HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատավորի սիրտը «պայթում» էր, իսկ կողմերը «խանդի տեսարաններ» էին սարքում

Հունիսի 28-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում, դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ քննվեց Համլետ Առուշանյանի դեմ հարուցված քրեական գործը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316  հոդվածի 2-րդ մասով, այն է` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը` օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ դիմադրելը կամ նրան ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն հարկադրելը, որը կատարվել է բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով:

Տուժողը ոստիկան էր, այդ իսկ պատճառով դահլիճի նստատեղերի զգալի մասը զբաղեցրել էին ոտիկանները: Դատավարությունն ընթանում էր չափազանց լարված մթնոլորտում: Դատավորն այն աստիճանի էր նյարդայնանում, որ մերթ ընդ մերթ հայտարարում էր, թե «իմ սիրտն էլ է պայթում, բայց ինչ անեմ», կամ պաշտպանության կողմին եւ մեղադրողին խորհուրդ էր տալիս «խանդի տեսարաններ չսարքել»: Քանի որ երկու կողմերում էլ տղամարդիկ էին, դատավոր Վահե Խալաթյանը ընդմիջումներից մեկի ժամանակ հստակեցրեց իր ասածը, որպեսզի այլ կերպ չհասկանան. «խոսքս մասնագիտական խանդի մասին է, այլ բան չհասկանաք»:

Ըստ առաջադրված մեղադրանքի` 2010 թ. հունիսի 26-ին, ժամը 17:00-ի սահմաններում Համլետ Առուշանյանը իրեն վստահված «Դայմլեռ-Բենց»  մակնիշի ավտոմեքենայով խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները, այն է` խաչմերուկում չզիջելով երթեւեկության նկատմամբ առավելություն ունեցող տրանսպորտային միջոցին եւ գերազանցելով սահմանված արագությունը երթեւեկել է Ծովակալ Իսակով եւ Բաբաջանյան փողոցների խաչմերուկից  «Զվարթնոց» օդանավակայանի ուղղությամբ: Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչ Հովհաննես Մկրտչյանը եւ տեսուչ Կարեն Ստեփանյանը ծառայություն իրականացնելով հիշյալ տարածքում, Երեւանյան խճուղում գտնվող Արմավիրի մարզի ՃՈ նախկին անշարժ պահակակետի դիմաց կանգնեցրել են Հ. Առուշանյանին: Կարեն Ստեփանյանը մոտեցել է նրան, պարզաբանել կատարած խախտումը եւ պահանջել է ներկայացնել վարորդական իրավունքի վկայականն ու ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը:

Համլետ Առուշանյանը, չընդունելով իր կատարած խախտումը, վերացական հայհոյանքներ է հնչեցրել եւ հրաժարվել է փաստաթղթերը ներկայացնել: Հովհաննես Մկրտչյանը եւս մեկ անգամ Հ. Առուշանյանին պարզաբանել է նրա կատարած խախտումը, որից հետո փաստաթղթերն ստանալով` ցանկացել է կազմել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Հ. Առուշանյանն սկսել է խոչընդոտել ոստիկանության աշխատակցի օրինական գործողությանը, չի ենթարկվել օրինական պահանջին, վիճաբանել եւ քաշքշել է նրա ձեռքից, խանգարել արձանագրությունը կազմելուն: «Այդ ընթացքում, անցնելով անշարժ պահակակետի հետեւը, Հ. Առուշանյանը դարձյալ փորձել է համոզել Հովհաննես Մկրտչյանին արձանագրությունը չկազմել, բայց հասկանալով, որ Հ. Մկրտչյանը, այնուամենայնիվ, կազմելու է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, ցանկանալով դադարեցնել իշխանության ներկայացուցչի ծառայողական գործունեությունը, դիտավորությամբ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ոստիկանության աշխատակցի նկատմամբ` բռունցքով հարվածել է նրա դեմքին եւ գցել գետնին` պատճառելով առողջությանը միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով, որից հետո դիմել է փախուստի»,- գրված է առաջադրված մեղադրանքում:

Դատարանում մեղադրանքը պաշտպանում են 2 դատախազներ`  Արմավիրից` Արմեն Կարապետյանը եւ ՀՀ գլխավոր դատախազությունից` Կորյուն Փիլոյանը: Վերջինս երեկվա նիստին ներկա չէր: Հ. Առուշանյանը նույնպես երկու պաշտպան ուներ` Կրոմվել Գրիգորյանն ու Վահագն Բաբայանը:

Գործում ներգրավված վկաներից երեկ հարցաքննվեցին երկուսը` ճանապարհային ոստիկաններ Սլավիկ Կարապետյանն ու Աշոտ Մանուկյանը: Դատավարության ժամանակ կրքերը բորբոքվեցին կոչումով կապիտան Սլավիկ Կարապետյանին հարցեր ուղղելու ժամանակ: Նա նախաքննության եւ դատաքննությունների ժամանակ հակասական ցուցմունքներ էր տվել, եւ փաստաբան Կրոմվել Գրիգորյանը փորձում էր հարցերով ճշտել, թե ինչու է վկան մի դեպքում ասել, որ «ԳԱԻ-ի պոստի» հետեւի մաս անցնելը ճանապարհային ոստիկանի պարտականությունների հետ կապ ունի, իսկ առերեսումների եւ դատաքննության ժամանակ հայտարարել, թե կապ չունի: Ուղիղ 30 րոպե պահանջվեց, մինչեւ վկան հստակ պատասխան կտար, իսկ ամբաստանյալ Առուշանյանի փաստաբանը մինչեւ վերջ պնդում էր, որ վկան հստակ պատասխան տա:

Դատավոր Խալաթյանն ու մեղադրող Կարապետյանը մի քանի փորձեր արեցին վկային պաշտպանելու համար: Դատավորը նույնիսկ փորձում էր հուշել, թե վկան ինչ ասի, իսկ մեղադրողն առարկում էր պաշտպանի հարցերին:

Դատավոր Վահե Խալաթյանը` գլուխը ձեռքերի մեջ առած, գրեթե խնդրում էր վկա Սլավիկ Կարապետյանին, որ հստակ պատասխան տա եւ կարողանան դատաքննությունն առաջ տանել: «Ասա, էլի, ասա, մի նախադասությամբ հստակ ձեւակերպի»,- ասում էր դատավորը: Սլավիկ Կարապետյանը 30 րոպեների ընթացքում այդպես էլ չկարողացավ ասել, թե ինչու է տարբեր ցուցմունքներ տվել նույն հարցի վերաբերյալ: Նա հայտարարեց, թե չգիտի` ինչու է այդպիսի ցուցմունքներ տվել, ապա հորդորեց դատարանին. «շարժվենք առաջ»:

«Ու՞ր շարժվենք, հարցին պատասխանի»,- հնչեց դատապաշտպան Կրոմվել Գրիգորյանի արձագանքը, ինչին հաջորդեց դատավոր Խալաթյանի պատասխանը. «Մարդը պատասխանեց, էլի, ասում է` չգիտի»: Փաստաբանը դատարանին հիշեցրեց Սլավիկ Կարապետյանի կոչումը եւ հայտարարեց, որ հարկ է բժշկական ստուգման ենթարկել նրան:

Կրոմվել Գրիգորյանը հրապարակեց ճանապարհային ոստիկանապետ Մարգար Օհանյանից հարցումով ստացած մի գրություն, ըստ որի` դեպքի օրը Հովաննես Մկրտչյանը նշված վայրում հերթապահութան ցուցակում ընդգրկած չի եղել, հետեւաբար այնտեղ չպետք է գտնվեր: Այդ գրությունը կասկածի տակ դրեց մեղադրող Արմեն Կարապետյանը` հայտարարելով, թե այն ճիշտ չէ, եւ ինքը նոր հարցում կանի դրա հետ կապված: «Երեւի այդ գրություն կազմողը կոֆե ա խմել ու ձեռի հետ էլ այդ գրությունն ա կազմել»,- հայտարարեց դատախազը:

«Դե լավ, էլի, էս ի՞նչ եք անում, մարդը հարցումով դիմել է ու ստացել է պաշտոնական պատասխան, ի՞նչ կոֆե խմել, ի՞նչ բան»,- հայտարարեց դատավորը: Վերջում կողմերը համաձայնեցին գրության հետ կապված հարցեր չտալ վկա Սլավիկ Կարապետյանին, մինչեւ մեղադրողն ինքը հարցումով դիմի ճանապարհային ոստիկանություն եւ ստանա պատասխան: Սլավիկ Կարապետյանը հեռացավ դատարանի դահլիճից` պայմանով, որ առիթի դեպքում նորից կհրավիրվի վկայություն տալու համար:

Հաջորդ վկային` Աշոտ Մանուկյանին, հարցեր էր տալիս մեղադրողը: Նա ակնհայտ ուղղորդված ձեւով էր հարցերն ուղղում, այնպես, որ վկային մնում էր միայն այո կամ ոչ ասել: Փաստաբան Կրոմվել Գրիգորյանը դատավորի ուշադրությունը հրավիրեց մեղադրողի գործողություններին: Ի պատասխան` դատավորը հայտնեց. «Վատ բան չեմ տեսնում մեղադրողի գործողությունների մեջ: Նորմալ հարցեր է տալիս, ի՞նչ է եղել»:

«Պետք չէ տեսնել, նաեւ լսեք, հարգելի դատավոր»,- փոխադարձեց փաստաբանը:

Դատավորը, արդեն չկարողանալով շտկել վիճակը, ստիպված եղավ մեղադրողի հարցերից մի քանիսը հանել, քանի որ հարցն իր մեջ պատասխան էր պարունակում, եւ մեղադրողն էլ ակամայից ստիպում էր, որ իր հարցին վկան «այո» պատասխանի: «Հենց ես եմ հարցեր տալիս` վկաները ոչ մի բան չեն հիշում, իսկ մեղադրողի հարցերին իրար հետեւից պատասխանում են, այդպես ո՞նց կլինի»,- ասաց Կ. Գրիգորյանը:

Քանի որ փաստաբանը շատ միջամտեց դատաքննությանը, դատավորը Կ. Գրիգորյանին երկու նկատողություն արեց, ինչից հետո փաստաբանը հայտարարեց, թե դատավոր Խալաթյանը նույնպես կողմնակալ դիրք է բռնել այս գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter