HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատամարտիկի հիշատակը` արխիվում

1993 թվականին Մարտակերտի Կուսապար գյուղի պաշտպանական մարտերում իր մահկանացուն կնքած Գրիգոր Գեւորգյան ազատամարտիկի կինը` տիկին Աիդան, մաքրում է ամուսնու դիմանկարի փոշին: Փոշի չկա էլ, ամեն օր է սրբում, բայց թվում է` դպրոցի արխիվի փոշուց չի կարողանում մաքրել: Ամեն անգամ այդ մասին հիշելիս հուզվում է:

Ազատամարտիկի նկարը հայտնվեց Սիսիանի տարածաշրջանի Շաղատ գյուղի միջնակարգ դպրոցի արխիվում, երբ դպրոցում «որոշեցին», որ հաստատությունն այլեւս Գրիգոր Գեւորգյանի անունով չի կոչվում:

«Անցած տարի պապայի 60-ամյակն էր: Դե որ լսեցինք նկարը դպրոցի արխիվում է, գնացի վերցնելու: Ինձ ուղեկցեցին գրադարան, էնտեղ, պահարանի վրա, շրջած դրված էր նկարը` վրան սանտիմետրերով փոշի: Վերցրի, տուն բերեցի: Շատ էի վիրավորվել»,- ասում է Սուրենը` Գրիգոր Գեւորգյանի որդին: 

Սուրենն առաջին անգամ դպրոցական համազգեստ հագավ հոր մահից ամիսներ անց միայն: Դպրոցի բակում մեծ միջոցառում էր, որի ժամանակ էլ բարձր եւ հստակ հաղորդեցին, որ գյուղի դպրոցն այդուհետ իր հայրիկի` Գրիգոր Գեւորգյանի անունով է կոչվելու:

Ներկայում դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Լարիսա Գեւորգյանը հիշում է` միջոցառման ժամանակ ինքն է հանդիսավորությամբ հայտարարել անվանակոչության մասին:

«Սեպտեմբերի 1-ին կատարվեց անվանակոչության արարողություն: Գրիգոր Գեւորգյանը զոհվեց նույն թվականի ապրիլին, որից հետո աշխատավորների, դեպուտատների Սիսիանի շրջանային խորհրդի որոշմամբ դպրոցը կոչվեց նրա անունով»: Լարիսա Գեւորգյանը հիշում է նաեւ դպրոցի անվանակոչությունը անհիմն համարող խոսակցությունների պատճառը. «Երբ որ դպրոցի կնիքը փոխվեց, չեմ հիշում՝ 96-97 թվերին, նոր կնիք տվեցին, այսինքն՝ բոլոր դպրոցների կնիքները փոխվեցին, մեր կնիքի մեջ չգրեցին նրա անունը: Հետո մենք հարցում արեցինք, պատճառաբանեցին, թե դպրոցն անվանակոչվում է կառավարության որոշմամբ: Ու էդպես էլ մնաց, այդպես ասած, անհետեւանք»: 

 
Լարիսա Գևորգյան Աիդա Գևորգյան  

Անհետեւանք մնաց դպրոցի ղեկավարության պատճառով: Անվանակոչությունն ընդամենը պետք է գրանցվեր պետական մարմիններում: Մինչդեռ դպրոցի պատից հանվեց ազատամարտիկի նկարը, մուտքից ցուցանակը` վրան գրված` Գրիգոր Գեւորգյանի անվան դպրոց, անհետացան անվանակոչությունը հավաստող փաստաթղթերը, եւ շշուկներ տարածվեցին` դպրոցն այլեւս ազատամարտիկի անունով չի կոչվում: 

Շշուկները հասան նաեւ տիկին Աիդային: Ազատամարտիկի կինը սկզբում զարմացավ, հետո փորձեց պարզել իսկությունը, բայց…

«Տենց էլ մեզ համար անհասկանալի մնաց…Անընդհատ հետաքրքրվեցինք, մեզ կոնկրետ որեւէ պատասխան չտվեցին»,- ասում է Աիդա Գեւորգյանը: Նրան լրացնում է Սուրենը. «Ազատամարտիկին էդպես չեն հարգում: Ես չեմ արտահայտվում, բայց խորը վիրավորանք կա: Անվանակոչությամբ հպարտանում էինք»: Տիկին Աիդան ավելացնում է. «Միգուցե մեկ ուրիշի անունո՞վ են ուզում դպրոցը կոչել, չգիտեմ: Բայց ո՞նց կարելի ա»:

Դպրոցում մեզ էլ hստակ պատասխան չտվեցին: Այս ընթացքում 4 տնօրեն է փոխվել: Ներկայիս տնօրեն Կարեն Ենգիբարյանը պարզաբանում է. «Մանկավարժական խորհուրդն է որոշել, որ դպրոցը անվանեն Գրիգոր Գեւորգյանի անվամբ, իսկ թե ինչու՞ չանվանվեց…Որովհետեւ գյուղը այլ ազատամարտիկներ էլ ուներ, որոնք զոհվել էին, միգուցե սա է պատճառը, որ ինչ-որ մեկին չառանձնացնեին, իսկ դասարանները բոլորն արդեն անվանվել են մեր գյուղի զոհված ազատամարտիկների անուններով»: 


Դպրոցի մանկավարժական խորհրդի որոշումը նույնպես չկա դպրոցի արխիվում: Սակայն Հայաստանի ազգային արխիվի Սիսիանի տարածքային ներկայացուցչությունում գտանք ՀՀ պատգամավորների Սիսիանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 1993թ. հուլիսի 1-ի նիստի 10-րդ արձանագրությունը, որի 9-րդ կետում նշված է` «Նկատի ունենալով Շաղատի գյուղխորհրդի միջնորդությունը՝ տեղի միջնակարգ դպրոցն անվանակոչել զոհված ազատամարտիկ Գրիգոր Սուրենի Գեւորգյանի անունով»: Իրավաբան Արկադի Հովհաննիսյանի խոսքով՝ այդ որոշումն օրինականությունը կկորցներ այն չեղյալ ճանաչելու մասին որոշում լինելու դեպքում: Բայց այդպիսի որոշում չկար արխիվում:

Անահիտ Պետրոսյանը` Հայաստանի ազգային արխիվի Սիսիանի տարածքային ներկայացուցչության ներկայացուցիչը, բացառում է նման որոշման առկայությունն ընդհանրապես: «Եթե 1993 թվականին դպրոցը ազատամարտիկի անվամբ կոչելու որոշում է կայացվել, դե բոլորս գիտենք` 1993-ին պաշտպանական մարտեր էին, 1994 թվականին, 95-ին դարձյալ գործողություններ կային, ազգային վերելքը շատ բարձր էր, ուստի անհնար էր, որ որոշումը չեղյալ համարվեր: Հետագայում նույնպես այդ որոշումը չեղյալ ճանաչելու մասին որոշում չէր կարող լինել, ի՞նչ հիմքով պետք է արվեր: Նա մեր ազգային  ազատամարտիկն է»: 

Շաղատի միջնակարգ դպրոցը ազատամարտիկ Գրիգոր Գեւորգյանի անունով կոչելու մասին որոշումը չեղյալհամարող որոշում չի եղել եւ չկա: Այդ մասին հավաստիացնում են Սյունիքի մարզպետարանում, ուստի եւ հիմնավոր չեն անվանակոչությունը ոչ օրինական համարող տեսակետները: «Ընդամենը անվանակոչությունը գրանցելու նպատակով պետք է դիմել պետական մարմիններին եւ հարցը կարգավորել»,- ասում է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Կառլեն Կոզմանովը: Նրա խոսքով՝ խնդիրն առաջացել է կրթօջախի տնօրինության (խոսքը 1993 թվականի տնօրինության մասին է, երբ կատարվել է անվանակոչությունը) անտեղյակության պատճառով: 

Ի դեպ, Սիսիանում նման խնդիր ունի եւս մեկ դպրոց: Սիսիանի թիվ 1 հիմնական դպրոցի ներկայիս ղեկավարները դպրոցը զոհված ազատամարտիկ Արշակ Գրիգորյանի անվամբ կոչելու մասին որոշումը, ինչպես իրենք են նշում, նույնպես չեն գտնում, կասածում են անվանակոչության օրինականությանը: Միայն թե, ի տարբերություն Շաղատի դպրոցի, այս դպրոցի արխիվում պահպանվում է մանկավարժական խորհրդի 11.12.1992թ. արձանագրությունը. «Դպրոցը անվանակոչել 1982-83 ուստարվա շրջանավարտ, թիվ N գումարտակի ազատամարտիկ Արշակ Ժորայի Գրիգորյանի անվամբ: Հանձնաժողովի նախագահ Լեւիկ Ասատրյան»: 

Հայաստանի ազգային արխիվի Սիսիանի տարածքային ներկայացուցչությունում պահպանվում է նաեւ այս դպրոցի անվանակոչության օրինականությունը հաստատող փաստաթուղթը: Ըստ այդմ՝ ՀՀ պատգամավորների Սիսիանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 1993թ. մարտի 26-ի նիստում որոշվել է. «Հիմք ընդունելով Սիսիանի թիվ 1 միջնակարգ դպրոցի մանկավարժական խորհրդի որոշումը՝ դպրոցն անվանակոչել Արշակ Գրիգորյանի անվամբե: 

Անվանակոչությունների պետական գրանցման գործընթացը դպրոցները կարող են իրականացնել նաեւ այսօր: Ցանկության դեպքում, իհարկե: 

Սրբուհի Գրիգորյան

Սիսիան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter