HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Lionsharp Solutions» թիմը հաղթեց «Երևակայության գավաթ 2013» հայաստանյան մրցույթի եզրափակիչում

Այսօր տեղի ունեցավ «Երևակայության գավաթ Հայաստան 2013» («Imagine Cup Armenia 2013») մրցույթի եզրափակիչ փուլը, որը կազմակերպել էին Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, «Մայքրոսոֆթ ԱրԷյ» ընկերությունը և ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը:

Հայաստանյան ընտրության եզրափակիչ փուլին մասնակցող 7 թիմերը կարճ (15 րոպե) շնորհանդեսների տեսքով ներկայացրին իրենց գաղափարները, որի արդյունքում ժյուրին ընտրեց մեկ հաղթող թիմ՝ «Lionsharp Solutions» թիմը Voice board ծրագրի համար:

Ծրագիրը Kinect տեխնոլոգիայի հենքով մշակված լուծում էր, որը թույլ է տալիս վարել քննարկումները, ներկայացումները, «մտքի գրոհները»՝ գրանցելով մտքերը և կանոնակարգելով ընթացքը միայն ժեստերի և ձայնային հրահանգների օգնությամբ: «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի աջակցությամբ «Lionsharp Solutions» թիմը կներկայացնի Հայաստանը 2013թ. հուլիսին կայանալիք համաշխարհային եզրափակիչին Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում:

Մրցույթը մեկնարկել էր մարտի 20-ին, և 16 տարին լրացած մասնակիցների 3-4 հոգուց բաղկացած ուսանողական թիմերի առջև խնդիր էր դրվել մշակել նորարարական նախագծեր և համակարգչային ծրագրեր, ինչպես նաև իրական խնդիրների իրական լուծումներ: Մինչև ապրիլի 8-ը ներկայացվել էր 7 հայտ, որոնք հիմնականում վերաբերում էին նորարարության անվանակարգին:

«Երևակայության գավաթ» հայաստանյան մրցույթի նպատակն է ուսանողներին օգնել հանդես գալ ծրագրավորման/ՏՏ լուծումներով և/կամ ծրագրերի նոր մշակումներով՝ խթանելու նորարարությունն ու լուծելու գլոբալ խնդիրներ: Մրցույթը համախմբում է Հայաստանի տաղանդավոր երիտասարդներին և ուսանողական թիմերին և նրանց մեծ հնարավորություն է ընձեռում դրսևորելու և զարգացնելու իրենց գիտելիքները իրական խնդիրներին լուծումներ գտնելու, տեխնոլոգիաների և ծրագրերի օգտագործման սեփական մոտեցումները մշակելու և առաջ քաշելու գործում, ինչպես նաև ճանապարհ է բացում ուժերը չափելու արտասահմանյան մրցակիցների հետ և Հայաստանը ներկայացնելու «Imagine Cup» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին:

Այս տարի մրցույթի հայաստանյան փուլին «Ի-Դի-Էմ-Սի»-ի աջակցության նպատակն է հաղթող թիմին հնարավորություն տալ մասնակցել «Imagine Cup» միջազգային մրցույթի եզրափակչին և դրանով իսկ քաջալերել սկսնակ ընկերություններին, խթանել բարձր տեխնոլոգիական լուծումների կիրառումը բիզնեսի տարբեր ոլորտներում և նպաստել Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացմանը ՏՏ ոլորտում:

Մրցանակների հանձնման արարողությանը մասնակցում էին Հայաստանի կառավարության, միջազգային համայնքի և ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը, «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, ՄԻԿ-ի տնօրեն Եվա Հյուսյանը, «Ի-Դի-Էմ-Սի»-ի արժեքի շղթայի մրցունակության թիմի ղեկավար Ֆրեդ Լևիտանը և այլ բարձրաստիճան հյուրեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter