HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մարգարիտ Եսայանը դեմ է Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող նոր հանձնաժողովի ստեղծմանը

Ազգային ժողովում բուռն քննարկվեց 2008թ. Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ խմբակցության նարկայացրած որոշման նախագիծը:

ՀՀԿ խմբակցության պատգամավորները մեկը մյուսի հետեւից սկսեցին քննադատել նոր հանձնաժողով ստեղծելու որոշումը, քանի որ դրանով նոր բան չեն տալու 10 զոհերի հարազատներին: Իշխանական պատգամավորներն այնպիսի իրավական տերմիններ էին  օգտագործում իրենց ելույթներում, որ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը զարմացավ գործընկերների իրավական հարուստ գիտելիքների վրա:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը իր ելույթում նշեց, որ ժամանակին  ՀԱԿ ներկայացուցիչները չեն մասնակցել Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին:

«Ես շատ լավ տեսել եմ դա, եւ բոլորն են տեսել: Ես հասկանում եմ, որ հիմա ունեն լայն լիազորություններ, որովհետեւ ներկայացված են խորհրդարանում եւ փորձում են «անցկացնել»: Բայց արդյո՞ք սա միակ եւ ազնիվ ելքն է: Մենք տարիներ շարունակ խոսում ենք, որ մարտի 1-ը փակված կամ փակված չէ: Գիտեք, եթե նույնիսկ դատաիրավական համակարգով, օրենքի ամբողջ խստությամբ ամբողջովին բացահայտվեն բոլոր մեղավորները, հանցագործները պատժվեն, դատապարտվեն, կախաղան հանվեն եւ բոլորս տեսնենք մեղավորներին, նույնիսկ այդ դեպքում Մարտի 1-ի էջը չի փակվելու, որովհետեւ դա մեր պատմության մի մասնիկն է, եւ այդ զոհերի արյունը մեր խղճի վրա է»,-ավելացրեց Մարգարիտ Եսայանը:

Պատգամավորն ասաց, որ իր համար անհասկանալի է նոր հանձնաժողովի ստեղծումը, քանի որ այդտեղ գործ ունի դատախազությունը, իրավապահ մարմինները:

«Մենք կարող ենք հարցին բարոյական լուծում տալ, բայց արդյոք այդ 10 զոհերի հարազատները մեզնից հերթական բարոյական լուծումն են ուզում: Երբեք: Այդ մարդիկ բարոյական լուծում չեն ուզում, այդ մարդիկ ուզում են կոնկրետ իմանալ, թե ով է սպանել իր որդուն, եւ եթե այսօր որոշում ենք կայացնելու մի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծել եւ հանձնաժողովով փորձելու ենք լավամարդ լինել զոհերի հարազատների առջեւ, ուրեմն, կներեք, ես այդ խաղում չկամ»,-ավելացրեց Մարգարիտ Եսայանը:

Նրա կարծիքով սա ճիշտ եւ ազնիվ քայլ չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter