HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվեց 4-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը

4-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը հունիսի 24-25-ը իր շուրջը հավաքեց տեխնոլոգիական ապրանքներ ու ծառայություններ մատուցողներին և գործարար սպառողներին: ՏՀՏ ընկերությունները ներկայացրեցին իրենց տեխնոլոգիական նորագույն լուծումները, բիզնեսի ավտոմատացման ծրագրերը, ինովացիոն մոտեցումները,  իսկ բիզնեսի ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներ հնարավորություն ունեցան գնահատել` որքանով այդ առաջարկները կօգնեն բարելավել իրենց աշխատանքային գործընթացները, բարձրացնել տրամադրվող ծառայությունների որակը, նվազեցնել արտադրական ծախսերը և այլն:

Ֆորումի ընթացքում իրենց տեխնոլոգիական նորագույն լուծումներն ու ինովացիոն մոտեցումները ներկայացրեցին շուրջ 30 կազմակերպություններ, որոնք են` «ԱրմենՏել», «Մայքրոսոֆթ», «Յունիքոմփ», «Ինտերակտիվ Վորլդ», «Այքան Քոմունիքեյշնս», «ԹԱՍԿ», «Շիրակ տեխնոլոգիաներ», «Իննովասիս», «Սեվեն Սմարթս», «Ֆլեքսիբլ Ափլիքեյշնս», «Շահումյան Մեդիա», «ԱՅ-ԹԻ Լոջիք», Մեմկոսոֆթ, «Դ-Լինկ», «Յունիթել», «Սաբիո Սթրաթեջիս», «Նեոմեդիա» ընկերությունները, «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը, «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման կենտրոնը, «ՍՓՅՈՒՌ» տեղեկատվական կենտրոնը, Եվրասիա միջազգային համալսարանը («Էլեկտրոնային բիզնես» մագիստրոսական ծրագրով), CDPF-ը:

Իրենց երկրի բիզնես ոլորտի ՏՏ լուծումները ներկայացրեցին նաև վրացական 5 ընկերություններ` CIMS ConsultingProf., GEC Developments Corporation, P.H. Navigator, DPA, PIK Web Portal, և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը: Ֆորումի շրջանակներում տեղի ունեցավ հայ-վրացական բիզնես ֆորում: «Հայկական ու վրացական ընկերությունների միջև լուրջ համագորցակցության փոխադարձ ցանկություն կա: Մոտ երկու ամիս առաջ մենք բիզնես ֆորում կազմակերպեցինք  Վրաստանում, և ԴիջիԹեք բիզնես ‎ֆորումում վրացական ընկերությունների մասնակցությունը  համագործակցության հաջորդ քայլն էր»,- նշում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

ԴիջիԹեք բիզնես ֆորումի պատվավոր հյուրերն էին «Տոշիբա» ընկերության Ռուսաստանի և ԱՊՀ տարածաշրջանի գլխավոր մենեջեր Կատրին Մասկեն և ԱՊՀ տարածաշրջանում և Վրաստանում վաճառքների ղեկավար Դմիտրի Սոլովեյը:

«Մեր ընկերության համար բիզնես ֆորումը յուրահատուկ հնարավորություն էր ներկայացնելու մեր ամենաարդիական լուծումները` Տոշիբա ապրանքանիշի տպիչներ, բազմաֆունկցիոնալ տպագրական տեխնիկա, ծրագրային լուծումներ և այլն, որոնք հատկապես հետաքրքրեցին բանկային և կրթական ոլորտի ներկայացուցիչներին: Ձեռք բերվեցին նախնական համաձայնություններ, պայմանավորվածություններ տարբեր ընկերությունների հետ, որոնք էլ, հուսով ենք, հետագայում կվերածվեն երկարատև համագործակցության: Կարող ենք ասել է, որ բիզնես ֆորումը որոշակիորեն ծառայեց իր նպատակին»,- նշում է «Թասկ» ընկերության հիմնադիր Ակսել Թևոսյանը: Ի դեպ, «Տոշիբա»-ի արտադրանքը հայաստանյան շուկայում ներկայացնում է «Թասկ» ընկերությունը:

ԴիջիԹեք Բիզնես ֆորումին զուգահեռ տեղի ունեցավ նաև Մայքրոսոֆթ Ինովացիոն Ֆորումը, որի շրջանակներում նշվեց «Մայքրոսոֆթ Հայաստան»-ի 5-րդ տարեդարձը, ամփոփվեց ընկերության գործունեությունը, քննարկվեցին ձեռքբերումները կրթության ոլորտում, նորաբաց Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնը և «Երևակայության Գավաթ» մրցույթը Հայաստանում և այլն:

«ԱրմենՏել» և «Մայքրոսոֆթ» ընկերությունները ներկայացրեցին «ամպային տեխնոլոգիաները»` տաղավարներում ցուցադրելով այդ տեխնոլոգիայի վրա հիմնված ծառայությունները: «DigiTec Business չորրորդ ֆորումն, անշուշտ, հանդիսացավ ևս մեկ քայլ Հայաստանի տեխնոլոգիական և տնտեսական ոլորտների զարգացման գործում: «Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսություն» կարգախոսին համահունչ բիզնես-ֆորումի ընթացքում ներկայացրած բոլոր զեկույցներում և քննարկումներում առկա էր երկխոսելու և համագործակցելու իրական պատրաստակամությունը, ինչը շատ ողջունելի է», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Բիզնես ֆորումին սեփական արտադրության տեխնոլոգիաներով հանդես եկավ նաև «Ինտերակտիվ Վորլդ» ընկերությունը` ներկայացնելով թաչսքրին համակարգերը, 3D  հոլոգրաֆիկ բուրգը, 3 D պրոեկցիան, համալրված իրականություն տեխնոլոգիան: «Մենք մեծապես կարևորում ենք նման միջոցառումները, որովհետև հենց դրանք են օգնում պահել հետադարձ կապը սպառողների հետ, ստանալ նոր կարծիքներ, հասարակության և բիզնես սեկտորի ուշադրությանը ներկայացնել նոր լուծումներ: Ինչպես և սպասում էինք, բիզնես ֆորումը լուրջ խթան դարձավ մեր կողմից առաջարկվող լուծումների ճանաչելիության, գործնական կապերի հաստատման և գործընկերների ձեռքբերման գործընթացներում: Վստահ ենք, որ բիզնես ֆորումի շրջանակներում հաստատված կապերը ամուր հիմք կլինեն ապագա համագործակցության համար»,- ասում է ընկերության տնօրեն Արտաշես Հակոբյանը:

Ֆորումի արդյունքներից գոհ է նաև «Ֆլեքսիբլ Ափլիքեյշնս»  ընկերության տնօրեն Դավիթ Գրիգորյանը. «Ֆորումի ընթացքում ռեալ կապեր հաստատեցինք մի շարք բանկերի, խոշոր սուպերմարկետների հետ և ներկա դրությամբ նրանց հետ համագործակցության քննարկումներ ենք վարում: Կան նաև ընկերություններ, որոնց հետ արդեն պայմանագրեր ենք կնքում»:

Ֆորումի ընթացքում կնքվեց եռակողմ համագործակցության համաձայնագիր Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի և «Ֆինանսաբանկային քոլեջ» հիմնադրամի միջև, որի նպատակն էր նպաստել ՀՀ կրթական, ֆինանսական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter