HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հայտարարությունը

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը երեկ ուշ երեկոյան հայտարարություն է տարածել, որում խոսվում է ոստիկանության գործողությունների մասին: «Երեկ եւ այսօր «Ժառանգություն» կուսակցության երիտասարդ ակտիվիստները շենքերի շքամուտքերին տեղադրված անվճար հայտարարությունների վահանակների վրա փակցրել են ապրիլի 9-ի Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած եւ Նոր Հայաստանի երդմնակալությանը նվիրված, Երեւանի քաղաքապետարանի կողմից արտոնված արարողության մասին ներկայացնող թռուցիկներ, որոնք սակայն րոպեներ անց պատռվել են անհայտ անձանց կողմից:

Սակայն այսօր երիտասարդ ակտիվիստներին հաջողվել է նկարահանել իրենց հետեւող ավտոմեքենայի պետհամարանիշները, իսկ րոպեներ անց հանյտնաբերել, որ այս նույն մեքենան կայանվում է Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքի մոտ, իսկ դրա ուղեւորները, ովքեր հենց թռուցիկները պատռողներն էին, մտնում են բաժանմունք:

«Ժառանգության» երիտասարդները այս պահին հանցագործության մասին հայտարարություն են տալիս ՀՀ Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում: Մենք նաեւ ահազանգ ենք ստացել, որ մարզերում Ոստիկանության ստորաբաժանումների ներկայացուցիչները տուն առ տուն ահաբեկում են տեղի բնակչությանը՝ ետ պահելու համար մարդկանց ապրիլի 9-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահաավքին մասնակցելուց:

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը պահանջում է ՀՀ Ոստիկանությունից պարզել, թե արդյոք իրոք նրա որոշ ներկայացուցիչներ ներքաշված են քրեածին, սեփական երկրի քաղաքացիների դեմ ուղղված գործողություններում եւ հաստատվելու դեպքում՝ անհապաղ պատասխանատվության ենթարկել հանցագործներին: Մենք գտնում ենք, որ ՀՀ Ոստիկանության պարտականությունն է ապահովել օրենքի տառը եւ ոչ թե իրականացնել իշխող կուսակցության եւ նրա ղեկավարի քաղաքական ընդդիմախոսների հետապնդումները»,- նշված է հայտարարության մեջ:

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ 07 ապրիլի 2013թ., ք.Երեւան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter