«Սուրբ Կարմրավորի» տոնը` Աղավնատուն գյուղում
Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի «Բաղբաղներ» կոչվող այգիների շրջանում է գտնվում «Կարմրավոր» սրբավայրը: Այն կառուցված է հասարակ քարերից: Սրբավայրի շրջակայքում կան տարբեր ձեւի ու մեծության բազմաթիվ տապանաքարեր, որոնք հարյուրամյակների պատմություն ունեն: Նրանցից մեկի վրա կա արձանագրություն, սակայն ընթեռնելի չէ:
Ամեն տարի, Սուրբ Զատկի հաջորդող կիրակի օրը գյուղացիները նշում են Սուրբ Կարմրավորի օրը: Այսօր եւս բացառություն չէր: Առավոտից մինչ ուշ երեկո մարդիկ գնում են սրբավայր, մոմ վառում, մատաղ անում եւ օրը դարձնում են տոնախմբություն: Ոմանք իրենց կերուխումը կազմակերպում են հենց մոտակա ծիրանի այգիներում`բաց երկնքի տակ:
«Կարմրավորը» գյուղի կենտրոնից գտնվում է մոտ 2 կմ հեռավորության վրա եւ մարդիկ սրբավայր հասնում են ոտքով` անտեսելով ոտքից մինչեւ մազերի ծայրը փոշու մեջ կորելու վտանգը:
«Սուրբ Կարմրավորի» տոնին հյուրեր եւ վաճառականներ են գալիս Հայաստանի տարբեր մարզերից: Նույնիսկ Երեւանից տատիկները գալիս են Աղավնատուն, որպեսզի մոմ վաճառեն եւ ուխտավորներին խնդրում են հենց իրենցից մոմը գնել եւ դրանով իրենց էլ լավություն անել: Դպրոցահասակ երեխաները նույնպես գումար աշխատելու ձեւ են գտել: Նրանք էլ տարածքում տարբեր հուշանվերներ են վաճառում:
Քանի որ տոնակատարությանը մարդկանց թիվը մի քանի հազարի է հասնում, ոստիկանության աշխատակիցները առավոտից մինչ երեկո հերթապահություն են սահմանում սրբավայրի տարածքում:









Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել