HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Վանաձորի քաղաքապետի պատկերացումները` խոսքի ազատության, լրագրողի աշխատանքի և էթիկայի վերաբերյալ

Այն, որ Վանաձորի քաղաքապետարանն անհանդուրժողական վերաբերմունք է դրսևորում քաղաքի որոշ լրագրողների նկատմամբ, գաղտնիք չէ: Վերջերս էլ քաղաքապետարանի պաշտոնյաների ուշադրության կենտրոնում է հայտնվել տեղական «Վանաձորյան խճանկար» թերթի լրագրող Գայանե Սարգսյանը:

Նրա հրապարակած` «Քաղաքապետի հանձնարարականները չեն կատարում» հոդվածն առաջացրել էր քաղաքապետ Սամվել Դարբինյանի խիստ դժգոհությունը, որի կապակցությամբ վերջինս մարզային «Ֆորտունա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հետևյալ արտահայտություններն էր արել. «Շատ վատ եմ նայում այն կիսատ-պռատ հարցադրումները հասկացող լրագրողներին, որոնք «Խճանկարում» հոդված են տպագրում, թե քաղաքապետի հանձնարարականները չեն կատարվում: Այ դա բավականին կույր, ես կասեի՝ չզգացող մարդ է, որը նմանատիպ հոդվածներ է տպագրում»,- ասել է Սամվել Դարբինյանը:

Քաղաքապետի ելույթից մի քանի օր հետո քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանն էլ նույն լրագրողին վիրավորել էր համայնքային ծառայության թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթի ժամանակ. լրագրողը սեղանին դրված թղթից փորձել էր կարդալ, թե ովքեր են հանձնաժողովի անդամները, պաշտոնյան սենյակի մյուս ծայրից գոռացել էր. «Դու տեղդ նստիր, մեկ ա՝ խելքդ չի հասնում»:

«Հետքը» զրուցեց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ` պարզելու լրագրողի նկատմամբ պաշտոնյաների նման վերաբերմունքի պատճառը:

Պարոն քաղաքապետ, «Վանաձորյան խճանկար» թերթի լրագրողին Դուք հրապարակավ վիրավորել եք հեռուստաեթերում:

Ե՞ս:

Այո:

Լավ գիտե՞ք, որ ես: Այսինքն՝ ասեք:

Որոշ արտահայտություններ եք Ձեզ թույլ տվել, նույնիսկ լրագրողի հասցեին անձնական բնույթի վիրավորանքներ եք տվել:

Հա, իսկ ինքը գիտի՞` կատարում են, թե՞ չեն կատարում: Եվ էդ որ օրվանից ա, որ լրատվության աշխատողը պըտի գնահատականներ տա` քաղաքապետի հանձնարարականները կատարվո՞ւմ են, թե՞ ոչ: Ես երբևէ նման հայտարարություն արե՞լ եմ, որ իմ հանձնարարությունները չեն կատարում: Եվ եթե լրագրողը քաղաքապետի աշխատանքային նիստերին ներկա է լինում, խորհրդակցություններին ներկա է լինում, դա չի նշանակում, որ նա կարող է նաև գնահատականներ տա, և իր մտացածին գնահատականները:

Ուրեմն, մենք աշխատանքային նիստերի ժամանակ որևէ մեկին չենք գովաբանում, որևէ մեկին չենք ասում, թե գիտեք ինչ` դուք էն կողմն էս կողմի վրա արեցիք: Ոչ, աշխատանքային խորհրդակցությունները նրա համար են, որ աշխատանքի ընթացքում տեղ գտած թերությունները բացահայտեն, նրա լուծման եղանակները, տարբերակները ճիշտ գտնվեն, և մենք ասում ենք` էսօր մեր քաղաքացիները մեզնից պահանջում են քաղաքի որոշ տարածքների մաքրություն, մենք առավել էդ պահին ուշադրություն ենք դարձնում էդ տեղում և հանձնարարականներ տալիս:

Իսկ եթե լրագրողը փորձում է քաղաքապետին իր մտացածին կամ քաղաքապետի տված հանձնարարականներին իր մտացածին գնահատականը տալ, ես թույլ չեմ տա:

Կարդացե՞լ եք այդ հոդվածը, պարոն քաղաքապետ:

Չեմ էլ ուզում կարդամ. ինձ չի հետաքրքրում: Նա ասում է, որ քաղաքապետի հանձնարարականները չի կատարվում:

Դա վերնագիրն է, իսկ հրապարակման բովանդակությանը ծանո՞թ եք:

Ուրեմն էդ վերնագիրը հենց ամեն ինչ ասում է, և ինքը իրավունք չունի նման վերնագրով… Ուրեմն, քաղաքապետի հանձնարարականները, եթե որևէ բաժնի պետ կամ քաղաքապետարանի աշխատակից 3 անգամ չկատարի, նա այլևս չի աշխատի` դա օրենսդրությամբ: Դուք շատ լավ գիտեք` ես տալիս եմ և բանավոր նկատողություններ, և գրավոր նկատողություններ:

Վերջերս քաղաքապետարանի բաժնի պետերից մի քանիսին նկատողություն էիք հայտարարել:

Նկատողություն տվել ենք թերի կատարելու համար: Եվ բանավոր նկատողություն հայտարարեցինք, եթե այդ մեկ շաբաթվա ընթացքում նա այդ աշխատանքները չէր կատարում, դառնում էր գրավոր:

Այսինքն` ամեն դեպքում, լինում են դեպքեր, երբ Ձեր հանձնարարություններն անտեսվում են:

Այլ բան է` հանձնարարություն չկատարել, այլ բան է հանձնարարությունը թերի կատարել:

Ասացիք, որ չեք ծանոթացել հոդվածի բովանդակությանը:

Շատ լավ ծանոթացել եմ: Հենց վերնագիրը… Ինչ ա նշանակում, այսինքն` քաղաքապետն էնքան թույլ անձնավորություն է, էնքան թույլ ղեկավար է, և 21 հազար 500 մարդ օդ է ընտրել հա՞ քաղաքապետի փոխարեն: Ուրեմն, երբ որ ինքը կգա, ես իրեն կասեմ, որ եթե մենք թույլ ենք տալիս Ձեզ մեր աշխատանքային խորհրդակցություններին մասնակցել, դա չի նշանակում…  

Կարող եք արգելե՞լ:

Իհարկե:

Ո՞ր օրենքով:

Որովհետև դա իմ աշխատանքային, դա ոչ ավագանու նիստ է, ոչ բաց դռների օր է, ոչ քաղաքացիների ընդունելություն, իմ նիստի ժամանակ, ես կարող եմ նիստը մի անձի հետ անել, և մեն-մենակ իմ կաբինետում: Դա իմ աշխատանքային հանձնարարականներն են, որը ես եմ որոշում` ում ինչ հանձնարարական պըտի տամ, ումից ոնց եմ պահանջելու, և լրատվության հետ էդ ժամանակ ես որևէ խնդիր չունեմ:

Իսկ Ձեր աշխատանքի թափանցիկությո՞ւնը, հրապարակայնությո՞ւնը…

Աշխատանքային նիստերի ժամանակ թափանցիկություն պետք չի, որովհետև մենք քննարկում ենք ամենանեղ խնդիրները՝ քաղաքի կատարվելիք աշխատանքների: Իսկ թափանցիկությունը, ես ավագանու բոլոր անդամների հետ յուրաքանչյուր հինգշաբթի օր, յուրաքանչյուր երկուշաբթի օր շրջում եմ ամբողջ քաղաքում և ցույց տալիս և արած գործերը, և չարած գործերը, և ինչ խնդիրներ, որ ունենք պլանավորած, էդ գործերը: Այ, դա թափանցիկությունը պետք է լինի:

Ամեն դեպքում, եթերից հնչեցրել եք բառեր, որոնք վիրավորական են:

Դրա համար թող յուրաքանչյուր մարդ էն, ինչի մեջ ինքը չկա, և էն գործընթացին, որին ինքը գնահատական իրավունք չունի տալու, այսինքն՝ բանից պարզվում է, որ ամենաշատ աշխատողը, էս ժողովրդի համար ամենից ջանացավը լրագրողներն են, հա՞: Հլա լրագրողներից որևէ մեկը թող մի հատ, ասնեք, գոնե ավագանու թեկնածություն դնի, և տեսնենք` կարո՞ղ է անցնել, թե՞ ոչ. պըտի արած գործ ունենաս:

Տեսնում եք` լրագրողի հասցեին բաներ եք ասել, իսկ քաղաքապետը 24 ժամ շարունակ քաղաքում աշխատում է, և ինչ-որ մի մարդ, որը քաղաքի համար ոչինչ չունի արած, ընդամենը կարող է էս կամ էն գործընթացը, ասենք, լուսաբանել կամ չլուսաբանել, կամ իր ուզած ձևով լուսաբանել: Սա քաղաք է, և էստեղ լարված աղբահանության պահեր էլ կարող են առաջանալ, շատ տեղ լարված լուսավորության աշխատանքներ են, և ես 24 ժամ, քանի որ ժողովուրդն ինձ ընտրել է, ես ժողովրդին ծառայելու համար եմ ընտրվել:

Եվ չեմ հրաժարվում ժողովրդիս, սեփական ժողովրդիս ծառայելն ինձ համար պատիվ է, հարգանք է: Իսկ իմ աշխատանքներին որևէ մի մարդ, որը սենց իր ուզած ձևով գնահատական տա, թե քաղաքապետի հանձնարարականները չի կատարվում, քաղաքապետը էս կամ էն խնդիրներում թերանում է, քաղաքապետը էս կամ էն… Գիտեք ինչ, երբեմն քաղաքապետն էլ է մարդ, նրա նյարդերն էլ կարող են որևէ տեղ չդիմանալ, և ինչ-որ մի բան էլ ավել կամ պակաս ասել:

Եթե Դուք չեք կարդացել հոդվածը, ինչ գիտեք` գնահատակա՞ն է պարունակում, ենթադրությո՞ւն, թե՞ փաստեր:

Հենց վերնագիրն ինձ դուր չի եկել: Հենց վերնագրից արդեն երևում է, որ տվյալ լրագրողը քաղաքապետի նկատմամբ բարյացակամ չէ:

Փորձե՞լ եք խմբագրությանը դիմել, պարզաբանում, հերքում պահանջել:

Իսկ ինչի՞ պիտի դիմեմ: Ինքն ինձ դիմե՞ց, որ, պարոն Դարբինյան, գիտեք, ես էսպիսի հոդված եմ նախատեսել քաղաքապետարանի համար գրելու, որ ես էլ նրան ասեմ: Այ, լրագրողներ կան, գալիս են, իրենց հարցերը տալիս` պարոն քաղաքապետ, ինչի է, որ էս ինչ տարածքում լարվածություն կա… :

Թույլտվությո՞ւն են վերցնում:

Չէ, չէ, չէ, հարցնում ա` պարոն Դարբինյան, ասենք` Տարոնի էս ինչ ծայրամասում աղբակուտակումներ կա, կարո՞ղ եք ասել՝ ինչի: Եթե ես ծանոթ եմ լինում խնդրին, միանգամից պատասխանում եմ, ծանոթ չեմ լինում, հենց նույն պահին տվյալ լրագրողին վերցնում գնում ենք տեղում տեսնում, լուծումներ տալիս և գալիս:

Ես որպես մարդ, որպես քաղաքապետ, առողջ քննադատությունը միշտ ընդունում եմ, իսկ անհարկի վերնագրեր, անհարկի քննադատությունները չեմ ընդունում:

Դրանից մի քանի օր հետո Ձեր աշխատակից Սիմոնյան Գագիկն է վիրավորել նույն լրագրողին:

Եթե լրագրողը գալիս է և մարդու իրավունքները ոտնահարած, առանց հարցնելու մտնում նրա թղթերի մեջ, նա էլ ընդամենը զգուշացնում է, որ սրանք իմ փաստաթղթերն եմ, Դուք դրանց մեք նայի: Եթե նա իրեն թույլ է տալիս քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի փաստաթղթերը, առանց թույլտվություն, վերցնելու նայի, նա էլ կարող է մի քիչ կոպիտ է արտահայտվել, ի՞նչ կա որ:

Ստուգո՞ւմ է, ինչ է, դուք ընդամենը լրագրող եք, եկել եք տեսնեք` արդարացի՞ են էդ մրցույթներն ընթանում, թե՞ ոչ: Եվ եթե իրականում ձեզ որևէ փաստաթուղթ հետաքրքրում է, կարող եք ասել` պարոն Սիմոնյան, կարելի՞ է էդ փաստաթղթերը նայել: Դա նրա իրավասությունն է, կարող է ասել` այո, կարող եք, խնդրեմ, նայեք, և կարող է ասել` ոչ:

Եվ էդտեղ անձնական քարտեր կան, որտեղ խիստ վերաբերվում է մարդկանց, և, ասենք, ես չեմ ուզում, որ ինձ պատկանող փաստաթղթերը որևէ մեկը նայի: Ես տվել եմ որպես թեկնածու էդ աշխատատեղի համար, և ասում եմ` սա իմ անձնական կենսագրությունն է, և ես չեմ ուզում էս մասին որևէ մեկն իմանա: Եվ մի ուրիշ մարդ, որի անունը լրագրող է, գալիս է, առանց որևէ մեկին հարցնելու, և սկսում էս թղթերը քանդել:

Դա բաց, թափանցիկ մրցույթ է, և լրագրողը կարող է ծանոթանալ մրցույթին մասնակցող անձանց փաստաթղթերին:

Իսկ ով է ասում՝ փակ-թափանցիկ մրցույթ է: Բաց, թափանցիկ մրցույթ է, բայց դա չի նշանակում, որ յուրաքանչյուրը կարող է… Ես ասում եմ, եթե ես լինեմ, և որևէ մեկը իմ անձնական կենսագրությունը վերցնի, առանց ինձ կամ ում վստահել եմ, առանց նրան, վերցնի ընթերցի, ես արդեն պատիվ կպահանջեմ: Ընդեղ թափանցիկությունը նրա մտավոր հնարավորությունների և ֆիզիկական հնարավորությունների մասին է: Բայց ոչ մեկին թույլ չի տվել ուրիշ մարդկանց կենսագրություն վերցնի, կարդա:

Դուք արդարացնո՞ւմ եք պարոն Սիմոնյանի նման պահվածքը, առավել ևս՝ կին լրագրողի նկատմամբ:

Ես առաջին հերթին քննադատում եմ տվյալ լրագրողի վարքագիծը, որը, եթե եկել էր, հատկապես, եթե ինքն էլ կին էր, առաջին հերթին իրեն պետք է շատ կոռեկետ պահեր: Ես նորից եմ ասում՝ եթե մարդը իր իրավունքները գերազանցում է, և մյուս քաղաքացին իր իրավունքները պաշտպանում է, ես առաջին հերթին քննադատում եմ էն մարդին, որն իր իրավունքները գերազանցել է:

Եվ ուզում եք, որ իմ աշխատակցին իր իրավասությունը, իր իրավունքները պաշտպանելու համար մեղադրեմ, հա՞: Ոչ: Եթե նա իրավունքները գործողություններով է խախտել, դուք ընդամենը բառերով նախատել եք նրան կամ զգուշացրել, ըստեղ ես որևէ բան չեմ գտնում: Եվ եթե լրագրողներն ուզում են, որ մենք իրար հետ շատ լավ աշխատենք, արդար քննադատությունը ես նույնիսկ կառուցողական աշխատանք եմ համարում:

Ի վերջո, քաղաքապետն էլ մարդ է, և կարող է քաղաքի այս կամ այն տեղ մի վատ բան այդ պահին չնկատել: Ես շաբաթական 2 անգամ լրատվության հետ շրջում եմ, եթե ուզում եք մասնակից լինել մեր աշխատանքներին, խնդրեմ, ուզում եք թափանցիկությունը տեսնել: Ասենք, քաղաքի բնակիչներն անընդհատ բողոքում են թափառող կենդանիների մասին, կամ մի տեղում բնակչությունն աղբ է թափել, մի լրագրող գալիս, ասում է, կամ եթերում են ցույց տալիս` տեսեք, քաղաքի այս մասը վատ է, ես զանգում շնորհակալություն եմ հայտնում և ասում եմ`վաղը` ժամը 12-ին, գնացեք տեսեք, որ մաքրված է: Խնդիրն առաջացավ, խնդիը լուծում տվեց:

Եվ ես ողջունում եմ էն լրագրողներին, ովքեր հաջորդ օրն էլ նայում և ասում են` շնորհակալ ենք, պարոն Դարբինյան, որ մեր բարձրացրած հարցին միանգամից լուծում տրվեց: Եթե մենք անընդհատ ձվի մեջ մազ ենք ման գալիս, մենք երբեք լավ բանի չենք հասնի:

Լրագրողներին, որոնք Ձեր աշխատանքի բացթողումները, թերացումներն են նկատում ու քննադատում, չե՞ք ընդունում:

Քննադատումը պետք է նպատակ ունենա: Եթե ձեր նպատակը միայն ինձ քննադատելն է, քննադատեք ինչքան ուզում եք: Իսկ եթե ձեր նպատակը տվյալ խնդիրների լուծումն է, ուրեմն պետք է կառուցողական աշխատանք տանեք, այսինքն` պարոն Դարբինյան, տեսեք, ես ձեզ զգուշացնում եմ` այս բնագավառում դուք թերություններ ունեք, և եթե էդ թերությունները ես արդեն ուղղում եմ, դուք պետք է անդրադառնաք դրան` պարոն քաղաքապետ, ապրեք, որ էս, էս խնդիրները լուծեցիք:

Մեկնաբանություններ (2)

Արմինե
Տեսնես մեր քաղաքապետին դուր ա գալու էս հոդվածի վերնագիրը? Ճ
Ara
Այդ քաղաքապետին չեմ ճանաչում, սակայն պարզ է, որսերժի օրոք նորմալ մարդու առկայությունն այդ պաշտոնում շատ առտարոց կլիներ: Բայց ընդունենք նաև, որ լրագրողի վկայականը միշտ չէ որ ճիշտ ձեռքում է հայտնվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter