HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շինարարը պարզաբանում է

«Հետքում» այսօր հրապարակված «Օձունի 6-րդ դարի հռչակավոր եկեղեցու վերականգնման այս տարվա շինաշխատանքները ձախողվել են» հոդվածի վերաբերյալ «Լևգուգ» ՓԲԸ-ի տնօրեն Լևիկ Ղուկասյանը եկել է խմբագրություն և տվել պարզաբանում, որը ներկայացնում ենք ստորև:

«Լևգուգ» ՓԲԸ-ն իրականացնում է Օձունի տաճարի վերականգնման աշխատանքները, որոնք սկսվել են 2012 թվականի հուլիսի 23-ին, ավարտը նախատեսված է 2014-ի նոյեմբերին:

Հայտնում ենք, որ վերականգնման աշխատանքները դադարեցված չեն, և չենք էլ պատրաստվում դադարեցնել: Այսօր էլ վարպետները աշխատում են եկեղեցու վեղարի ծածկերի վերականգնման աշխատանքները կատարելու վրա: Եվ այն փաստը, որ վարպետները տեղափոխվել են Նորադուսի եկեղեցու վրա աշխատելու, չի համապատասխանում իրականությանը, քանի որ Նորադուսի եկեղեցու վերականգնման աշխատանքները նույնիսկ չեն վերսկսվել: Մեր ընկերությունը իր վերականգնման աշխատաննքերի ոլորտում ունեցած 15 տարվա գործունեության ընթացքում ոչ մի գործ կիսատ չի թողել, քանի որ ավելի լավ է չսկսել, քան սկսել և կիսատ թողնել: Եթե չենք փրկելու հուշարձանը, գոնե չվնասենք գոյություն ունեցողը:

Ժամանակացույցով նախատեսված են աշխատանքներն իրականացնել +8-ից բարձր ջերմաստիճանի դեպքում:

Վերականգնման աշխատանքների ընթացքում շատ հաճախ պետք է լուծումներ տալ նոր ի հայտ եկած խնդիրներին: Դրա պատճառով վերականգնող ճարտարապետի (հեղինակի) ներկայությունը վերականգնման այս փուլում անհրաժեշտ է գրեթե ամեն օր, գոնե շաբաթական երեք անգամ:

Օրինակ` վեղարի ծածկասալերի հեռացումից հետո ի հայտ եկան փաստեր, որոնք հավաստում են, որ Օձունի եկեղեցին ի սկզբանե ծածկված է եղել կղմինդրով: Հրավիրվեց գիտամեթոդական խորհրդի նիստ սեպտեմբերի 8-ին Օձունում, որտեղ որոշում կայացվեց շարունակել աշխատանքները գոյություն ունեցող նախագծերով, ընթացքում լրամշակել նախագիծը: Անցել է շուրջ 9 ամիս, բայց լրամշակված և հաստատված նախագիծ դեռևս չունենք: Այդ պայմաններում իրականացնել վերականգնման աշխատանքներ լայն թափով հնարավոր չէ: Իսկ Տեր Հոր ասած այն փաստը, որ աշխատանքները դանդաղ են ընթանում, իր կարծիքն է: Կարծում ենք` Տեր Հայրն այն մասնագետը չէ, որ վերականգնման աշխատանքների ընթացի մասին պետք է հեղինակավոր կարծիք հայտնի: Թե վարպետները 4-ը կամ 10-ն են` որոշում ենք մենք:

Ես՝ որպես մասնագետ, չեմ կարող գիտակցաբար կատարել ծախսեր, որոնք արդարացված չեն, և որոնք ստիպված պետք է լինենք փոխել հետագայում: Այսինքն` եթե մենք այսօր իրականացնենք լայնամասշտաբ շարային աշխատանքներ, իսկ հետո պարզվի, որ դրանք նոր նախագծով նախատեսված չեն, չգիտեմ` ով է պատասխան տալու:

Ես մինչև օրս էլ այն կարծիքին եմ, որ վերականգնման ժամանակ նախագծող ճարտարապետի ներկայությունը գրեթե ամեն օր անհրաժեշտ է, քանի որ նախագծի առաջնային տարբերակում կան հատվածներ, որոնք անհասանելի և թաքնված լինելու պատճառով լավ չեն ուսումնասիրվել. դրանք պահանջում են արագ լուծումներ, իսկ նախագծի հեղինակի շաբաթական մեկ այցելության պայմաններում, բնական է, որ աշխատանքները չեն կարող լայն թափով ընթանալ:

Վերականգնող 4 վարպետների առկայությունը հուշարձանում արդեն փաստում է, որ մենք տրամադրված ենք աշխատանքներն անել ըստ հաստատված ժամանակացույցի: Ոլորտին ծանոթ մարդիկ լավ գիտեն, որ այսօր հանրապետությունում վերականգնող վարպետների խիստ պակաս կա:

Ես գիտեմ` նախագծերը, որով մենք աշխատում ենք, անցել են և փորձաքննություն, և հաստատված են մշակույթի նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից: Եթե կա նոր նախագիծ, թող տրամադրեն և գրավոր կասեցնեն հին նախագծի գործունեությունը:

Երկու խոսք նաև վերականգնման վերաբերյալ

Օձունի տաճարի վերականգնումը պետք է կատարվի շատ զգույշ և խելամիտ, որովհետև անհարկի միջամտությունը կարող է խաթարել եկեղեցու պատմաճարտարապետական կերպարը: Այդ է պատճառը, որ ամեն քար փոխելուց առաջ մտածում ենք` փոխե՞նք այդ քարը, թե՞ փորձենք պահանել հինը: Հակառակ դեպքում մենք կունենանք 21-րդ դարի Օձուն, որը պատմություն չունի:

Նախագծի հին տարբերակով նախատեսված նոր շարային աշխատանքների մեծ մասը նախագծի հեղինակի լրամշակման արդյունքում պակասեցվել է: Պակասեցվել է քանդման վերաշարման աշխատանքների ծավալը: Ամեն ինչ անում ենք, որպեսզի միջամտությունը լինի տեղին և նպատակային: Այդ պատճառով համագործակցում ենք իտալացի մասնագետների հետ, որոնք վերակնգնման ոլորտում շատ մեծ փորձ ունեն:

Եկեղեցու քարերից բեկորներ ենք ուղարկել Իտալիա լաբորատոր ստուգումների, որոնց արդյունքում հնարավոր կլինի պահպանել արժեքավոր հին եկեղեցին:

Եվ շատ շնորհակալ ենք, որ բարերարը որևէ անհարկի միջամտություն չի անում վերականգնման աշխատանքներին: Նույնիսկ պարտադրված դադարի դեպքում տրամադրել է լրացուցիչ ֆինանսական միջոցներ շինաքարի ձեռք բերման և մշակման համար: Բոլորս սպասում ենք նախագծի լրամշակված տարբերակի բաց թողնմանը: Եթե նախագիծը սխալ էր, ինչու էին հաստատել:

Եթե կա նախագծային փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն, պետք է այն կատարել շատ արագ, քանի որ արդեն բացված են եկեղեցու հյուսիս-արևելյան և հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան լանջերը, որոնք խոցելի են դարձնում եկեղեցու տեխնիկական վիճակը:

Լևիկ Ղուկասյան
«Լևգուգ» ՓԲԸ-ի տնօրեն

Մեկնաբանություններ (4)

Տեր Վրթանես
Հարգելի պարոն Լ.Ղուկասյան,իմ մտավախությունը ոչ թե վարպետների 4 կամ 10 հոգի լինելուն է վերաբերում,այլ 1 լինելուն և նրան, որ կարող եկեղեցու վերականգնումը մասնագետների կազմած ժամանակացույցից ետ ընկնել:Շատ հաճելի կլիներ,որ դուք նոյնպես,եթե ոչ ամեն օր ապա գոնե շաբաթը երեք անգամ Օձուն գաք:Ինչպես պահանջում եք հայտնի ճարտարապետ մեծարգո պարոն Մ. Հակոբյանից:
Արման
Տեր Հայրը շինարարությունից գոնե ձեզանից մի փոքր ավելի շատ է հասկանում: Ավելի լավ է մտածեք՝ ինչո՞ւ եք Ոսկեվազի եկեղեցին կիսատ թողել: Մենք բոլորս Տեր Հոր հետ համակարծիք ենք:
Տեր Վրթանես
Հարգելի ընթերցողներ, այժմ Օձունի վերականգնման ծրագիրն ընթանում է բարեհաջող կերպով, խնդրում եմ կարծիքներով իրավիճակն անհարկի չբարդացնել:Օձունի վերականգնման մասին տեղեկությունների համար կարող եք այցելել Արմատներ.am կայք:
Անի
Ես շատ եմ հարգում Տեր Վրդանեսին և նրա կարծիքն ինձ համար շատ հեղինակավոր է ամեն հարցում:Շատ բարձր եմ գնահատում բարերար Մովսես Ձավարյանի առատաձեռնություը շինարարի նկատնամբ, բայց խնդրում եմ, որ հետևողական լինի շինարարի կատարած աշխատանքներին: Անձամբ շինարարին չեմ ճանաչում, բայց բարերարի մասին իր գովեստներն ու Տեր Վրդանեսին լռեցնելու կամ կարծիքը նսեմացնելու փորձըն իմ սրտով չէ:Ներողություն եմ խնդրում Տեր Վրդանեսից, որ իր իրավիճակը չբարդացնելու խորհրդին չեմ հետևում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter