
«Արդի հայ թատրոնը, որոշ բացառություններով, չունի վերաբերմունք սեփական ժամանակի հանդեպ»
Ազգային թատերական ստեղծագործական միավորումը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ս. թ. ապրիլի 10-ից մայիսի 2-ը նախաձեռնում է «Թատրոն-X» 6-րդ հանրապետական փառատոնը՝ «Բանավեճի փառատոն, մշակութային միասնություն» կարգախոսի ներքո:
Այս տարի փառատոնին կմասնակցեն հայաստանյան 17 թատրոններ և թատերախմբեր:
Ընդունված ձևաչափի համաձայն յուրաքանչյուր ներկայացումից հետո տեղի կունենան հրապարակային քննարկումներ:
Այս թեմայով հրավիրված ասուլիսի բանախոսներն էին փառատոնի կազմակերպիչներն ու մասնակիցները:
Փառատոնի մասնագիտական հանձնախմբի նախագահ Լևոն Մութաֆյանի խոսքերով՝ այս փառատոնը փորձում է լուծել նաև թատերական ինտեգրման կարևորագույն հարցերը, սփյուռքի հետ կապերը:
«Այս 6 տարվա ընթացքում փառատոնը որոշակի հարցեր եթե ոչ լուծել, ապա գոնե ուրվագծել է, ուղղություններ ցույց է տվել: Դերասանական կատարողական արվեստը Հայաստանի այսօրվա թատերական կյանքում ահավոր կաղում է: Երբ համեմատում ենք ռուսական կամ եվրոպական թատրոնների դերասանների հետ, տեսնում ենք մեծ տարբերություն. մենք դոփում ենք տեղում: Բոլոր դեպքերում, հանդիսատեսի հետ անմիջական կապը և ազդեցությունը իրականացնում է դերասանը, և եթե մենք չունենք այդ գործիքը, ապա ամենալավ ցանկություններն անգամ կմնան օդի մեջ»,- ասաց փառատոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
«Փառատոնն, ըստ իս, քաղաքի ինտելիգենտ խավի աշխուժացման, քաղաքին փայլ տալուն է կոչված: Հիշում եմ առաջին «Թատրոն-X» փառատոնը, երբ Պատանի հանդիսատեսի թատրոնում մի ներակայացումից հետո դուրս եկանք և թատերագետներից մեկն ասաց՝ այ տեսնում եք, մենք հասնում ենք ինչ-որ իմաստով մեր նպատակին, մարդիկ փողոց դուրս գալիս խոսում են թատրոնից»,- նշեց մասնագիտական հանձնախմբի անդամ Հովհաննես Թեքգյոզյանը:
Փառատոնի նախագահ Արա Խզմալյանի դիտարկմամբ՝ ընկալողի մակարդակով է պայմանավորված, թե մենք ինչ որակի թատրոն կունենանք: «Հակառակ դեպքում մշակույթը կմնա որպես դեսանտ՝ իջեցված մի միջավայր, որտեղ ընդունակ չեն հասկանալու մշակութային կոդերը, իրողությունները: Ցավոք սրտի, արդի հայ թատրոնը, որոշ բացառություններով, չունի վերաբերմունք սեփական ժամանակի հանդեպ»,- ասաց Խզմալյանը:
Հիշեցնենք, որ փառատոնի բացումը տեղի կունենա այսօր՝ ապրիլի 10-ին, ժ. 18.00-ին, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, որ ժամանակ կկայանա փառատոնի պատմությունը ներկայացնող ֆիլմի շնորհանդեսը:
Փակման արարողությունը՝ մայիսի 2-ին, ժ. 19.00-ին, «Երկաթ» ակումբում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել