներ, կաթը կարտադրեինք ու կտայինք, բայց հիմա վերածում ենք ապրանքի (պանիր, թթվասեր եւ այլն), որ կարողանանք քաղաք հասցնել»։

Սովետական տարիներին սարում վերամշակող արտադրություն է եղել, հիմա չկա։ Միշան հասկանում է, որ պետականը վերացել է, եւ հույսը կապում է գործարարների հետ. «Թող գան, հարստանան մեր սարերում, համ մենք ուրախ կըլնենք, համ՝ իրանք, համ էլ չենք ասի, թե մենք աղքատ երկիր ենք»։

Տես նաև ֆոտոպատմությունը` Սարերում ապրող մարդիկ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter