«Տաշիրի բժշկական կենտրոնում» հայտնաբերվել են չարաշահումներ. հարուցվել է քրգործ
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ:
ՀՀ կառավարության առընթեր ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2009-2012 թթ. պետական գնումների շրջանակներում դեղորայք, բժշկական պարագաներ և նյութեր ձեռք բերելու գործընթացում «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում թույլ են տրվել մի շարք չարաշահումներ:
Մասնավորապես, 2009 թ. փետրվարի 10-ին «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության և «Նատալի Ֆարմ» ՍՊ ընկերության միջև կնքվել է բժշկական կենտրոնի կարիքների համար «Անհրաժեշտ դեղորայքի, բժշկական պարագաների ձեռքբերման» պայմանագիր:
Համաձայն պայմանագրի՝ նշված ընկերությունը մասնակցել է դեղորայք ձեռք բերելու համար հայտարարած մրցույթին, ճանաչվել հաղթող, մինչդեռ մրցույթը կայանալու վերաբերյալ արձանագրությունը կազմվել է 2009 թ. փետրվարի 13-ի թվագրմամբ, իսկ արդյունքներն ամփոփվել են փետրվարի 14-ի թվագրմամբ, այսինքն՝ պայմանագիրը կնքելուց 4 օր հետո:
Ըստ 2009 թ. փետրվարի 13-ին կազմված մրցակցության բանակցությունների արձանագրության՝ մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել միայն մեկ կազմակերպություն, որն էլ ճանաչվել է հաղթող:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ 2012թ. «Տաշիրի բժշկական կենտրոն»-ի կարիքների համար դեղորայք, բժշկական պարագաներ ու նյութեր ձեռք բերելու ընթացքում խախտվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է՝ բաց կամ սահմանափակ ընթացակարգի կիրառումից խուսափելու նպատակով մրցույթ չի հայտարարվել, այլ փոխարենը գնումը բաժանելով առանձին չափաբաժինների՝ 2012 թվականի մարտի 7-ին նույն ընկերության հետ կնքվել է ապրանքների գնման թվով 26 պայմանագիր՝ ընդհանուր 16.387.450 դրամ արժողությամբ դեղորայք և այլ բժշկական պարագաներ ձեռք բերելու վերաբերյալ:
Դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազը հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով:
Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել