Քննչական գործողություններին խոչընդոտելու մեջ մեղադրվող Սամվել Սարգսյանն արդարացվեց
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում 2012թ. դեկտեմբերին, գրեթե միաժամանակ սկսվեցին հայր եւ որդի Սարգսյանների դեմ հարուցված քրեական գործերով դատավարությունները: Հիշեցնենք, որ Հարություն Սարգսյանը մեղադրվում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության համար, իսկ նրա հորը՝ Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանին, մեղադրանք էր առաջադրվել որդու ձերբակալությունից մի քանի ամիս անց այն բանի համար, որ 2012թ. սեպտեմբերի 13-ին մտել է ոստիկանության ՔԳՎ ՇՄ քննչական բաժին, միջամտել քննիչ Է. Ալեքսանյանի գործունեությանը: Ըստ մեղադրանքի՝ Սամվել Սարգսյանը կոչ էր արել սպանության գործով վկա իր բարեկամ Աննա Գրիգորյանին ցուցմունք չտալ, չպատասխանել քննիչի հարցերին, չստորագրել որեւէ փաստաթուղթ:
Սամվել Սարգսյանի գործողությունների արդյունքում քննիչը չի կարողացել ավարտին հասցնել վկայի հարցաքննությունը եւ Աննա Գրիգորյանն առանց ստորագրելու հարցաքննության արձանագրությունը՝ լքել էր քննիչի աշխատասենյակը: Սամվել Սարգսյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառվել էր ստորագրություն չհեռանալու մասին որոշումը: Դատական գործի առաջին լսումը կայացել էր 2012թ. դեկտեմբերի 6-ին, որին հաջորդել էր եւս 10 դատական նիստ: Այս ընթացքում դատարանը լսել էր գործով դատակոչված վկաներին եւ ամբաստանյալին:
2013թ. մարտի 27-ի դատական վիճաբանության փուլում կողմերը հանդես եկան մեղադրական եւ պաշտպանական ճառերով: Մեղադրող Գրիգորյանն անդրադառնալով 2012թ. սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած դեպքերին՝ նշեց, որ ամբաստանյալ Սամվել Սարգսյանը՝ լինելով նախկինում ոստիկանական համակարգի աշխատող, հրաշալի պատկերացրել է քննիչի կատարած աշխատանքը, սակայն դա չի խանգարել նրան, որ դիմի ոչ իրավական գործողությունների, այն է՝ առանց հրավերի հայտնվել քննիչի աշխատասենյակում, հրահանգներ տալ վկային եւ խոչընդոտել հարցաքննության ընթացքը:
Մեղադրող Գրիգորյանը օրինաչափ համարեց նաեւ քննիչի կողմից վկային ծանուցելու ձեւը: Ի դեպ, պաշտպանական կողմը պնդում էր, որ քննիչ Էդգար Ալեքսանյանը կոպիտ սխալ է թույլ տվել գործի վարման հենց սկզբում: Նախ նա երկու ոստիկանի է ուղարկել վկա Աննա Գրիգորյանի տուն: Վերջիններս բանավոր ծանուցել են, որ Աննայի հետ ուզում է խոսել քննիչ Ալեքսանյանը: Ոստիկաններից մեկը զանգահարել է Ալեքսանյանին եւ հեռախոսը փոխանցել վկային: Քննիչ Ալեքսանյանը հայտնել է, որ մի երկու բան է ուզում իմանալ ու հարցրել է, թե Աննան կարող է գալ քննչական բաժանմունք: Եվ միայն քննիչի աշխատասենյակում Աննա Գրիգորյանն իմացել է, որ ինքը գործով ներգրավված վկա է ու պիտի հարցաքննվի: Թե դատաքննության ընթացքում, թե իր պաշտպանական ճառում փաստաբան Երվանդ Վարոսյանը պիտի զարմանք հայտներ այս առթիվ. «Մի՞թե քննիչը չգիտեր, որ վկային հարցաքննության հրավիրելու համար ոչ թե ոստիկանների են աշխատանքից կտրում ու նրա տուն ուղարկում, այլ՝ ծանուցագիր, ինչպես օրենքն է պահանջում եւ ինչպես ընդունված կարգն է: Կարծում եմ թե դատարանը, թե մեղադրական կողմը գիտեն այս կարգի մասին»:
Դատախազ Գրիգորյանը խախտում չհամարեց նաեւ այն, որ վկան անչափահաս որդու հետ 4 ժամ անցկացրել է քննչական բաժանմունքում: Ինչ վերաբերում է նրան, որ երեխան միջանցքում ստիպված լինելով սպասել մոր հարցաքննության ավարտին՝ միզել է տակը, մեղադրողը նշեց, թե 13-ամյա տղան կարող էր օգտվել քննչական բաժանմունքի զուգարանից կամ գնալ տուն:
Մեղադրողը նշեց, թե քրեական օրենսգրքի 332 հոդվածի առաջին մասով նախատեսված է ազատազրկում եւ տուգանք: «Հաշվի առնելով Սարգսյանի անձը՝ բացառում եմ ազատազրկումը,- հայտարարեց մեղադրող Գրիգորյանը,- պետք է նշանակել տուգանք 250 հազար դրամի չափով»:
Սամվել Սարգսյանի փաստաբաններ Երվանդ Վարոսյանի եւ Լուսինե Սահակյանի համոզմամբ, իրենց վստահորդին առաջադրված մեղադրանքն անհիմն է եւ չի բխում քրեական գործով ձեռք բերված ապացույցներից, ավելին՝ հերքվել է քրեական գործի դատաքննության ընթացքում ձեռք բերված ու հետազոտված ապացույցներով:
«Ինչպես պարզ դարձավ մեղադրողի ճառից, Սամվել Սարգսյանին առաջադրված մեղադրանքն հիմնված է միմիայն ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ, գործով վկա Ալեքսանյանի, մասամբ նաեւ նույն բաժնի հերթապահություն իրականացնող ոստիկան Միհրան Հակոբյանի ցուցմունքների վրա,- նկատեց փաստաբան Վարոսյանը:- Այնինչ մյուս վկաների ցուցմունքներով բոլորովին այլ պատկեր է ստացվում»:
Ավագ քննիչ Էդգար Ալեքսանյանի ցուցմունքի համաձայն 2012թ. սեպտեմբերի 13-ին իր աշխատասենյակում հարցաքննելիս է եղել որպես վկա հրավիրված Աննա Գրիգորյանին, երբ առանց հրավերի ներս է մտել Սամվել Սարգսյանը: Ինքը ոտքի է կանգնել եւ հավուր պատշաճի բարեւել նրան, ապա Սամվել Սարգսյանը կոչ է արել Աննա Գրիգորյանին ոչ մի բան չգրի ու չստորագրի: Ինքը առաջարկել է Սամվել Սարգսյանին դուրս գալ աշխատասենյակից, սակայն վերջինս չի ենթարկվել, որի պատճառով ստիպված է եղել կիսատ թողնել վկայի հարցաքննությունը, հրավիրել հերթապահ ոստիկան Միհրան Հակոբյանին, որպեսզի վերջինս Սամվել Սարգսյանին դուրս հրավիրի իր աշխատասենյակից:
Ոստիկանի գալուց հետո Սամվել Սարգսյանը դուրս է եկել աշխատասենյակից: Այդ պահին նկատելով, որ վկան եւս ցանկանում է դուրս գալ, ասել է. «Սպասեք, ես դեռ հարցեր ունեմ, դա կապված է ձեր ցուցմունքի հետ, դուք չեք ստորագրել այն: Մի քանի րոպեից դուք կվերջացնեք եւ կարող եք գնալ»: Սակայն վկան չլսելով թողել ու հեռացել է: Գրեթե նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաեւ հերթապահ ոստիկան Միհրան Հակոբյանը: Վերջինս նշել էր, որ քննիչի կողմից իրեն կանչելու պահից, նրա աշխատասենյակից լսել է տղամարդու ու կնոջ ձայներ, սակայն այդպես էլ չի հասկացել, թե ով ինչ է ասում:
«Հարգելի դատարան, ես ինչու նշեցի, թե մասամբ է մեղադրողի մեղադրանքը հաստատվում հիշյալ ցուցմունքով, որովհետեւ վկա Միհրան Հակոբյանի ցուցմունքում մենք չգտանք որեւէ նկարագրություն որեւէ գործողության, թե ինչ է արել կամ ասել Սամվել Սարգսյանը քննիչի աշխատասենյակում: Ի վերջո, քննիչին դիտողություն արել է, թե չի արել, վկային ինչ որ բան հորդորել է, թե չի հորդորել: Ընդհանրապես էս ցուցմունքը մեղադրանքի հետ ուղղակի կապ ունեցող որեւէ փաստական հանգամանք իր մեջ չի պարունակում»,- պաշտպանական իր ճառում նշեց փաստաբան Վարոսյանը:
Փաստաբանն իր պաշտպանական ճառում անդրադարձավ նաեւ վկա Աննա Գրիգորյանի ցուցմունքին: Վերջինս դատարանում պատմել էր, որ 2012թ. սեպտեմբեր ամսին քննիչ Էդգար Ալեքսանյանի կողմից հեռախոսազանգով հրավիրվել է Շիրակի մարզի քննչական բաժին: Սեպտեմբերի 13-ին, դպրոցի դասերն ավարտվելուց հետո, անչափահաս որդու՝ Գառնիկ Նիկոլյանի հետ միասին, Շիրակի մարզի Ցողամարգ գյուղից տաքսիով ուղեւորվել են Գյումրի եւ ներկայացել քննչական բաժին քննիչ Ալեքսանյանին:
Ներկայանալուց հետո միայն վերջինս տեղեկացրել է, որ Աննան հրավիրված է որպես վկա եւ պետք է հարցաքննվի Կարեն Եսայանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Աննան այդ հանգամանքից հուզվել է եւ անմիջապես հայտարարել, որ հրաժարվում է ցուցմունք տալուց: Ցանկանում է փաստաբան ունենալ ու նրա հետ ներկայանալ հարցաքննության: Քննիչը սակայն հայտարարել է, որ հաջորդ օրն առավոտյան հարցաքննության արձանագրությունը պետք է ուղարկի Երեւան, թույլ չի տվել վկային ներկայանալ փաստաբանի հետ: Միաժամանակ ընթերցելով քր. օրենսգրքի հոդված՝ Էդգար Ալեքսանյանն ահաբեկել է Աննա Գրիգորյանին, թե ցուցմունք տալուց հրաժարվելու համար կդատապարտվի եւ կզրկվի աշխատանքից: Քննիչը հարցաքննությունը սկսելուց առաջ աշխատասենյակից դուրս է հանել վկայի անչափահաս որդուն:
Վկան պարտադրված սկսել է պատասխանել քննիչի հարցերին: Հետո քննիչի թելադրանքով սկսել է գրի առնել ցուցմունքը՝ պարբերաբար ընդհատելով այն եւ հայտարարելով, որ սխալ բաներ է գրի առնում: Հարցաքննության ընթացքում Աննայի բջջային հեռախոսին զանգահարել են հարազատները, սակայն քննիչը արգելել է հեռախոսով խոսել, հետո նաեւ հրահանգել է անջատել հեռախոսը: Արդեն երեկոյան կողմ, քննիչի աշխատասենյակի դուռը թակելով մտել է Աննայի ամուսնու բարեկամ Սամվել Սարգսյանը: Քննիչը ոտքի կանգնելով՝ ձեռքով հարգալից բարեւել է: Բացված դռնից վկան նկատել է միջանցքում կանգնած տղային: Գառնիկը լացելով մորն է կանչել եւ ցույց տվել, որ տակն է միզել:
Աննան անմիջապես դուրս է եկել աշխատասենյակից եւ երեխայի հետ միասին հեռացել քննչական բաժնից: Մոտակայքում գտնվող կիսաքանդ շինություն մտնելով հոգացել է երեխայի բնական կարիքները: Վերադառնալով քննչական բաժին՝ ՝հայտանաբերել է, որ քննիչ Ալեքսանյանի աշխատասենյակի դուռը փակ է: Երեխայի հետ ոտքով գնացել են տուն, որ բավական մոտ է եղել քննչական բաժնին: Երեխան ասել է, որ ժամը 19:50 րոպե է: Աննան կերակրել է երեխային ու նրան տանը մենակ թողնելով՝ վերադարձել է քննչական բաժին, մտել պետի մոտ եւ ասել, որ քննիչ Է. Ալեքսանյանն իրեն սպառնալով ու թելադրելով ցուցմունք է գրել տվել: Բաժնի պետն էլ առաջարկել է գրավոր բողոք-դիմում ներկայացնել դատախազի անունով, ինչն էլ Աննան արել է հաջորդ օրը: Վկան հայտնել է նաեւ, որ իր հարցաքննության ժամանակ քննիչի աշխատասենյակ մտած Սամվել Սարգսյանը չի ասել, որ ցուցմունք չտա, չի ասել, որ որեւէ բան չգրի ու չստորագրի:
«Տրամաբանությունն այն է, որ քննիչը չէր կարող Երեւան ուղարկել հարցաքննության մի տեքստ, որի տակ հարցաքննվողը չի ստորագրել,- իր պաշտպանական ճառում նշեց փաստաբան Վարոսյանը,- վերադաս մարմինը պիտի արդարացիորեն զարմանար, թե սա ինչ թուղթ է իրեն ուղարկվել: Բնականաբար պիտի ամեն ինչ արվեր, որ կատարվածը ներկայացվեր, որպես նախաքննական մարմինների գործողությունները խոչընդոտելու հանգամանք»:
Ըստ փաստաբանի, եթե Աննա Գրիգորյանն այն կարեւորագույն վկան էր, ում հարցաքննությունը պիտի օգներ սպանությունը կատարողին բացահայտելու, ապա պիտի որ նրան անհանգստացնեին նաեւ հաջորդ օրը: Եթե քննիչին տանջող հարցեր կային, դրանք պիտի անպայման հնչեցվեին եւ ստանային իրենց պատասխանը: «Սակայն Աննա Գրիգորյանին քննիչ Է. Ալեքսանյանը չի անհանգստացրել ոչ հաջորդ եւ ոչ էլ մնացած օրերին: Հարցաքննության օրն էլ, երբ վկան ավարտել է ցուցմունք գրելը, քննիչը նկատել է, թե Աննա, էսքան ժամանակ էս պիտի լղեիր ու գնայիր»:
Ամբաստանյալ Սամվել Սարգսյանը չի ընդունել քննչական գործողություններին միջամտելու իրեն ներկայացված մեղադրանքը: Նա չի ժխտել, որ 2012թ. սեպտեմբերի 13-ի երեկոյան եղել է քննիչ Է. Ալեքսանյանի աշխատասենյակում, սակայն որեւէ կոչով հանդես չի եկել եւ չի խանգարել հարցաքննությանը: Երեկոյան տուն վերադառնալով՝ կնոջից տեղեկացել է, որ բարեկամուհուն հրավիրել են քննչական բաժին ու գրեթե 4 ժամ է նրանից տեղեկություն չկա: Անհանգստացած՝ աղջկա ուղեկցությամբ գնացել է քննչական բաժին: Միջանցքում կանգնած տեսել է Աննայի տղային: Աղջիկը մնացել է երեխայի մոտ, իսկ ինքը ներս է մտել: Աշխատասենյակում քննիչը ոտքի է կանգնել եւ ձեռքով բարեւել իրեն: Այդ ընթացքում Աննան դուրս է եկել ու տղայի հետ հեռացել քննչական բաժնից:
Որեւէ վկայի ցուցմունքով, բացի իհարկե քննիչ Է. Ալեքսանյանի, չի հաստատվել Սամվել Ալեքսանյանին առաջադրված մեղադրանքը, հայտարարեցին փաստաբաններ Վարոսյանն ու Սահակյանը: «Չէր կարող Սարգսյանը խոչընդոտել մի գործողության, որն արդեն ավարտված էր: Իսկ հարցաքննությունն իրոք ավարտված է եղել եւ ընդամենը պակասել է վկայի ստորագրությունը: Ամբաստանյալն իրեն մեղսագրվող արարքը չի կատարել,- հայտարարեց փաստաբան Վարոսյանը,- եւ նրա նկատմամբ պետք է կայացվի արդարացման վճիռ»:
Ապրիլի 12-ին կայացած դատական նիստի ժամանակ դատավոր Է. Մանուկյանը հրապարակեց վճիռը: Դատարանն անմեղ ճանաչեց Ս. Սարգսյանին նրան մեղսագրված արարքում: Քրեական օրենսգրքի 332 հոդվածի 2-րդ մասով (միջամտություն քննչական գործողություններին) մեղադրվող Սամվել Սարգսյանի նկատմամբ կայացվեց արդարացման վճիռ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել