
Ոչ ՄՆ-ին, ոչ Մայր Աթոռին հայտնի չէ, թե որքանով են վտանգավոր 13-րդ դարի Սբ. Մարիանեի պատերի ճաքերը (լուսանկար)
«Հետքը» հարցում էր ուղարկել մշակույթի նախարարությանը (ՄՆ)` խնդրելով տեղեկացնել, թե նախարարությունն ուսումնասիրե՞լ է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի` 1281 թ. կառուցված Սբ. Մարիանե (Սբ. Մարինե) եկեղեցու պատերին առկա ճաքերը, այդ ճաքերը պարունակո՞ւմ են փլուզման վտանգ, և ՄՆ-ն առաջիկայում նախատեսո՞ւմ է եկեղեցում կատարել վերանորոգման կամ այլ աշխատանքներ:
ՄՆ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունից տեղեկացրին, որ Սբ. Մարիանե գործող եկեղեցին ՀՀ կառավարության 2001 թ. հուլիսի 9-ի N 616 որոշմամբ սեփականության իրավունքով հանձնված է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնին, և հավելեցին. «Համաձայն սահմանված կարգի` հուշարձանի սեփականատերն է պարտավոր ապահովել հուշարձանի պահպանությունը և կատարել նրա ամրակայման, նորոգման ու վերականգնման անհրաժեշտ աշխատանքները»:
Ուստի, ՄՆ-ին ուղղած միևնույն հարցերը տվեցինք Սբ. Մարիանե եկեղեցու սեփականատիրոջ` Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանին: Վերջինս, մասնավորապես, պատասխանեց. «Ցավալի է, որ Մշակույթի նախարարության կողմից շարունակաբար հնչեցվում է հետևյալ արտահայտությունը, թե «հուշարձանի սեփականատերն է պարտավոր ապահովել հուշարձանի պահպանությունը և կատարել նրա ամրակայման, նորոգման ու վերականգնման անհրաժեշտ աշխատանքները»»:
Տեր Վահրամ քահանա Մելիքյանի խոսքով` Մայր Աթոռն իր ունեցած բոլոր հնարավորություններով հանդերձ ի վիճակի չէ միայնակ իրականացնել պատմական եկեղեցիների և վանքերի պատշաճ պահպանությունը, և մշակութային ժառանգության պահպանության համար պատասխանատու են ինչպես Մայր Աթոռը, այնպես և իշխանությունները:
«Այս գիտակցությունը պետք է ունենան առավել չափով Մշակույթի նախարարության պաշտոնյաները և ինքնարդարացում չփնտրեն ՀՀ օրենքի մեջ, որովհետև նույն այդ օրենքը պարտավորեցնում է նրանց` իբրև պաշտոնյաների, պատասխանատվություն և հոգատարություն ցուցաբերել պատմական այդ սրբավայրերի նկատմամբ»,- հավելեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը:
Սբ. Մարիանեն գտնվում է Արագածոտնի թեմում, և տեր Վահրամ քահանա Մելիքյանի հավաստիացմամբ` թեմակալ առաջնորդը դիմել է ՄՆ-ին` եկեղեցու «պահպանության ուղղությամբ անհրաժեշտը ձեռնարկելու»:
13-րդ դարի այս հուշարձանը կառուցված է դարչնագույն սրբատաշ տուֆից, արտաքուստ ուղղանկյուն, գմբեթավոր կառույց է, վերձիգ համաչափություններով:
Եկեղեցու լուսամուտներից և դռներից:
Հին քարեր ու տապանաքարեր եկեղեցու բակում:
Խաչքարեր` եկեղեցու բակում:
Սբ. Մարիանեի միջնադարյան արձանագրությունների կողքին երևում են նաև հնավայրի այցելուների թողած ժամանակակից «արձանագրությունները»:
Ըստ հանրագիտարանի` Սբ. Մարիանեն մի ժամանակ եղել է մենաստան:
Մեկնաբանել