Անկախ պատգամավորները դուրս են մնում Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովից
2008թ. մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի կազմում չեն լինելու խմբակցություններում չընդգրկված 3 պատգամավորներից եւ ոչ մեկը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության պատգամավորների հեղինակած որոշման նախագծով հանձնաժողովը կազմված է լինելու 7 անդամից: ՀՀԿ-ն հանձնաժողովում ունենալու է 2, իսկ մյուս խմբակցությունները՝ մեկական անդամ ներկայացնելու իրավունք, իսկ անկախ պատգամավորների մասին խոսք չկա:
ԱԺ անկախ պատգամավորը հարց ուղեց պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին, թե ինչ որոշում է կայացվել անկախ պատգամավորների վերաբերյալ:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ այս ժամանակավոր հանձնաժողովում անկախ պատգամավորների ընդգրկվելը նպատակահարմար չեն համարում, եւ այս նուրբ հարցը պետք է քննարկվի քաղաքական ուժերի համամասնությամբ:
Էդմոն Մարուքյանն իր ելույթում նշեց, որ այս մոտեցումը կդառնա նախադեպ, որ եկող 4 տարիներին ստեղծվելիք հանձնաժողովներում նույնպես խմբակցություններում չընդգրկված պատգամավորները չեն ընդգրկվի ժամանակավոր հանձնաժողովների կազմում:
Ըստ պատգամավորի` նման նուրբ հարցի հետ կապված հանձնաժողովը պետք է պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերի:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված է, որ պատգամավորն իրավունք ունի ընդգրկվել Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովների, ինչպես նաեւ ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի կազմերում. «Հետեւաբար սա ոչ թե որեւէ հանձնաժողովի կամ խմբակցության քննարկման առարկա կարող է լինել, այլ գործող օրենքի իմպերատիվ նորմ: Օրենքն ասում է, որ պատգամավորն իրավունք ունի ընդգրկվելու, վերջ, օրենքի ցավը տանեմ, պետք է օրենքը կատարվի»,-ավելացրեց պատգամավորը:
Նա ավելացրեց, որ որեւէ ձեւով նոր ստեղծվելիք հանձնաժողովում ապահովված չէ քաղաքացիական հասարակության մասնակցության խնդիրը, ուստի գտնում է, որ հանձնաժողովը պետք է ձեւավորվի բոլոր ուժերի ընդգրկմամբ, այլ ոչ թե բացառմամբ, քանի որ դրանով լավ բանի չեն հասնելու:
Էդմոն Մարուքյանն ասաց, որ նախկինում նման փորձ եղել է եւ 2008թ. հունիսին ստեղծված եւ նույն հարցն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովում ընդգրկված եղել է անկախ պատգամավոր, եւ հիմա նման սահմանափակումը որեւէ ձեւով չի բխում օրենքից:
«Եթե դուք գնաք այս ճանապարհով, ապա տեղի կունենա խախտում եւ խախտման հիմքով ստեղծված հանձնաժողովը չգիտեմ ինչքանով կհաջողվի: Կարծում եմ, որ այստեղ ավելի շատ ընդգրկվածությունն է ինչ-որ մարդկանց, այլ դեպքերի խնդրի լուծումն է, եւ քննվող քրեական գործերին նոր թափ տալն ու բացահայտումներն անելն է: Սա է ինձ համար բարձրագույն արժեքը, բայց մյուս կողմից չեմ կարող անտեսել այն հանգամանքները, որոնք ներկայացրեցի: Պետք չէ ստեղծել վատ նախադեպ, որը հետագայում կարող է ազդեցություն ունենալ այլ հանձնաժողովների ստեղծման հետ կապված»,-ավելացրեց Էդմոն Մարուքյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել