HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է Չեխիայի առաջին փոխվարչապետին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեխիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգին:

Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների և քաղաքական երկխոսության ակտիվացումը, որի վկայությունն է Երևանում և Պրահայում Չեխիայի ու Հայաստանի դեսպանությունների հիմնումը, համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում և ակտիվացած շփումները միջխորհրդարանական մակարդակում:

ՀՀ նախագահը և Չեխիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարարն, անդրադառնալով երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների մեծացման հնարավորություններին, կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ունեցող ոլորտներում տնտեսական համագործակցության զարգացումը: Նրանց համոզմամբ՝ դրան մեծապես կարող են նպաստել գործարար համայնքի ներկայացուցիչների միջև հաճախակի շփումները:

Զրուցակիցները հույս են հայտնել, որ այս օրերին Երևանում մեկնարկած հայ-չեխական գործարար համաժողովի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները լուրջ հնարավորություններ կընձեռեն կողմերին՝ բարձրացնելու առևտրաշրջանառության ծավալները, մշակելու և իրականացնելու համատեղ գործարար ծրագրեր, ինչպես նաև խթանելու ներդրումները:

Հանդիպմանը, երկկողմ հարաբերություններից բացի, անդրադարձ է եղել Հայաստան-ԵՄ համագործակցությանը, Պրահայում սկիզբ առած Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի արձանագրած առաջընթացին, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին ու տարածաշրջանի զարգացումներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter