HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եթե փող չունես, կարող ես հայտնվել հոգեբուժարանում

Երբ Ավանում գտնվող Երեւանի քաղաքային նյարդահոգեբուժական դիսպանսերի մուտքի մոտ առաջին հանդիպած սպիտակխալաթավորից փորձեցի ճշտել, թե որ հարկում է նյարդաբանական բաժանմունքը, վերջինս ատամների արանքից զայրացած նետեց. «Սա հոգեբուժարան է, այստեղ այդպիսի բաժին չկա»:

Տիկին Սոնիկն ամաչել էր ասել, որ դստերը՝ Արմինեին, (անունները փոխված են-խմբ.) Շտապ օգնության ծառայության մեքենան տեղափոխել է նյարդահոգեբուժական դիսպանսեր:

Դիսպանսերի կանանց բաժանմունքում ինձ անարգել թույլ տվեցին հանդիպել Արմինեին, որի հետ զրուցեցի կիսամութ անկյունում տեղադրված փոքրիկ սեղանի շուրջ:

36-ամյա Արմինեն բարձրահասակ, գեր կին է, որի մոտ հոգեբանական առաջին խնդիրներն առաջ են եկել մոտ 15 տարի առաջ՝ ապահարզանից անմիջապես հետո: Տարիների ընթացքում դրան գումարվել են նաեւ մի շարք այլ՝ աշխատանքային, սոցիալական խնդիրներ, եւ Արմինեն դիմել է մասնագետների օգնությանը: 

Ընդամենը մի քանի ամիս առաջ Արմինեին ասել են, որ նախկին՝ հոգեմետ դեղորայքով բուժումը սխալ է եղել, որի հետեւանքով էլ նրա առողջական խնդիրները վերանալու փոխարեն ավելի են խորացել:

«Եթե այս հիվանդանոցում ես, ուրեմն գիժ ես: Բժիշկները բոլորին նույն արշինով են նայում»,- ծիծաղելով ասում էր Արմինեն: Հենց այդ պահին մեզ էր մոտեցել ակնհայտ հոգեկան խանգարումներ ունեցող հիվանդներից մեկը եւ բջջային հեռախոս էր ուզում իր հարազատներին զանգելու համար, որ գան իրեն հիվանդանոցից տուն տանեն:

Արմինեն ասում էր, որ ինքն է խնդրել Շտապ օգնության ծառայության աշխատակիցներին իրեն տեղափոխել Ավանի դիսպանսեր: Ըստ նրա՝ 1-03 ծառայության հոգեբուժական բրիգադի աշխատակիցները չէին ուզում դա անել՝ ասելով, որ իրեն սոսկ անհրաժեշտ է մի քանի ասեղ հանգստացնող դեղ ներարկել, գիշերը հանգիստ քնել եւ առավոտյան դիմել «Նեւրոզների» հիվանդանոց:

Արմինեն չի համաձայնվել՝ խնդրելով իրեն տանել Ավանի նյարդահոգեբուժական դիսպանսեր: «Դե, գումար չունեի: Ավանում բուժումն անվճար է: Իսկ Նեւրոզների հիվանդանոցում մեկօրյա բուժումը 4000 դրամ է»,- ասաց նա:

Իսկ Շտապ օգնության ծառայությունը հոգեբուժական բրիգադ էր ուղարկել, քանի որ նյարդաբանական բրիգադ այս համակարգում գոյություն չունի:

«Դուք ունե՞ք նյարդաբանական բրիգադ»,- հարցրի՝ զանգահարելով՝ 1-03 ծառայություն: «Նկատի ունեք հոգեկան հիվանդների համա՞ր»,- ճշտեց հերթապահը: «Չէ, նեւրոզով հիվանդների համար»,- բացատրեցի ես: «Ոչ, չունենք»,-հետեւեց պատասխանը:

Հայաստանում հոգեբուժական օգնությունն անվճար է, իսկ նյարդահոգեբանական հիվանդությունների դեպքում անվճար բուժօգնություն նախատեսվում է միայն որոշակի սոցիալական խմբերում ընդգրկված հիվանդներին՝ անչափահասներ, հաշմանդամներ, նպաստառուներ, բռնագաղթվածի, զինծառայողի ընտանիքի անդամներ: 

Հայաստանի առողջապահության նախարարության համակարգում հոգեբանական պետական ծառայություն չի գործում: Ընդհանրապես, հոգեբանական ծառայությունները չեն կարգավորվում օրենքով: Հայաստանում ընդունվել է «Հոգեբուժական օգնության մասին» օրենք, իսկ «Հոգեբանական ծառայության մասին» օրենք գոյություն չունի: Հայաստանում կա գլխավոր հոգեբույժի, գլխավոր հոգեթերապեւտի, բայց ոչ գլխավոր հոգեբանի հաստիք: 

Հայաստանում հոգեբանական ծառայություն մատուցելու համար լիցենզիա չի պահանջվում: Միայն «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում նշվում է, որ բժշկական (կլինիկական) հոգեբան կարող են աշխատել այն անձինք, ովքեր ստացել են բարձրագույն հոգեբանական եւ հոգեկան առողջության ոլորտում հետդիպլոմային կրթություն:

«Ցանկացած մարդ կարող է հայտարարել, որ հոգեբան է կամ բուժում է ինչ-որ մեթոդով, եւ նրանից փաստաթուղթ չեն պահանջի»,- իր մտահոգությունը փոխանցեց Երեւանի բժշկական պետական համալսարանի դասախոս, Երեւանի հոգեբանական ծառայության հոգեբան Խաչիկ Գասպարյանը:

Երեւանում գործող բազմաթիվ բուհեր, ներառյալ Երեւանի պետական համալսարանը, պատրաստում են հոգեբաններ: Սակայն այդ բուհերը չունեն իրենց կից համապատասխան կլինիկաներ, որտեղ ուսանողները կարող են կրթություն ստանալ հոգեկան առողջության ոլորտում:

1988 թ. Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո Երեւանում բացված «Սթրես-կենտրոնը» գործում է ոչ թե Առողջապահության, այլ Աշխատանքի եւ սոցիալական նախարարության ենթակայության ներքո: Սա շահույթ հետապնդող փակ բաժնետիրական ընկերություն է: Այստեղ բուժումը վճարովի է, մեկ օրը՝ 7000 դրամ: Անվճար բուժվում են միայն հատուկ արտոնություններ ունեցող քաղաքացիները:

Բուժման տեւողությունը 20-25 օր է, սակայն հաճախ այս ժամկետները խիստ կրճատվում են՝ համապատասխան հիվանդի դրամապանակի պարունակության:

«Կենտրոնն իր հաշվին չի կարող բուժել հիվանդին, եւ այստեղ հակասություն է առաջանում բժշկի խղճի եւ հասարակության հնարավորությունների միջեւ: Ասենք՝ ես գտնում եմ, որ նա պետք է բուժվի 7-8 օր, բայց բուժում եմ այնքան օր, ինչքան ինքը կարող է վճարել: Օրինակ՝ երեք»,- ասաց «Սթրես-կենտրոն» ՓԲԸ տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Սուքիասյանը:

Կենտրոն հիմնականում դիմում են թեթեւ հոգեկան խանգարում ունեցող եւ սահմանային վիճակներում՝ սթրես, դեպրեսիա, նեւրոզ, հայտնված քաղաքացիները:

«Սահմանային վիճակն այն է, երբ կա հոգեկան առողջության խնդիր, բայց խնդիրը դեռեւս հիվանդության մակարդակի չէ: Այսինքն՝ դեռեւս չկա ձեւավորված հոգեկան խանգարում»,- նշեց պրոֆեսորը:

36-ամյա Արմինեն հենց սահմանային վիճակում է. նա տառապում է կպչուն, սեւեռուն մտքերի նեւրոզով: Ըստ հոգեբան Խաչիկ Գասպարյանի՝ կպչուն, սեւեռուն մտքերի նեւրոզը եւ հետտրավմատիկ սթրեսային խանգարումները Հայաստանում ամենահաճախ հանդիպող հոգեկան առողջության խնդիրներն են: Հետաքրքիր է, որ կպչուն, սեւեռուն մտքերի նեւրոզը (Obsessive compulsive disorder) տարածված է նաեւ Իսրայելում: Ներկայումս հայ եւ հրեա մասնագետները համատեղ գիտական հետազոտություն են իրականացնում՝ ճշտելու պատճառները:

«Կպչուն, սեւեռուն մտքերը կարող են նաեւ ուղեկցվել կպչուն, սեւեռուն գործողություններով,- բացատրում է Խաչիկ Գասպարյանը:- Մարդիկ կան, որ չափից ավելի լվացվում են, մարդիկ, ովքեր մտքում անընդհատ հաշվում են, մարդիկ, ովքեր ավելորդ իրեր են հավաքում, մարդիկ, ովքեր փայտ կամ երկաթ տեսնելիս անպայման պիտի դպչեն եւ այլն: Ընդ որում` այս ամենն անում են առանց գիտակցելու, չհասկանալով պատճառը»:

Այս ախտորոշմամբ հիվանդների մի խումբ էլ կա, որը, ըստ հոգեբանի, «վախենում է ուրիշներին բան ասել, որ չվնասի, չվիրավորի»:

Հոգեբան Խաչիկ Գասպարյանը չի կիսում այն տեսակետը, թե վերջին տարիներին սոցիալ-տնտեսական ճգնաժամի, Ղարաբաղյան պատերազմի հետեւանքով Հայաստանում նկատվում է հոգեկան հիվանդացության աճ: Ըստ նրա՝ Հայաստանում աճի տեմպերը մեծապես չեն տարբերվում այլ երկրների նմանատիպ ցուցանիշներից:

2005 թ. առաջին անգամ հայտնաբերված հիվանդների թիվը Հայաստանում 100.000 բնակչի հաշվով կազմել է 51,4 տոկոս (բացարձակ թիվը՝ 1653): 1988 թ. գրանցվել է 1029,3 հիվանդ՝ 100.000 բնակչին: Ըստ վիճակագրության՝ դիսպանսերային հաշվառման վերցված հիվանդների թիվը տարեցտարի նվազում է. 1988 թ. երկրում հաշվառված էր 35.616 հիվանդ, 1989 թ.՝ 27.950, 2002 թ.՝ 34.672, 2005 թ.՝ 33.809:

Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, առավել նկատվում է նյարդահոգեբանական խանգարումներով հիվանդների թվի աճ:

Դեռեւս 1990 թ. Համաշխարհային բանկի եւ Հարվարդի համալսարանի հետազոտության տվյալների համաձայն՝ հիվանդությունների համընդհանուր բեռի կառուցվածքում դեպրեսիան 2020 թ. զբաղեցնելու է երկրորդ տեղը՝ զիջելով միայն սրտի իշեմիկ հիվանդությանը: Ըստ այդ հետազոտության՝ հոգեկան առողջության բոլոր խնդիրներն ունեն աճի միտում:

Եթե 90-ականներին «Սթրես-կենտրոնում» տարեկան ստացիոնար բուժում էր ստանում նեւրոզով տառապող եւ թեթեւ հոգեկան խանգարում ունեցող 250 հիվանդ, ներկայումս այդ թիվը կրկնապատկվել է: Բացի այդ, 250 հոգի էլ ամբուլատոր բուժում է ստանում. այս ծառայությունը նախկինում չկար: 

«Կար տեսակետ, որ նեւրոզով ավելի շատ հիվանդանում են մտավոր գործունեությամբ զբաղվողները: Համաձայն դրա` քաղաքի մարդիկ ավելի շատ են դիմում, քան գյուղացիները, քանի որ նրանց աշխատանքն ավելի շատ կապված է ֆիզիկականի հետ: Այսօր տարբերությունը կա, բայց շատ քիչ: Այսօր ավելի շատ դիմում են մարդիկ, ովքեր աշխատանք չունեն»,- ասում է Հայաստանի գլխավոր հոգեթերապեւտ Ցոլակ Հակոբյանը, որը ղեկավարում է ՀՀ առողջապահության նախարարության «Նեւրոզների եւ այլ սահմանային վիճակների հանրապետական կլինիկական հիվանդանոցը»: Այն ընդգրկված է մի քանի հոգեբուժական հաստատություններ ներառող «Բուրգ» կենտրոնի մեջ:

Հիվանդանոցը եւս վճարովի է՝ մեկ օրը՝ 4000 դրամ սոցիալական արտոնություններ չունեցողների համար: Այն գտնվում է Երեւանից ոչ շատ հեռու, Կոտայքի մարզի Քասախ գյուղում: Մուտքից արդեն զգացվում է, որ շենքը հիմնովին նորոգման կարիք ունի: Հատակը քանդվում է: Միջանցքում ընդամենը մեկ նստարան կա:

Գլխավոր հոգեթերապեւտի հետ հանդիպեցի շաբաթ օր, սակայն ամբուլատոր բուժում ստացող հիվանդներն այնքան շատ էին, որ հանդիպումը նախատեսվածից երկու ժամ ուշացումով կայացավ: Հիվանդները հիմնականում երիտասարդներն էին, որոնք հանրապետության տարբեր մարզերից էին, անգամ Արցախից: 

Բուժքույր Ռուզանը ցավով նկատեց, որ եթե տասնհինգ տարի առաջ դիմում էին հիմնականում 40-ն անց մարդիկ, ապա այսօր կտրուկ ավելացել է երիտասարդ հիվանդների թիվը:
Ցոլակ Հակոբյանը կարծում է,որ եթե համընդհանուր հետազոտություն անցկացվի, ապա տասից չորսի մոտ կհայտնաբերվեն նեւրոզի նշաններ, որոնք առաջացել են տարբեր պատճառներով:

«Նեւրոզներն առաջանում են սթրեսային վիճակներից հետո: Սթրեսը կատաղած կենդանու վիճակն է, որն անկյուն է ընկել, եւ նրա կյանքին վտանգ է սպառնում. ինքը կամ պետք է կռվի, կամ փախչի,- ասաց գլխավոր հոգեթերապեւտը:- Նույն վիճակում հայտնվում են մարդիկ, բայց վտանգը շատ հաճախ սոցիալական բնույթ է կրում»:

Ժամանակին չախտորոշված եւ չբուժված սահմանային հիվանդությունները լուրջ հոգեբանական խանգարումների պատճառ կարող են դառնալ:

«Հոգեկան առողջության հիմնադրամ» հ/կ-ն իր վերջին զեկույցում արձանագրել է, որ պոլիկլինիկաների մեծ մասում չկան հոգեբուժական կաբինետներ, հիվանդներին սպասարկում են հիմնականում նյարդաբանները եւ ընդհանուր պրոֆիլի բժիշկները: 

Առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը դա թերություն չի համարում. «Կարիք չկա, դա մասնագիտական օգնություն է: Թերապեւտը կամ ընդհանուր պրակտիկայի բժիշկը եւս կարող է տեսնել համապատասխան շեղումները եւ ուղեգրել նրան հոգեբույժի մոտ: Այդ հոգեկան առողջության սահմանափակումների նշանները կամ շեղումները կարող են նկատել շատերը, նույնիսկ սովորական մարդիկ»:

Ըստ «Սթրես-կենտրոնի» տնօրենի՝ իրենց նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընդհանուր տիպի հիվանդանոցներ դիմող հիվանդների 61 տոկոսն ունի հոգեկան անառողջության խնդիրներ, սակայն բուժվում է էնդոկրինոլոգների, նյարդաբանների կամ մասնագիտացած այլ բժիշկների մոտ:

Երբ հոգեկան ուժեղ սթրեսից հետո Արաբկիր համայնքի բնակչուհի, 27-ամյա Աննան դիմել էր տեղամասային պոլիկլինիկայի նյարդաբանին, վերջինս նրան առաջարկել էր իրենից գնել ֆրանսիական արտադրության թանկարժեք մի դեղ:

«Նա, առանց խորանալու իմ խնդրի մեջ, ասաց, թե դա այնքան լավ դեղ է, որ անգամ շիզոֆրենիայով տառապող հիվանդի է ինքն առաջարկել»,- պատմեց Աննան, որը հրաժարվել էր գնել այդ դեղը:

Հոգեկան անառողջության խնդիրների վերացումից հետո շատ-շատերը վերստին կանգնած են դրանք ձեռք բերելու վտանգի առջեւ:

«Եթե մարդ գնում է գործատուի մոտ, եւ հանկարծ գործատուն իմանում է, որ նա հոգեկան խնդիր է ունեցել, մի քիչ ուրիշ ձեւով է նայում եւ աշխատում է չվերցնել,- ասաց «Հոգեկան առողջության հիմնադրամի» տնօրեն Կարեն Նահապետյանը,- ամբողջ աշխարհում կան տարբեր մոտեցումներ: Եվրոպական երկրներում արտոնություններ են տրվում գործատուին հարկային դաշտում, երբ նա աշխատանքի է վերցնում, օրինակ, հաշմանդամի»:

43-ամյա Նարինեն հարկադրված ազատվել է աշխատանքից, որպեսզի բուժվի: Ինչպես ինքն է ասում՝ իրեն հիմնարկում այլ աչքով կնայեին, եթե անաշխատության տեղեկանք տաներ, օրինակ, նյարդահոգեբուժական դիսպանսերից: Բուժումից հետո իր եկամտի միակ աղբյուրը՝ աշխատանքը կորցնելու պատճառով սթրեսային վիճակում է:

Արդեն 7 տարի է՝ «Հոգեկան առողջության հիմնադրամը» Երեւանում բացել է «Ցերեկային կենտրոն»: Այն, ըստ հիմնադրամի համայնքային ծառայության ղեկավար Լիլիթ Բաղդասարյանի, փորձում է նպաստել հոգեկան առողջության երկարատեւ խնդիրներ ունեցող անձանց հոգեբանական եւ սոցիալական վերականգնմանը: Կենտրոնն օրական կարողանում է ընդունել 13 մարդ, թեեւ ցանկացողների թիվը խիստ մեծ է:

«Եթե պետությունը կենտրոնին գոնե տարածքով ապահովեր, մնացած խնդիրները մենք գրանտների միջոցով կլուծեինք»,- ասաց «Հոգեկան առողջության հիմնադրամի» տնօրեն Կարեն Նահապետյանը:

«Եթե այսօր մարզերում չստեղծվեն հոգեբանական ծառայություններ, ապա 10-15 տարի հետո ստիպված կլինենք հոգեբուժական ծառայությունները ուժեղացնել, ինչն ավելի թանկ է»,- կարծում է հոգեբան Խաչիկ Գասպարյանը:

Կարինե Ասատրյան 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter