HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպել են Հայաստանի և Չեխիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները

Ապրիլի 11-ին տեղի ունեցավ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցելությամբ Հայաստան ժամանած Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգի հանդիպումը։

Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին տարիներին Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունները թևակոխել են որակապես նոր փուլ։ «Վերջին տարիների ընթացքում մեզ հաջողվել է նաև զգալիորեն ընդլայնել իրավապայմանագրային դաշտը, ինչը հավելյալ խթան է հաղորդել դինամիկ զարգացող փոխգործակցությանը»,- ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը։

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Չեխիայի արտգործնախարարը նշեց, որ հայ-չեխական հարաբերություններում գրանցված առաջընթացը բավականին ակնառու է, ինչն արտահայտվում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության պարբերական բնույթով,  միջխորհրդարանական ակտիվ շփումներով, և ընդգծեց, որ եկել է ժամանակը ուշադրությունը սևեռելու տնտեսական բնագավառում համագործակցության խորացման և ընդլայնման վրա։ Այս առումով երկուստեք կարևորվեց նախարար Շվարցենբերգի պատվիրակության կազմում չեխ գործարարների ներկայությունը, և Երևանում հայ-չեխական գործարար համաժողովի անցկացումը։

Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվեցին տարբեր բնագավառներում երկկողմ փոխգործակցության խորացման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերը։ Կարևորվեց տնտեսական ոլորտի իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, մշակութային փոխանակումների խթանումը:

Անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵՄ համագործակցությանը և Պրահայում սկիզբ առած Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի արձանագրած առաջընթացին, մասնավորապես ավարտական փուլ մտած Ասոցացման համաձայնագրի ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններին։

Էդվարդ Նալբանդյանը չեխ գործընկերոջը հանգամանալից ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։ Այս ենթատեքստում Չեխիայի առաջին փոխվարչապետը վերահաստատեց աջակցությունը հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման նպատակով իրականացվող քայլերին։

Մինչ հանդիպումը Էդվարդ Նալբանդյանն ու Կարել Շվարցենբերգը բացեցին հայ-չեխական գործարար համաժողովը։ Այս մասին հայտնում է  ՀՀ ԱԳՆ-ն: 

Էդվարդ Նալբանդյանի պատասխանները լրագրողների հարցերին Չեխիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Կարել Շվարցենբերգի հետ համատեղ մամուլի

Ադելա Դրաժանովա, չեխական MF DNES թերթ: Երկու կարճ հարց ունեմ Հայաստանի արտգործնախարարին: Առաջին, խնդրում եմ համառոտակի մեկնաբանեք վերջերս Չեխիայի խորհրդարանի արտաքին հանձնաժողովի Խոջալուի մասին հայտարարությունը: Եվ, երկրորդ ինչպե՞ս կարող է Չեխիան օգնել Հայաստանին իր հարևանների հետ բարդ հարաբերություններում:

Էդվարդ Նալբանդյան: Չեխիայի խորհրդարանի հանձնաժողովի որոշման մասին ավելի լավ է իմ գործընկերը արտահայտվի:

Իսկ ինչ վերաբերում է հարևանների հետ հարաբերություններին, եթե Դուք ի նկատի ունեք Հայաստանի և Ադրբեջանի միջև կամ նկատի ունեք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը, ապա Չեխիան լինելով Եվրամիության անդամ, ինչպես և Եվրամիությունը ու Եվրամիության մյուս անդամները, աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և դրա մասին բազմիցս հայտարարություններ են արվել թե Չեխիայի կողմից թե Եվրոպական Միության կողմից:

Ես պետք է հիշեցնեմ, որ Պրահայում հանդիպումներ են տեղի ունեցել՝ նաև ամենաբարձր մակարդակով, որոնք ուղղված էին հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Երբ Պրահայում կայացավ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, հանդիպում կայացավ նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և եռանախագահերի միջև, որն ուղղված էր հենց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: Մենք միշտ բարձր ենք գնահատում Չեխիայի հավասարակշիռ մոտեցումը առ այն, որ  Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պիտի լուծվի միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով:

Մարտինա Սպևաչկովա, Չեխական ռադիո: Ինչ հնարավորություններ եք Դուք տեսնում  չեխ գործարարների համար Հայաստանում:

Էդվարդ Նալբանդյան: Ես կարծում եմ հնարավորությունները մեծ են և ներուժը, որ մենք ունենք տնտեսական համագործակցության զարգացման առումով,  շատ ավելի մեծ է քան այն առևտրատնտեսական համագործակցության ծավալը, որը մենք ունենք երկու երկրների միջև: Այսօր, ինչպես ես նշեցի, մենք բացեցինք բիզնես-համաժողով, որին մասնակցում էին երկու տասնյակ գործարարներ Չեխիայից և բազմաթիվ գործարարներ Հայաստանից։ Հուսով եմ, որ նրանք գործարար կապեր կհաստատեն, կքննարկեն Հայաստանում և Չեխիայում իրականացվելիք համատեղ ծրագրեր: Վստահ եմ, որ այս կարգի հանդիպումները խթան են առևտրտնտեսական հարաբերությունների զարգացման համար:

Մարի Մխիթարյան, PanArmenian.net: Հարցս ուղղված է պարոն Նալբանդյանին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց վերջին հայտարարության մեջ նշել էին, որ պլանավորում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Հաշվի առնելով վերջին շրջանում էական արդյունքների բացակայությունը, ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ հանդիպումից:

Էդվարդ Նալբանդյան: Այն, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցային գործընթացում չկա առաջընթաց, պատճառը ոչ Ղարաբաղն է, ոչ Հայաստանը և ոչ էլ եռանախագահները: Պատճառը Ադրբեջանն է։

Համանախագահները բավականին ջանքեր են գործադրում ուղղված հիմնախնդրի կարգավորմանը և Հայաստանը մշտապես դրական է վերաբերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հանդիպումների կազմակերպման վերաբերյալ առաջարկներին: Այս անգամ մենք նույնպես դրական ենք արձագանքել։ Տարբեր գաղափարներ կան, թե որտեղ և երբ այդ հանդիպումը անցկացնել։ Կարծում եմ, ինչպես եռանախագահներն են նշում, մոտակա շաբաթների ընթացքում այդպիսի հնարավորություն կունենանք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter