HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպան Մանուկյանի այցելությունը Սամցխե-Ջավախքի տարածաշրջան

Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը օրերս հերթական այցելությունը կատարեց Սամցխե-Ջավախքի տարածաշրջան: Այցելության ընթացքում դեսպան Մանուկյանին ուղեկցում էր ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

 Ախալցիխեյի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հայ բնակչությանն ուղղված խոսքում ՀՀ դեսպանը շնորհավորեց նախորդ կիրակի օրը տոնված Սբ. Հարության տոնի, ինչպես նաեւ ներկա տիկնանց եւ օրիորդներին՝ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:

Դեսպան Մանուկյանի հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ Ախալքալաքում, ուր Ախալքալաքի եւ Նինոծմինդայի տեղական իշխանությունների հետ համատեղ կազմակերպվեց հանդիպում Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի հայաբնակ շրջանների հայկական կրթօջախների տնօրենների, ինչպես նաեւ մշակույթի ոլորտի գործիչների հետ:

Դեսպան Մանուկյանն ընդհանուր գծերով ներկայացրեց   հայ-վրացական   միջպետական  հարաբերությունների  ներկա  մակարդակը՝ հատկապես  կարեւորելով  երկկողմ   հարաբերությունները  կրթական  եւ մշակութային  բնագավառում,  խոսեց  դրանց  հեռանկարների  մասին, անդրադարձավ  Վրաստանի  հայ  համայնքի  հիմնախնդիրներին: 

ՀՀ դեսպանն ընդգծեց վիրահայ  համայնքի  եւ նրա ներկայացուցիչների ակտիվ եւ արդյունավետ ներգրավումը Վրաստանի հասարակական–քաղաքական, տնտեսական  եւ մշակութային    կյանքում,    ինչը   լրացուցիչ  խթան  կարող  է  դառնալ  ոչ  միայն համայնքային  հիմնախնդիրների  լուծման,  այլեւ  հայ-վրացական հարաբերությունների  հետագա   ամրապնդման   եւ    խորացման  համար:

Հանդիպման ավարտին դեսպան Մանուկյանը Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի մտավորականության, մշակութային եւ կրթական բնագավառի առավել աչքի ընկած եւ վաստակ ունեցող մի շարք գործիչների պարգեւատրեց Վրաստանում ՀՀ դեսպանության պատվոգրերով, շնորհակալագրերով եւ հուշանվերներով: Դեսպան  Մանուկյանը Ախալքալաքի  եւ Նինոծմինդայի   շուրջ ինը  տասնյակ հայալեզու կրթական օջախներին փոխանցեց ՀՀ մշակույթի նախարարության տրամադրած հայալեզու գեղարվետական գրքեր եւ այլ գրականություն: Գնահատանքի  եւ  օրհնության խոսքով հանդես եկավ Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Նույն օրը Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում կայացավ դեսպան Մանուկյանի հանդիպումը շրջանի համայնքային, հոգեւոր եւ մշակութային կյանքում  ակտիվ  դերակատարություն ունեցող կանանց հետ: Շնորհավորելով հանդիպման մասնակիցներին Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ՝ ՀՀ դեսպանը կարեւորեց կանանց անփոխարինելի դերը եւ ավանդը կրթական բնագավառում, մատաղ սերնդի դաստիարակության եւ այլ հարցերում: 

Նույն օրը երեկոյան Վրաստանում ՀՀ դեսպանը մասնակցեց Ախալքալաքի շրջանի Մերենիա  գյուղի  նոր վերանորոգված Սուրբ Աստվածածին եկեղեցու դռնբացեքի արարողությանը: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանություններ (1)

Hay
meke meken davajan hala dekerin naek. despane lav mardkanc toxa um heta handipum.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter