HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ազգային ժողովում ստեղծվում է Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով

Ազգային ժողովում քննարկվում է ՀԱԿ խմբակցության պատգամավորների հեղինակած որոշման նախագիծը` «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում 10 անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»:

Այն խորհրդարանում ներկայացնում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Նախագծի հեղինակները գտնում են, որ դեռեւս բացահայտված չեն մարտի 1-2-ին կատարված տասը սպանությունները, բազմաթիվ անձանց հրազենյաին (գնդակային ու բեկորային) եւ այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերը, ուստի անհրաժեշտություն է առաջացել ստեղծել ժամանակավոր հանձնաժողով:

Ըստ նախագծի` հանձնաժողովի խնդիրներն են, ուսումնասիրել նշված օրերին կատարված սպանությունների, հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերի հանգամանքները, դրանց պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները, այդ դեպքերին պետական կառույցների ու պաշտոնատար անձանց ունեցած առնչությունը, ինչպես նաեւ ոստիկանության, հատուկ քննչական ծառայության եւ գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների օրինականությունն ու հիմնավորվածությունը:

Նշենք, որ հանձնաժողովը կազմված է լինելու 7 անդամից: ՀՀԿ-ն պետք է ունենա հանձնաժողովի կազմում 2, իսկ մյուս խմբակցությունները՝ մեկական անդամ ներկայացնելու իրավունք:

Հանձնաժողովը պետք է ծանոթանա քրեական գործերի նյութերին՝ պահպանելով նախաքննության տվյալների գաղտնիությունը, հարցումներով դիմի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, այդ թվում` հետաքննության եւ նախաքննության մարմիններին, գլխավոր դատախազությանը, որոնք հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է տրամադրեն անհրաժեշտ տեղեկատվություն:

Հանձնաժողովն իր որոշմամբ կարող է հրավիրել պաշտոնատար անձանց, հանրային ծառայողների, իսկ քաղաքացիների համաձայնությամբ նաեւ քաղաքացիների՝ հանձնաժողովում քննարկվող հարցերի վերաբերյալ նրանցից պարզաբանումներ ստանալու նպատակով, իր աշխատանքներում ներգրավելու է համապատասխան մասնագետների եւ փորձագետների:

Հանձնաժողովի անդամները, հանձնաժողովի որոշմամբ, կարող են այցելել ձերբակալվածների եւ կալանավորվածների պահելու վայրեր, հանդիպել ազատազրկման ձեւով պատիժ կրող անձանց հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter