HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«82-րդ տեղը մեզ չի կարող բավարարել». Տիգրան Սարգսյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը։

Նիստից առաջ Տիգրան Սարգսյանն ասել է, որ երեկ հրապարակվել է Հայաստանի ցանցային պատրաստվածության վերաբերյալ տեղեկատվությունը, որի համաձայն մեր երկիրը համաշխարհային ցանցային պատրաստվածության համակարգում 12 տեղով բարելավել է իր դիրքը և 144 երկրների շարքում զբաղեցնում է 82-րդ հորիզոնականը։

«Մանրամասն վերլուծությունը ցույց է տալիս, որ չնայած այս բնագավառում մենք 12 քայլ առաջ ենք գնացել, սակայն դեռևս ունենք լուրջ անելիքներ, որովհետև նույնիսկ տարածաշրջանում մենք մրցակցային առումով հետ ենք մնում և՛ Ադրբեջանից, և՛ Վրաստանից, - հավելել է Տիգրան Սարգսյանը։ - Հասկանալի է, որ ճեղքվածքը, որը գոյություն ուներ հարևան երկրների, մասնավորապես Ադրբեջանի հետ, նվազել է, բայց, այնուամենայնիվ, 82-րդ տեղը մեզ չի կարող բավարարել։ 

Անհրաժեշտ է, որպեսզի տրանսպորտի և կապի նախարարությունը մեզ միջոցառումների ծրագիր ներկայացնի, թե ինչ քայլեր պետք է անենք, որպեսզի էապես բարելավենք մեր դիրքը։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ շատ խնդիրներ պահանջելու են, որպեսզի կառավարության գերատեսչությունները ջանքեր գործադրեն։ 

Եթե տրանսպորտի և կապի նախարարության լիազորությունների ներքո գտնվող միջոցառումները դիտարկենք, ապա այստեղ մեր դիրքերն ավելի ամուր են, քան, օրինակ, դատաիրավական համակարգի անկախության ցուցիչը, պայմանագրերի կիրառման գործընթացների քանակը. այս ցուցանիշներով մենք 137-րդ տեղում ենք, տեղական մրցակցության ինտենսիվության տեսակետից ՝ 130-րդ, դատաիրավական համակարգի անկախությամբ՝ 110-րդ տեղում։ 

Հասկանալի է, որ հենց այս ցուցանիշները պետք է բարելավենք, որպեսզի առաջընթաց արձանագրենք։ Այս աշխատանքը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը պետք է համակարգի, քանի որ սա իր պատասխանատվության ոլորտն է։ Եթե անհրաժեշտ է, մենք կարող ենք կառավարության որոշում ընդունել և ամրագրել, թե որ գերատեսչություններն ինչ պետք է անեն, որ էական բարելավում ունենանք։ Ես այս հարցը սրում եմ, որովհետև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեր գերակա ուղղությունն է, և մենք չենք կարող բավարարվել 82-րդ տեղով»։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter