Սերգո Կարապետյանի կարծիքով՝ գյուղամթերքի արտահանմանը խոչընդոտում է որակը
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում կայացավ համատեղ քննարկում՝ նվիրված ընթացիկ տարվա պտուղ-բանջարեղենի և խաղողի արտադրության, մթերումների և իրացման կազմակերպման խնդիրներին:
Խորհրդակցությանը, գյուղնախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանից, էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանից, Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանից բացի, մասնակցում էին նաև պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող ու արտահանող ընկերությունների, ոլորտի գործունեությանն առնչվող ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ-ի, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ և Արդյունաբերության զարգացման հիմնադրամների ներկայացուցիչներ:
Ելույթ ունեցողներն անդրադարձան արտադրանքի արտահանման և ռազմավարական շուկաներ մուտք գործելու հարցերում պետական աջակցության, առևտրային բանկերի կողմից վարկային միջոցների տրամադրման պայմանների, անհրաժեշտության դեպքում գործող վարկերի մարման ժամկետների երկարաձգման, գինենյութի պահման տարաներ, ինչպես նաև օժանդակ հումք (շիշ, խցան և այլն) ներկրելու ժամանակ ավելացված արժեքի հարկի և մաքսատուրքի վճարումից ազատման կամ դրանց վճարումը հետաձգելու և այլ խնդիրների:
Տիգրան Դավթյանը անդրադարձավ գործող և առաջիկայում նախատեսվող պետական աջակցության գործիքներին, հատկապես արտահանման, շուկայավարման և միջազգային ցուցահանդեսների մասնակցության մասով:
Նրսես Երիցյանը ներկայացրեց վարկավորման համակարգում առկա իրավիճակը՝ նշելով, որ առաջիկայում առևտրային բանկերը հնարավորություն կունենան տրամադրելու մեծ ծավալի վարկեր՝ ՀՀ դրամով:
Սերգո Կարապետյանը նշեց գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրվող բերքի իրացման կարևորությունը և վերամշակող ու արտահանող ընկերությունների մեծ դերակատարությունն այդ հարցում:
«Մինչև բերքաշրջանի ու մթերումների ավարտը մենք նման բազմաթիվ հանդիպումներ ենք ունենալու՝ փորձելով հնարավորինս աջակցել ոլորտի գործունեության կարգավորմանը, պետություն-մասնավոր հատված համագործակցության ամրապնդմանը: Պետությունն այսօր մեծ օժանդակություն է ցուցաբերում և գյուղացուն, և վերամշակողին: Բնական է, քանի որ թե արտադրությունը, թե վերամշակումը համաչափ պետք է զարգանան: Սակայն, ցավոք, դեռևս լուրջ անելիքներ կան որակի ապահովման բնագավառում, և սա էլ խոչընդոտում է մեր արտադրանքի արտահանմանը դրսի շուկաներ»,- ասաց Սերգո Կարապետյանը:
Նա անդրադարձավ պայմանագրային հիմունքներով աշխատանքների կազմակերպմանը և հորդորեց հնարավորինս արագ սկսել վերամշակողների և գյուղացիների միջև բերքի իրացման պայմանագրերի կնքումը:
Գյուղնախարարությունը հայտնում է, որ քննարկման արդյունքները կներկայացվեն կառավարություն՝ համապատասխան ընթացք տալու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել