HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Հաղթող է ճանաչվել լրագրողին մրցույթից «հեռացրած» պաշտոնյայի որդին

«Վանաձորյան խճանկար» թերթի լրագրող Գայանե Սարգսյանի հասցեին մարզային «Ֆորտունա» հեռուստաընկերության եթերից Վանաձորի քաղաքապետի հնչեցրած վիրավորական արտահայտություններից մի քանի օր հետո համայնքային ծառայության թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթի ժամանակ նույն լրագրողին վիրավորել է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար  Գագիկ Սիմոնյանը: Լրագրողը սեղանին դրված թղթից փորձել է կարդալ, թե ովքեր են հանձնաժողովի անդամները, պաշտոնյան սենյակի մյուս ծայրից գոռացել է. «Դու տեղդ նստիր, մեկ ա՝ խելքդ չի հասնում»:

Լրագրողին վիրավորելու, նրա մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի կապակցությամբ մեկնաբանություն խնդրեցինք տվյալ պաշտոնյայից: Դեռ մի բան էլ ինքը վիրավորված ներկայացավ` ասելով, թե «Ֆեյսբուք» սոցիալական  ցանցում վիրավորական մեկնաբանություններ են գրվել  իր հասցեին` չնայած ինքն էլ նշեց,  որ անձամբ չի ծանոթացել դրանց:

Դիտարկմանը, որ ընթերցողներն են արձագանքել իր նման պահվածքին, և որ ինքն էլ լրագրողի, առավել ևս` ընտանիքի կնոջ ու մոր արժանապատվությունն է վիրավորվել տղամարդ պաշտոնյաների ներկայությամբ, Գագիկ Սիմոնյանն սկսեց արդարացնել իրեն. «Երբ որ ես ինչ-որ մի խնդրի եմ առնչվում, որից իմ խելքը չի հասնում, ես առաջին հերթին ասում եմ` էս պահին էս խնդրից իմ խելքը չի հասնում, ես սկսում եմ այդ խնդրի վրա աշխատել այնքան, մինչև որ ինձ համար հասկանալի լինի խնդիրը»: Առարկությանը, որ տվյալ լրագրողը բանիմաց է, ինչու՞ է պաշտոնյան կարծում, որ նրա խելքը չէր հասնի, Գագիկ Սիմոնյանն ասաց. «Որ չիմանայի չէի ասի, ես արդեն պահվածքից տեսա: Եթե նա ներկա էր առանց որևէ խոչընդոտի, նաև պետք է իմանար, թե ներկա լինելը ինչ է նշանակում: Ձեր նշած անձնավորության հոդվածները թերթում գնացեք ծանոթացեք, ինքներդ էլ եզրակացություն արեք: Մարդը աշխատանքի պրոցեսում  է, և էդ պրոցեսում արդեն սեռը  դեր չի խաղում»:

Նրա ասելով` ոչ թե ինքն է խոչընդատել լրագրողի մասնագիտական պարտականությունների կատարմանը, այլ հակառակը, լրագրողն է խանգարել հանձնաժողովի աշխատանքներին. «էդ փուլում, երբ որ թեսթավորման առաջադրանքն էր համակարգիչը ստեղծում, ու մասնակիցները արդեն նստած սպասում էին, միջամտելու իրավունք ոչ ոք չուներ: Համայնքային ծառայողի անձնական գործին ծանոթանալու իրավունք ունի միայն համայնքային ծառայողը: Անձնական գործից որևէ տեղեկություն արգելված է տրամադրել այլ անձի, քանի դեռ համայնքային ծառայողի համաձայնությունը չի եղել»: 

Դիտարկմանը, սակայն, որ տվյալ պահին փաստաթղթերը ոչ թե համայնքային ծառայողների, այլ դեռևս մրցույթի մասնակիցների վերաբերյալ են եղել, պաշտոնյան շտապեց ուղղել իրեն. «Ես ընդամենը բերեցի օրինակ»: Խնդրեցինք վկայակոչել նաև այն օրենքները, որոնցով, ըստ պաշտոնյայի, մրցույթին ներկա գտնվող լրագրողն իրավունք չուներ ծանոթանալու մրցույթին ներկայացված փաստաթղթերին: Գ. Սիմոնյանն, ըստ էության, չպատասխանեց նշված հարցին. «Ես հիմա դասախոսական աշխատանքով չեմ զբաղվում, և իմ աշխատանքային ժամին դասախոսությամբ զբաղվելու հնարավորություն չունեմ, առավել ևս որ մասնագիտությամբ իրավաբան չեմ: Այստեղ օրենսդրական որևէ խնդիր չի եղել, և այն, ինչ կատարվում է, ոչ մի կապ չունի որևէ օրենսդրության հետ»: Հարցին` այդ դեպքում ինչի՞ հետ կապ ունի, ասաց. «Ես չգիտեմ, գնացեք էդ էլ դուք մտածեք»: Գագիկ Սիմոնյանն իր հայեցողությամբ եզրափակեց հարցազրույցը և հարցերին չպատասխանած` հաջողություն մաղթեց:

Գագիկ Սիմոնյանի ասելով` լրագրողը միջամտել է հանձնաժողովի աշխատանքներին հետևյալ կերպ. «Էդ թղթապանակի մեջ կային փաստաթղթեր, որոնք դեռ նախագիծ վիճակում էին` որոշում չէին դառել, և այդ փաստաթղթերը էդ վիճակով, որ էդ պահին կային, դեռ դրանք հրապարակման ենթակա չէին` մեկ, երկրորդը` մրցույթի մասնակիցների անձնական գործերն էր դրված, որը էլի օրենքով սահմանված ձևով կազմված էր, և դա հանձնաժողովի անդամների համար է նախատեսված, որ նրանք ծանոթանան: Այլ անձանց թույլատրվում է ծանոթանան միայն այն մարդու ցանկությամբ, որի գործը կազմված է»:

Ի գիտություն պարոն Սիմոնյանի` «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու» կարգի մեջ նշված է, որ հանձնաժողովի որոշմամբ մրցույթին ներկա գտնվելու իրավունք ունեն մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև հրավիրված դիտորդներ:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ  օրենքով` լրագրողն իրավունք ունի օրենքով չարգելված ցանկացած եղանակով փնտրել, հարցում անել, ստանալ, գտնել և տարածել տեղեկատվություն. մուտք ունենալ դեպի պետական, առևտրային կամ օրենքով սահմանված այլ գաղտնիք չպարունակող փաստաթղթեր և նյութեր, դրանցից կատարել քաղվածքներ ու պատճեններ. գրառումներ կատարել` օգտվելով տեսագրության, ձայնագրության, նկարահանման, լուսանկարահանման տեխնիկայից: 

Բացի այդ, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված են տեղեկատվության ազատության ապահովման 4 հիմնական սկզբունքները` 1. տեղեկությունները գրանցելու, դասակարգելու և պահպանելու միասնական կարգի սահմանումը,  2. տեղեկություններ փնտրելու և ստանալու ազատության պաշտպանությունը, 3. տեղեկություններ տրամադրելու մատչելիության ապահովումը, 4. հրապարակայնությունը, որոնցից` լրագրողի` տեղեկություններ փնտրելու և ստանալու ազատության պաշտպանությունը  դեռ չի նշանակում հրապարակայնացում:  Այսինքն` փաստաթղթերին ծանոթանալը պարտադիր կերպով չի ենթադրել լրագրողի կողմից դրանց մեջ պարունակվող տեղեկատվության հրապարակայնացում:

Նույն օրենքի 8-րդ հոդվածով` սահմանվում են տեղեկատվության ազատության սահմանափակումները. տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա՝ 1) պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք. 2) խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը. պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները. բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք). խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները։ Նշված օրենքում չկա որևէ կետ, որ մրցույթի մասնակցի ինքնակենսագրությունը (ինչը Վանաձորի քաղաքապետն էր վկայակոչում օրերս տված իր հարցազրույցում) պարունակում է անձնական կյանքի մասին գաղտնի տեղեկություններ:

Ավելին, նույն օրենքով, եթե պահանջվող տեղեկության մի մասը պարունակում է տվյալներ, որոնց տրամադրումը ենթակա է մերժման, ապա տեղեկություն է տրամադրվում մնացած մասի վերաբերյալ:  Ուստի` պարոն Սիմոնյանը կարող էր իր կարծիքով գաղտնի համարվող տեղեկություններն առանձնացնելով` մնացած փաստաթղթերը տրամադրել լրագրողին:

Գագիկ Սիմոնյանի կազմակերպած  մրցույթում հաղթող է դարձել նրա որդին

Ինչպես նշեց Գագիկ Սիմոնյանը, մրցույթում լիազորված անձի պարտականություն է ստանձնել քաղաքապետի որոշման համաձայն: Մրցույթի կազմակերպման գործընթացը նրան է հանձնարարվել: Իսկ ապրիլի 4-ին անցկացված մրցույթի արդյունքներով Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի առաջատար մասնագետի (3.1-32) թափուր պաշտոնում հաղթող է ճանաչվել նրա որդին` Տարոն Սիմոնյանը: Ինչ վերաբերում է Գագիկ Սիմոնյանին, նա քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնն զբաղեցնում է արդեն 11 տարի` քաղաքապետի պաշտոնավարությանը զուգընթաց: Նրա դուստրը` Տաթևիկ Սիմոնյանն էլ է քաղաքապետարանում աշխատում: Քաղաքապետարանի ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման բաժնի փակվելուց հետո էլ չզրկվեց աշխատանքից և տեղափոխվեց քարտուղարության բաժին: Սիմոնյան ընտանիքի հետ քաղաքապետը բարեկամական կապեր չունի, Սիմոնյանները քաղաքապետի ծննդավայր ու բնակավայր`  նույն Ղշլաղ գյուղից են, և, ինչպես քաղաքապետը պատմեց վերջին հարցազրույցի ժամանակ, Սիմոնյան Գագիկի հայրն իր ֆիզիկայի ուսուցիչն է եղել, որի շնորհիվ, քաղաքապետի խոսքով, ինքը լավ ինժեներ է դարձել:

Մեկնաբանություններ (2)

Արմինե
Նալլաթ քեզ չար սատանա....((
Կորյուն
Ղշլաղ՝ հանճարների ծննդավայր, օրրան կենարար իմաստության ու դրախտավայր տաղանդների :) :)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter