HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

6 երեխաների մոր ուրախությունը. «Վարդերս էլ նկարի, թող սիրուն երեւա» (վիդեո)

Արդեն 4 տարի է` Կապան քաղաքի Շարժիկ թաղամասում ապրող Հակոբյանների ընտանիքի անդամների մեծ մասը ամառվա շոգ օրերն անցկացնում է անտառում: Օրվա հացի գումար աշխատելու համար անտառից մոշ, հոն ու այլ հատապտուղ հավաքելու գործին մասնակցում են նաեւ անչափահաս երեխաները: Նրանք տատիկի հետ վաղ առավոտ տանից դուրս են գալիս եւ լի դույլերով երեկոյան վերադառնում:

Կապանում հատապտուղը դեռ չի հասել, բայց մեր այցելության ժամանակ ընտանիքի 6 անչափահաս երեխաներից երկուսը տատի հետ անտառում էին: Ինչպես երեխաների մայրը` Մեդեան պատմեց, սկեսուրն ամեն օր անտառից բանջար է հավաքում, մինչեւ մոշի ու հոնի սեզոնը գա:

Կիսախարխուլ տանը Հակոբյաններն ապրում են 10 հոգով` երիտասարդ ամուսիններն իրենց 6 երեխաների հետ, ինչպես նաեւ նրանց տատն ու պապը:

Երեխաներից չորսը դպրոցական են, նրանցից երեքը Կապանի հատուկ խնամքի գիշերօթիկ դպրոցի խնամքի եւ հոգածության տակ են գտնվում, որտեղ էլ սնվում, գիշերում եւ պատրաստում են իրենց դասերը: Այժմ արձակուրդ է, երեխաներն ապրում են ընտանիքի հետ միասին եւ օգնում նրանց կենցաղային հարցերում:

9 տարի առաջ Հակոբյանները տունը գնել են 200 դոլարով եւ դեռ գրանցման գործընթացն էլ չեն ավարտել, քանի որ պետական վճարումների համար զգալի գումար է պետք, որը չունեն: Այս տարիների ընթացքում վերանորոգման ոչ մի աշխատանք չեն կատարել: Տան առաստաղը փայտից էր, իսկ տեղ-տեղ փտած գերանները ներսից աչք էին շոյում: Պատերը հարդարված չէին, պատուհանների ապակիները` տեղ-տեղ կոտրված: Հյուրասենյակ կոչվող հատվածում դրված էր համակարգչի մոնիտորի մեծության մի անգույն հեռուստացույց: Երեխաները պատմեցին, որ իրենց նախընտրած հաղորդումը նայելու համար 10 րոպե շուտ պետք է հեռուստացույցը միացնեն, որ հասցնի էկրանը բացել: «Մեկ-մեկ էլ էկրանը փախնում ա, խփում ենք գլխին, որ բացվի»,- ասում է 8 տարեկան Սեյրանը:

Մեդեան պատմեց, որ 4 տարի առաջ իրենց կյանքը բոլորովին այլ էր: Ամուսինը` Արթուր Հակոբյանը, այդ ժամանակ աշխատում էր պղնձամոլիբդենային կոմբինատում որպես ավտոմեխանիկ եւ իր վաստակով կարողանում էր ընտանիքի կարիքները հոգալ: Ամեն ինչ գլխիվայր շրջվեց, երբ Արթուրի աչքը փուշ մտավ, եղջերաթաղանթը բորբոքվեց, եւ տեսողությունը վատացավ: Բժիշկները նրան խորհուրդ տվեցին փոշոտ ու ծանր աշխատանք չկատարել, սակայն կնոջ ասելով` Արթուրը պատրաստ է նույնիսկ փոշոտ աշխատանք կատարել, միայն թե պարապ չմնա եւ կարողանա ընտանիքի նվազագույն կենցաղային կարիքները հոգալ:

«Սկզբում չէի մտածում, որ դժվարություններ կարող են լինել, որովհետեւ ամուսինս այն ժամանակ լավ աշխատում էր, 120.000 դրամ աշխատավարձ էր ստանում, կողքից այլ եկամուտ էլ կար, նորմալ ապրում էինք: Շատ լավ էինք ապրում, ուրիշները չէին կարողանում բանան, նարինջ, անանաս ուտեին, իմ ամուսինը երեխեքիս համար հասցնում էր: Արդեն 4 տարի է, որ չի աշխատում, շատ դժվարությունների եմ հանդիպել այս ընթացքում: Առաջ ինձ համար հարց չկար, բոլոր հարցերը լուծվում էին, իսկ հիմա շատ վատ ա»,- ասում է Մեդեան:

Այս ընտանիքի կյանքում միակ լուսավոր բանը հավատն ու հույսն է ապագայի նկատմամբ: 34-ամյա Մեդեան բազմանդամ ընտանիքի կենցաղային վատ պայմանները նկարագրում էր ժպիտը դեմքին, ասես այդպես էլ  պետք է լիներ` 10 հոգով ապրեին 3 փոքր սենյակում: Նրա համար սովորական է, երբ 8-10 տարեկան աղջիկները նույն անկողնում են քնում, որոնց կողքին դրված է նաեւ ամուսինների մահճակալը:

Մեր այցելության պահին Արթուրը տանը չէր, երբ կինը հեռախոսով տեղեկացրեց, որ լրագրող է իրենց տուն եկել, խոսափողի մյուս կողմից նա պատասխանեց, թե տուն չի գա` ամաչում է:

Բացի անտառի բարիքներից ստացված եկամուտը, որը հազիվ օրվա հացի խնդիրն է լուծում, Հակոբյանները ստանում են նաեւ 58 000 դրամ նպաստ, 25 հազար դրամ էլ Արթուրի հոր կենսաթոշակն է: «Ուրիշ եկամուտ չունենք, մեկ էլ մի հատ կով ունենք, որ ծնում է, կաթ ու մածուն ենք ունենում»,- նշեց Մեդեան: Ստացած նպաստը ծախսվում է բացառապես սննդի վրա, որը մեկ ամիս էլ չի բավականացնում:

Նպաստի գումարից նույնիսկ պարտք են փակում, որը դարձյալ սննդի համար է գոյացել: Մեդեան պատմում է, որ հաճախ են պարտքը ուշացնում, ու խանութպաններն իրենց արդեն չեն վստահում, «նիսյա» ապրանք չեն տալիս:

Ընտանիքում միայն պապը վստահություն ունի խանութպանների մոտ: Նա է անձամբ գնում խանութ, իր անունով պարտքով գնումներ անում ու թոշակը ստանալուն պես պարտքը մարում:

Մեդեայի ասելով, երեք ամիս է` սկեսրայրն է իր թոշակով սննդի հարցը լուծում, քանի որ նպաստի գումարով պարտք են փակում: «Պատահում է, որ ուտելիք չենք ունենում, մի կերպ յոլա ենք գնում, մինչեւ մի տեղից մի բան լինում է»,- ավելացնում է Մեդեան: Այս պահին մթերային խանութներում նրանց պարտքը  հասնում է 150.000 դրամի:

Վաղուց Հակոբյանները երեխաների համար հագուստ չեն գնում: Հագուստով, գրենական պիտույքներով նրանց ապահովում է խնամքի կենտրոնը: «Վորլդ Վիժն» կազմակերպությունից մի անգամ այս ընտանիքը հագուստ է ստացել: «Երեխեքին էին տվել, մի քիչ մեծոտ էր, իմ հագով եղավ, երեխեքս չկարողացան հագնել, բայց էլի գոհ եմ»,- ասում է բազմազավակ մայրը:

Մեդեայի խոսքերով, այս տարիների ընթացքում երբեւէ չի զգացել, որ Հայաստանում բազմազավակությունը խրախուսվում է, քանի որ պետությունից ոչ մի օգնություն չի ստացել: Նրա ասելով, եթե «հիմիկվա խելքն ունենար», 6 երեխա չէր ունենա: Բայց նույնիսկ այս պայմաններում մայրն այլ կերպ է մեկնաբանում 6 երեխաների գոյության փաստը` ասելով, որ երեխաները պահանջներ չեն ներկայացնում, ՙմոդայիկ՚ հագուստ չեն ուզում եւ եղածով բավարարվում են: «6 երեխա պահելը շատ դժվար է, բայց արանքում ուրախություն էլ կա: Երեխեքը վազում են, խաղում են, իրանց համար հանդես են կազմակերպում, մենք էլ իրանց հետ խաղում ենք ու կողքից նայում, ուրախանում: Այդպես ենք դժվարությունները հաղթահարում»: Այս տարի երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ Կապանի քաղաքապետարանից 2 շիշ ձեթ, 2-ական կգբրինձ, ոսպ, հնդկաձավար, ինչպես նաեւ մեկ տուփ թեյ ու սուրճ են ստացել: «Կոնֆետ էլ կար, դաժե շոկոլադ էին դրել: Շատ գոհ եմ, երեխեքս էլի օգտվեցին»,- ուրախ ասում է Մեդեան:

Հրաժեշտի պահին Մեդեան ցույց տվեց տնամերձ հողամասում լոլիկի ու պղպեղի սածիլները: «Թող մարդիկ չիմանան, թե անգյալ ենք, բան չենք անում,- կատակով ասաց Մեդեան ու ավելացրեց,- վարդերս էլ նկարի, թող սիրուն երեւա, սա էլ իմ ուրախությունն է»:

           

Վիդեոն` Գրիշա Բալասանյանի                     

Մեկնաբանություններ (9)

Varaz Syuni (Amsterdam)
Artyom- Du vortex es aprum yev Hayastan gnaluts VOR VAYRUM es mnum yndhanrapes?
Artyom
es 15ic 17 oric klinem hayastanum u arajin@ ban@ es @ntaniki het kapnveln e linelu...karoxeq @ntanikin zgushacnel ev texekacnel im masin?? es hastat gnalu em irenc mot ev ajakcem...
Հետք
Ընտանիքի հետ կարող եք կապ հաստատել հետեւյալ հեռախոսահամարներով. 093 49-18-71 077 96-26-67 Հասցեն՝ ք. Կապան, Շղարշիկ բանավան
ARTYOM
BAREV DEZ...XNDRUM EM NRANC HASCEN EV HERAXOSA HAMAR@, ETE KARELI E?? SHNORHAKALUTYUN
Ira
Նորություն չէ, որ մեր երկրում խնամքի ու պաշտպանության կարիք ունեցողները երբեք աջակցություն չեն ստանում: Բայց ամենասարսափելին այն է, որ նման հոդվածներից ու հաղորդումներից հետո էլ նրանք շարունակում են նույն կարգավիճակում ապրել:
OLIK
VAAAAAY TER ASTVAC ES INCH A KATARVUM MER PETUTYUNUM U MER QAXAQUM,SIRTS KTOR -KTOR EXAV ES AMEN INCH@ LSELUC,ES CHEI PATKERACNUM VOR ES VICHAKOV MARDIK KARAN LAVATES U GOH LINEN,SHAT CAVALI PATMUTYUNER ES AHAVOR HUZVECI....
mary
Իզուր էլ գրել եք էս հոդվածը` հիմա հարկաինը կգա կտուգանի , կասեն , թե առանց ՀԴՄ առևտուր եք անում, մի հատ էլ բնապահպանությունից մի բան կգտնեն կտուգանեն` հաստատ կարան, մեր երկրի բյուջեն մենակ տուգանքներովա լցվում:
Varaz Syuni (Amsterdam)
Hertakan TXUR patmutiuny. Teyev lav e vor Մեդեան positif andz e yerevum, bayts MITE hnaravor che Hayastani pes POKR yerkrum (mot 3 mln bnakchutiamb u 60/70% drsi ognutiamb) stextsel kich te shat mi ARDAR system. GONE vor mardik MINIMUM unenan....................................PS. Yes ays amrany ANPAYMAN kaytselem ays yntanikin.
Lili
Գետինը մտնի այն պետությունը, որը չի կարողանում այնպիսի համակարգ ներդնել, որ նման բազմազավակ ընտանիքները լիարժեք կյանքով ապրեն: Այս երկրի ամեն մի սոված երեխայի ու տառապյալ մոր մուռը մի օր կհանվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter