HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հնագիտական ժառանգության պահպանությունը ևս եվրոպական ինտեգրման ցուցանիշ է

Վերջին 30 տարիների ընթացքում մշակութային ժառանգությունը, որի հենասյուներից է հնագիտությունը, գնալով կանգնում է առավել բարդ խնդիրների առջև` այս դաշտում հայտնված նոր միջամտողների պատճառով. խնդիրներն այլևս չեն սահմանափակվում շենքերով ու շինություններով և խոսքը վերաբերում է նաև շրջակա միջավայրին ու լանդշաֆտին: Եվ քանի որ հնագիտական գործողությունները նախ և առաջ ենթադրում են ավերում, ուստի այդ ժառանգության վերաբերյալ որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնվեն թե ներկա և թե ապագա սերունդների կարիքները, պետք է կարողանալ ճիշտ գնահատել սպասվող արդյունքները:

Այս համատեքստում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և այս օրերին հնավայրում պեղումներ իրականացնող ֆրանսիական արշավախմբի նախաձեռնությամբ 2011թ. հունիսի 28-29-ին արգելոց-թանգարանի ժամանակավոր ցուցահանդեսների սրահում տեղի ունենցան դասախոսություններ` նվիրված հնագիտական ժառանգության արդի խնդիրներին Եվրոպայում ու, մասնավորապես, Ֆրանսիայում: Դասախոսություններով հանդես եկան Ստեֆան Դեշամպը (Բրետան) և Ֆրանսուա Ֆիշե Դը Կլերֆոնտենը (Ներքին Նորմանդիա):

Ներկայացնելով Ֆրանսիայում ներկայումս գործող օրենսդրական շրջանակը և հնագիտական ժառանգության պահպանության մասին Ֆրանսիայի օրենքը` Ս. Դեշամպը  կարևորեց նաև այս բնագավառում միջազգային համաձայնագրերն ու հանձնարարականները: Մասնավորապես անդրադարձ արվեց 1992թ. Եվրոպայի խորհրդի կողմից ընդունված «Հնագիտական ժառանգության պաշտպանության մասին» Վալետտայի կոնվենցիային, որին Հայաստանը ևս անդամակցում է 2005 թվականից:

Խոսելով հնագիտական ժառանգությանը սպառնացող վտանգների մասին  (գյուղատնտեսություն, տուրիզմ, կառուցապատում, տնտեսական ներդրումներ, կառուցապատում և այլն), ֆրանսիացի հնագետները ներկայացրին հնագիտական ժառանգության պահպանության ժամանակակից սկզբունքը` «կանխարգելիչ» կամ «նախազգուշական» հնագիտությունը, որի նպատակն է մինչև պեղումներ ձեռնարկելը և կառուցապատման նախագծերի իրականացումը կանխատեսել և խուսափել ավերումից:

Եվրոպական շատ երկրներում արդեն կիրառվող «ով փչացնում է` նա էլ վճարում է» սկզբունքին ունկնդիրները ծանոթացան բազմաթիվ օրինակներով. ցուցադրվեցին դեպքեր  Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի և Եգիպտոսի մեծ ու փոքր քաղաքների օրինակով:  Ս. Դեշամպը մասնավորապես նշեց, թե որքան մեծ է հասարակական գիտակցության դերը հնագիտական ժառանգության պահպանության գործում: Նա նույնիսկ տեսակետ հայտնեց, որ Եվրոպայում շատ դեպերում ի շահ ժառանգության պահպանության առավել արդյունավետ աշխատում է  հենց հասարակական կարծիքը` ի հակակշիռ  օրենսդրական երկարատև  ընթացակարգերի: 

Հնագիտական ժառանգությունը հանրությանը մատչելի դարձնելու նպատակով մշակվող հանրահռչակման ծրագրերի մասին խոսեց Ներքին Նորմանդիայի հանգիտական ծառայության ղեկավար Ֆրանսուա Ֆիշե Դը Կլերֆոնտենը:

Մասնավորապես ներկայացվեց օրինակներ քաղաքային միջավայրում հնագիտական մնացորդների արժևորման ֆրանսիական և գերմանական փորձից, որոնք վկայում են քաղաքային միջավայրում հնագիտական մնացորդների պահպանությունը հիպոթեզից առարկայական դառնալու մասին: Սակայն հնագետը նաև ընդգծեց, որ    հասարակության համար այցելելի հայտարարված հնավայրը երբեք չպետք է մատչելիության անվան տակ ենթարկվի սպառնալիքների ու վտանգների:

Առանձին դասախոսությամբ  ներկայացվեց հնագիտական ժառանգության շերտագրության և թվագրության թեման: Ս. Դեշամպը մասնավորապես մեկնաբանեց 1970-ականներին անգլիացի հնագետ Հարրիսի կողմից մշակված համակարգը` հնագիտական նյութերի հաշվառման,  քարտագրման և վավերագրման վերաբերյալ:

Դասախոսություններին ներկա էին ժառանգության պահապաններ, երիտասարդ հնագետներ և պատմամշակութային ժառանգության բնագավառում մասնագիտացող բուհ-երի ուսանողներ:

«Էրեբունի» պատմահնագիտական  արգելոց-թանգարան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter