Չեխիան պատրաստ է հետագայում ևս նպաստել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին
Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Չեխիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգին:
Տիգրան Սարգսյանը կարևորել է Երևանում կայացած հայ-չեխական բիզնես ֆորումը, որին մասնակցել է չեխական 13 ձեռնարկություն: Զրուցակիցներն ընդգծել են գործարար նոր կապեր ձևավորելու անհրաժեշտությունը, որը կնպաստի հայ-չեխական տնտեսական համագործակցության հնարավորությունների ընդլայմանը:
Անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին՝ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել չեխական կողմին այդ ուղղությամբ ցուցաբերվող օժանդակության համար, ինչին ի պատասխան՝ Կարել Շվարցենբերգը նշել է, որ իր երկիրը պատրաստ է հետագայում ևս նպաստել Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:
Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ հաջողությամբ շարունակում է ասոցացված համաձայնագրի, մասնավորապես, խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի շուրջ բանակցությունները և արվում է ամեն ինչ, որպեսզի պատրաստ լինի դրանց ստորագրմանը մինչ տարեվերջին կայանալիք վիլնյուսյան գագաթնաժողովը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի համար դոնորների կոնֆերանսի կազմակերպմանը, դրան Չեխիայի հնարավոր մասնակցությանը, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և տնտեսական այլ ճյուղերում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել