HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաօծվեց Ջավախքի Մերենիա գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Ապրիլի 7-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Ջավախքի ընդհանուր փոխանորդ Բաբգէն աբեղա Սալբիյանի և տարածաշրջանում իրենց ծառայությունը մատուցող տեր Թադեոս, տեր Տաթև և տեր Տիգրան քահանաների մասնակցությամբ վերաօծվեց Ջավախքի Մերենիա գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որին ապրիլի 6-ի երեկոյան նախորդեց դռնբացեքի արարողությունը:

Հայ եկեղեցու օծման կարգը բաղկացած է երկու սրբազան հատվածներից: Առաջինը կատարվում է նախորդ երեկոյան և կոչվում է նավակատիկ` դռնբացեքի արարողություն: Օծվում են 16 սյուները (12 առաքյալները, 2 ավետարանիչները, Պողոս Առաքյալն ու սուրբ Գրիգոր Լուսավորիչը), մկրտության ավազանը, որտեղ կատարվում է մկրտություն և որտեղ մարդը դառնում է վերստին ծնված քրիստոնյա, օծվում են պատկերները, որոնք վերածվում են սրբապատկերի: Եկեղեցին օծվում է սուրբ մյուռոնով:

«Դռմբացեքի կարգը խորհուրդն է արքայության դռների բացման: Այսօր այս տաճարը, օծվելուց հետո դառնում է Աստծո տուն, դառնում է աղոթատուն: Դռնբացեքի արարողությամբ և վերաօծման կարգով Աստծո օրհնությունն է իջնելու այս տաճարին»,- դիմեց եկեղեցու դիմաց հավաքված հավատացյալներին Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Մերենիան գտնվում է Ախալքալաքից 15 կմ հյուսիս-արևելք, ծովի մակարդակից 1690-1720 մ բարձրության վրա և սփռված է անտառալանջ լեռների մեջ: Հայ բնակչությունն այստեղ է տեղափոխվել և վերաբնակվել 18-րդ դարից սկսած Կարինի Սալնաձոր, Օզնի, Մառզա, Բայբուրդ և այլ գյուղերից: Գյուղի ծխական դպրոցը գործել է եկեղեցուն կից: Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1830-ական թվականներին, այն քարե կառույց է փայտյա տանիքով, բայց 1899-ի դեկտեմբերի 19-ի երկրաշարժի ժամանակ այն փլվում է: Բայց մի քանի տարվա ընթացքում այն նորից վերակառուցվում է: Գյուղի մեջտեղում կա նաև 17-18-րդ դարերի խաչքար: Գյուղից 2 կմ դեպի հարավ-արևմուտք գյուղի տեսարաններից Խիդիսջվարին է (որը վրացերենից թարգմանաբար նշանակում է կամուրջ): Գյուղի գեղեցիկ տեսարաններից է  «Կոտրած Ժամը»-ը: Այն հիշատակվում է 13-14-րդ դարերում:

Սբ. Աստվածածին եկեղեցին վերանորոգվել և տարածքը բարեկարգվել է՝ Մասիս Ամիրխանյանի, Արարատ Ղուշչյանի, Արարատ Ավագյանի, Ահարոն Ավագյանի, Համլետ Հարությունյանի և Զավեն Պոչիկյանի բարերարությամբ: Եկեղեցու բարերարները դեռեւս պատանեկության տարիներին երազել են վերանորոգված և գործող տեսնել իրենց պապերի եկեղեցին:

Սրբազանը բարձր գնահատեց բարերարներին, փոխանցելով օրհնության գրեր և Աստվածաշունչ մատյաններ: 

Մերենիա գյուղը բազմամարդ էր: Սուրբ արարողությանը ներկա էին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, ՀՀ Սփյուռքի նախարարության կովկասի բաժնի պետ Տարոն Շագոյանը, տեղական իշխանության մարմինները և Հայաստանի ու Վրաստանի տարբեր անկյուններից ժամանած հյուրեր և ուխտավորներ:

Թեմի առաջնորդին մերենցիները դիմավորեցին գյուղասկզբին աղ ու հացով:
Տոնի կապակցությամբ  եկեղեցու դիմաց անցկացվեց համերգային միջոցառում, որին իրենց մասնակցությունն էին բերել  Մավր Մկրտչյանն ու ընկերները:
Սբ.Աստվածածին եկեղեցու օծման ավարտին կատարվեց ավանդական մատաղի օրհնություն:

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter