HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դրամաշնորհային ծրագրերի մեջ դեր են խաղում ոչ թե գիտական, այլ անձնակա՞ն շահերը. բաց նամակ ԳՊԿ նախագահին

ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանին

Բաց նամակ

Լինելով «Պոլիմերացման պրոցեսների մակրոկինետիկա» և «Քիմիական տեխնոլոգիաներ և պոլիմերային նանոկոմպոզիտներ» բազային գիտահետազոտական լաբորատորիաների երիտասարդ գիտաշխատողներ, ցանկանում ենք հայտնել մեր վրդովմունքը՝ Ձեր կոմիտեում տիրող կամայականությունների, անարդարության և օրինախախտումների վերաբերյալ:

«Պոլիմերացման պրոցեսների մակրոկինետիկա» և «Քիմիական տեխնոլոգիաներ և պոլիմերային նանոկոմպոզիտներ» բազային գիտահետազոտական լաբորատորիաների ղեկավարներ ք.գ.դ, պրոֆեսոր Ա.Հ. Տոնոյանը և ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ք.գ.դ, պրոֆեսոր Ս.Պ. Դավթյանը 1970-ական թվականներից զբաղվում են ֆրոնտալ պոլիմերացման գործընթացներով: 

1992թ.-ին Չեռնոգոլովկայում թողնելով հզոր լաբորատորիան՝ վերադարձան հայրենիք՝ իրենց փորձն ու ներուժը հայրենիքին ծառայեցնելու և երիտասարդ գիտաշխատողների դպրոցը ՀՀ-ում ստեղծելու և զարգացնելու համար: Լաբորատորիաները համագործակցում են Գերմանիայի Ռոստոկի և Մագդեբուրգի, Ռուսաստանի` Չեռնոգոլովկայի և Մոսկվայի, Վրաստանի, Բելգիայի, ԱՄՆ-ի տարբեր գիտական կենտրոնների և համալսարանների հետ:

Ա.Հ. Տոնոյանի և Ս.Պ. Դավթյանի գիտական աշխատանքները համաշխարհային ճանաչում են ստացել և տպագրվում են արտասահմանյան բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում: Միայն ու միայն նրանց շնորհիվ է, որ գոյություն ունի մեր գիտական կենտրոնը՝ իր բազմաթիվ երիտասարդ գիտաշխատողներով:

Ս.Պ. Դավթյանը ՀՀ ԿԳՆ ԳՊԿ էր ներկայացրել «Ֆրոնտային պոլիմերացման եղանակով դիսպերս լցոնված և ամրակալված պոլիմերային նանոկոմպոզիտների ստացման հիմնային սկզբունքների ստեղծումը» հայ-ռուսական համատեղ դրամաշնորհային ծրագիր: Ներկայացված դրամշնորհային ծրագիրն արժանացել է առավելագույն գնահատականի ՌԴ-ի փորձագիտական հանձնաժողովի կողմից այն դեպքում, երբ հայկական փորձագիտական հանձնաժողովը մերժել է աշխատանքը` տալով անհեթեթ հիմնավորումներ:

Այս դեպքում հարց է առաջանում, թե մենք` երիտասարդ հետազոտողներս, տեսնելով այս կարգի կամայականությունների դրսևորումները, ինչպես պետք է շարունակենք մեր հետազոտական աշխատանքները ՀՀ գիտության ոլորտում:

Ի հավելում ասվածի՝ բերենք նշված հիմնավորումներից մեկը. «Ես չեմ տեսնում ֆրոնտալ պոլիմերումը լաբորատոր սենյակից դեպի արտադրություն, քանի որ մինչև այժմ չի լուծված պոլիմերի անջատման էֆեկտի եղանակ, որը կարող է ներդրվել արտադրության մեջ»: Եվ այս հիմնավորումն այն դեպքում, երբ արդեն վաղուց ՌԴ-ի Պեռնի գործարանում, Չեռնոգոլովկայի փորձարարական գործարաններում գործում են ֆրոնտալ պոլիմերացման ռեակտորները, որոնց հիմնադիրն է Ս.Պ.Դավթյանը:

Քանի որ մերժման գիտական հիմնավորումները ոչ մի գիտական հիմք չունեն, և ասվածը մեր լաբորատորիայի կողմից կարող է ապացուցվել կամայական մակարդակի գիտական բանավեճում, ապա ակնհայտ է դառնում, որ դրամաշնորհային ծրագրերի մերժման կամ հաստատման գործում դեր են խաղում ոչ թե գիտական, այլ անձնական շահերը և միջանձնյա հարաբերությունները:

Եվ այստեղից հարց է ծագում, պարոն Ս. Հարությունյան. ինչպիսի՞ չափորոշիչներով են ընտրվում Ձեր փորձագետները, եթե նրանց կողմից տրված հիմնավորումները հեռու են գիտական տրամաբանությունից և իրականությունից: Մի՞թե կարելի է կարծիք գրել մի հարցի շուրջ, որի մասին տեղեկություն և պատկերացում չունեն:

Ս. Բ. Անտոնյան ք.գ.թ, դոցենտ
Ա. Է. Բաղդասարյան ք.գ.թ., գիտաշխատող
Ա. Զ. Վարդերեսյան տ.գ.թ., գիտաշխատող
Ա. Գ. Քետյան տ.գ.թ, կրտսեր գիտ աշխատող
Լ. Ա. Գևորգյան, հայցորդ, կրտսեր գիտ. աշխատող
Ժ. Կ. Սուքիասյան, ասպիրանտ, կրտսեր գիտ աշխատող

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter