Ախուրյան համայնքի 182 անօթեւանների թիվն ուսումնասիրությունների արդյունքում կրճատվել է 74-ով
Ախուրյանում 2012 թ.-ին շահագործման կհանձնվի 3 բազմաբնակարան շենք մոտ 108 բնակարանով: Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի փոխանցմամբ այդ թիվն եւս հաստատուն չէ եւ հնարավոր է ենթարկվի փոփոխության: 182 անօթեւան ընտանիքների փաստաթղթային փաթեթների ուսումնասիրության արդյունքում առայժմ միայն 64-ն են ճանաչվել պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու, 24 ընտանիք մերժվել են տարբեր պատճառաբանություններով, 97 ընտանիքի փաստաթղթային փաթեթներ գտնվում են ուսումնասիրության փուլում:
Շինարարության ընթացքին հետեւելու եւ փաստաթղթերն ուսումնասիրող հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով Ախուրյան հասած նախարարը դժգոհեց բնակիչներից` նշելով, որ վերջիններս այնքան էլ չեն շտապում անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու խնդրում: Դա մի փոքր դանդաղեցնում է աշխատանքները ոչ միայն հանձնաժողովի, այլեւ հնարավորություն չի տալիս վերջնականապես կողմնորոշվելու, թե կառուցվող բազմաբնակարան շենքերում 2 կամ 3 սենյականոցները որքան են լինելու:
Ինչ վերաբերում է ծրագրից դուրս մնացած ընտանիքներին, նախարարն ասաց, որ նրանք հիմնականում պետական այլ ծրագրից են օգտվել, բայց չգիտես ինչու շարունակել են հաշվառված մնալ որպես անօթեւաններ կամ ասենք հանրապետության մեկ այլ վայրում ունեն սեփականություն, բայց կրկին մնացել են ցուցակներում կամ համասեփականատեր են եւ այլն: «Այն շահառուները, որոնց փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո մենք գտանք, որ իրոք կարիքավոր են ու պիտի բնակարան ստանան, անպայման այդ հարցը կլուծենք: Այդ ընտանիքները դուրս չեն մնա պետական այս ծրագրից»,- հավաստիացրեց Վարդան Վարդանյանը:
Շինաշխատանքների տեմպերն այս պահին այնքան էլ արագ չեն: Դանդաղ ընթացքը պայմանավորված է ընտրված տարածքի գրունտային ջրերի առկայությամբ, թեպետ համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում շինաշխատանքներ իրականցնել թույլատրվել է: 600 աշխատանքային օր է նախատեսված բազմաբնակարանների շինարարությունն ավարտին հասցնելու համար: Ներկայումս ընթանում են հիմնային աշխատանքները եւ մինչեւ դրանց ավարտը պիտի հստակեցվի նաեւ կառուցվելիք բնակարանների սենյակների թիվը: Այս շենքերն եւս, ինչպես եւ Մուշ թաղամասում կառուցվածները չեն ունենալու նկուղային հարկեր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել