Հայաստանում պետք է խնայել հիվանդի փողերը. սփյուռքահայ բժիշկ
1915թ.-ին գաղթի ճանապարհին կորչում է Նուրին՝ Ուրֆայի Կարմուջ գյուղի չորս տարեկան հայ երեխան: Տարիներ հետո նրան կորցրած մայրը լսում է, որ հայ գաղթական փոքրիկներից մի մասին տարել են Իրաք: Սկսում է փնտրել իր Նուրիին ամբողջ երկրով մեկ, հասնում է մինչև Մուսուլ քաղաք ու գտնում նրան: Այդ ժամանակ Նուրին արդեն յոթ տարեկան էր և ապրում էր արաբական մի ընտանիքում: Մայրը վախենում է, որ գուցե արաբները չտան իր տղային և փախցնում է նրան: Նուրին մեծանում է Սիրիայում, ամուսնանում է և ունենում 9 երեխա:
Նուրին Ուռոլոգիայի կենտրոնի բժիշկ, ուրոլոգ Ռաֆի Ջանեցյանի պապիկն է: Սփյուռքահայ բժիշկն ավարտեց իր արմատների պատմությունը՝ սկսելով մոտ 100 տարվա հեռավորությունից ու հասավ այս հարցին.
- Եթե էստեղ չապրեմ, ուրիշ որտե՞ղ պիտի ապրեմ:
- Հալեպում, ձեր հարազատների հետ:
- Հալեպում չեմ ուզում, իմ հարազատներին եմ կանչում, որ գան:
- Ուզո՞ւմ են գալ:
-Մի մասը եկել են արդեն: Բայց խոսքը միայն Հալեպի մասին չէ: Որպես բժիշկ շատ առաջարկություններ եմ ունեցել այլ երկրներից և չեմ ուզեցել գնալ: Հրաժարվել եմ, եթե նույնիսկ լավ աշխատավարձ են առաջարկել:
Հալեպի Քարէն Եփփէ ազգային ճեմարանն ավարտելուց հետո՝ 1990թ., Ռ.Ջանեցյանը որոշում է գալ Հայաստան ու սովորել բժշկական համալսարանում: Ասում է՝ չէր նախատեսել մնալ Հայաստանում, բայց ավարտեց համալսարանը և արդեն 22-րդ տարին է, այստեղ է:
Հայաստանում երկար ժամանակ ապրած սփյուռքահայերը գիտեն, որ «էս երկրում շատ վատ բաներ կան»` ասում է նա, բայց նորեկներից տարբերվում են նրանով, որ «շատ տարբերություններ չեն դնում» Հայաստանի և իրենց երկրների միջև:
«Դառնում ես ավելի խաղաղ ու սկսում ես պայքարել սխալ երևույթների դեմ: Ամեն դեպքում սա հարազատ է»,- ասում է Ռ. Ջանեցյանը:
Սփյուռքահայ բժիշկը «ռենտգեն» է արել հայաստանյան բժշկությունն ու գտել «հիվանդ» տեղերը:
«Չեմ ուզում մեղադրել ոչ մեկին, բայց խղճով պետք է աշխատել ու մասնագիտական պրոֆեսիոնալիզմով: Մենք խնայողության խնդիր ունենք՝ որպես փոքր երկիր, փոքր ժողովուրդ,- ասում է նա,- պետք է ճիշտ աշխատենք: Պետք է նվազագույնի հասցնենք հիվանդի ծախսերը թե դեղորայքային նշանակման, թե ախոտորշման ժամանակ»:
Բժշկի եկած մարդը կարիք ունի բարեխիղճ վերաբերմունքի, պետք է նրան ճիշտ ախտորոշում տալ՝ շարունակում է Ռ. Ջանեցյանը:
«25 տարեկան տղա: Ոչ մի խրոնիկական հիվանդություն չունի: Իր հետ ընդամենը անցողիկ սեռական խնդիր է առաջացել»,- օրինակ է բերում նա և ավելացնում՝ փոխարենը երիտասարդին բացատրեն, որ դա անցողիկ է և հոգեբանական կամ նյարդային ծագման կարող է լինել, որոշում են, որ նա հիվանդ է:
Հայաստանում որոշ հիվանդություններ անհասկանալի պատճառով դուրս են մնում առողջական ապահովագրության ոլորտից, ինչը զարմացնում է Ռ. Ջանեցյանին: «Ենթադրենք՝ մարդը էրեկցիայի խանգարում ունի,- ասում է նա,- դա այստեղ համարում են խրոնիկական հիվանդություն, և իրեն փող չեն հատուցում բուժելու համար: Բայց ես հակառակն եմ պնդում: Էրեկցիայի խանգարումով անձնավորությունը գործի մեջ ինչպե՞ս պետք է դրսևորի ինքն իրեն: Էդ մարդը խնդիր ունի, պետք է լուծի, որ նորմալ աշխատի: Մենք ազատ չենք աշխատում»:
Վերջերս գործարկած իր urolog.am կայքում բժիշկն առաջարկում էր վերացնել հայաստանյան բժշկության ևս մեկ «անազատություն»: «Սերմնահեղուկի բանկ պետք է լինի, չկա այդպիսի բան Հայաստանում: Չկա այդպիսի տեղ, որտեղ տղամարդը գնա, սերմը հանձնի, ասի՝ էս իմ անունով էստեղ կմնա, ես գնում եմ, օրինակ, Ռուսաստան»,- ասում է Ռ. Ջանեցյանը՝ ավելացնելով, որ դա զարգացած երկրների բժշկության մեջ ընդունված մշակույթ է, որը մեզ մոտ «չի էլ քննարկվում»:
«Չեմ ասում՝ բոլորը գնան, հանձնեն: Ենթադրենք, մարդը 20 տարեկան է, ամուսնացել, բայց ուռուցքային հիվանդ է, սերմը հանձնում է, ուզում է՝ երեխա ծնվի իրենից: Ի՞նչ կլինի, իրավունք չունի՞»,- ասում է բժիշկը: Նա նշում է, որ դա կարևոր է նաև պատերազմական վիճակում գտնվող երկրներում, երբ տղամարդիկ կարողանում են ապահովագրել իրենց ապագա սերունդը:
«Հայաստանում ի՞նչ կա, որ դա էլ լինի, այստեղ ռեստորան կա, երգիչներ կան և գեղեցկության սրահներ», - ասում է նա:
Ռ. Ջանեցյանը նկատել է, որ հայերն իրենց առողջական խնդիրները երբեմն չեն հասցնում բժշկի աշխատասենյակ չտեղեկացվածության, նաև բարդույթների պատճառով: Արդեն 15-20 օր է, ինչ աշխատեցնում է urolog.am կայքը և ասում է, որ այցելություններ ունի. վիրտուալ, անծանոթ այցելուները կայքում տեղադրված ինֆորմացիայի և խորհուրդների կարիքն ունեն: Բժիշկն ինքն է ընտրում նյութերը, մշակում այնպես, որ «սովորական մարդը կարդա ու հասկանա»:
Ազգային խնդիր դարձած հարցերը, կարելի է երբեմն լուծել բժշկական միջամտությամբ՝ կարծում է Ռ. Ջանեցյանը, պարզապես պետք է «լրացնել ինֆորմացիայի պակասը»: Ասում է, որ Հայաստանի համար լուրջ հարց է ամուսնական զույգերի մոտ 30%-ի անպտղությունը, որովհետև մեզ մոտ ամուսնանալուց առաջ բժշկական ստուգում չեն անցնում, «ամոթ բան է»:
Պատմում է, որ Բելգիայից եկած մի հայ այցելու ուներ, ով եկել էր ամուսնանալու հայաստանցի աղջկա հետ. «Եկան: Աղջկան ստուգեցինք, ամեն ինչ նորմալ էր: Իրեն ստուգեցինք, խնդիր տեսանք: Ասաց՝ ես չեմ ամուսնանա, մինչև էս խնդիրը չլուծեմ»: Վիրահատական միջամտությունից որոշ ժամանակ անց զույգն ամուսնանում է:
Երկրներ կան, որտեղ առողջական սերտիֆկատ են տալիս զույգերին ամուսնանալուց առաջ՝ ասում է բժիշկը: Հայաստանը դրան չի հասել, բայց պետք է անպայման հետազոտվել՝ խորհուրդ է տալիս նա. «Էստեղ տղան հազար աղջկա հետ է եղել, ամուսնանալուց հինգ օր առաջ գալիս, անալիզ է տալիս ու լիքը պրոբլեմներ է ունենում, բայց ասում է՝ չէ, ես պիտի ամուսնանամ: Ո՞նց օգնես էդ դեպքում»:
Արտաամուսնական կապերն ու բաժանությունները նույնպես «բժշկելի են», պարզապես պետք է սեռական խնդիրները ոչ թե տանը պահել, այլ ժամանակին լուծել բժշկի մոտ՝ կարծում է Ռ. Ջանեցյանը:
«Արդի բժշկության մեջ ընդունված փորձ է սեռական առողջության հետ խնդիրներ ունեցող զույգերի հետ երկար զրուցելը որևէ բուժում նշանակելուց առաջ: Եթե բուժելի է, պետք է բուժում նշանակվի: Եթե հոգեբանական խնդիր է, հոգեբանը պետք է օգնի»,- ասում է բժիշկը՝ ավելացնելով, որ փորձելու է իր այցելուների հետ «զրուցել» նաև urolog.am-ի միջոցով:
Վիրտուալ և անվճար բժշկական օգնությունը չի փոխարինի իրեն, կարծում է Ռ. Ջանեցյանը, բայց հնարավորություն կտա մարդկանց հասկանալի լեզվով տեղեկանալ միզասեռական համակարգի իրենց առողջական խնդիրների մասին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել