HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում հակամանրէային դեղերն առանց դեղատոմսի լայնորեն վաճառվում են դեղատներում

Այսօր աշխարհում լուրջ խնդիր է դեղերից առաջացող հակամանրէային կայունությունն՝ իր անխուսափելի հետևանքներով: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) լուրջ ուշադրություն է դարձնում խնդրին և դրա լուծման գործում տեխնիկական աջակցություն ցուցաբերում անդամ երկրներին:

Հայաստանում հակամանրէային կայունության հիմնախնդիրներն ուսումնասիրելու նպատակով՝ ԱՀԿ-ի առաքելությունն այս շաբաթ գտնվում է Երևանում: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ առաքելության անդամները ներկայացրին կատարած դիտարկումների նախնական արդյունքները և դրանցից բխող առաջարկները:

Առաքելության անդամները շեշտեցին, որ այժմ Հայաստանում հակամանրէային դեղերն առանց դեղատոմսի լայնորեն վաճառվում են դեղատներում, և հույս հայտնեցին, որ «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքով դաշտը վերահսկելի կդառնա։ Խնդրի կարգավորման գործում կարևորվեց չափորոշիչներ և ուղեցույցներ մշակելը:

ԱՀԿ-ի առաքելությունը Հայաստանում հակամանրէային կայունության հիմնախնդրի լուծման 3 հիմնական առաջարկ ներկայացրեց. ստեղծել աշխատանքային խումբ' ընդգրկելով խնդրին առնչվող բոլոր շահագրգիռ կողմերին, նշանակել պատասխանատու անձ և մշակել միջոցառումների ազգային ծրագիր:

Որպես խնդրի լուծման գերակա պահանջ՝ առանձնացվեց լաբորատոր հետազոտությունների վրա հիմնված հսկողությունը, ինչը ենթադրում է լաբորատոր ցանցի հզորացում և դրա հսկողությունը ռեֆերենս լաբորատորիայի կողմից:

ԱՀԿ առաքելությունը կարևորեց նաև որակի ապահովման համապատասխանեցումը միջազգային չափորոշիչներին, ինչպես նաև վերահսկողությունը անասնաբուժության ոլորտում: Նրանք պատրաստակամություն հայտնեցին աջակցել ազգային ծրագրի ստեղծման և լաբորատոր ցանցի հզորացման գործում:

Դերենիկ Դումանյանը նշեց, որ «Դեղերի մասին» նոր օրենքի մշակումն ինքնին փաստում է, թե երկրում որքան մեծ կարևորություն է տրվում դեղորայքային քաղաքականությանը: Նա հավաստիացրեց, որ կազմակերպչական հարցերը շատ արագ կլուծվեն: Նախարարության կենտրոնական ապարատում վերջերս կազմավորված հանրային առողջության բաժինն ակտիվորեն կընդգրկվի այս աշխատանքներում:

«Ինձ համար շատ կարևոր է ռեֆերենս լաբորատորիայի ստեղծման գաղափարը, և հույս ունեմ, որ ԱՀԿ և այլ կազմակերպությունների աջակցությամբ կկարողանանք այն իրականություն դարձնել: Գնահատելով ունեցած կարողություններն ու ներուժը, ինչպես նաև առաջիկայում ստանալով ԱՀԿ առաքելության ուսումնասիրության մանրամասն արդյունքները՝ կհսատկեցնենք առաջիկա մեր անելիքները»,- ասաց Դերենիկ Դումանյանը: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter