HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ընկերության փայատեր Ղևոնդ Ղալումյանը ժխտում է իր մասնակցությունը ընկերության գործերին

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հիմնադրած «Արին կապիտալ» ընկերությանը պատկանած  Մաշտոցի 33/1 շենքում բնակարանի համար վճարած, սակայն բնակարան չստացած  տուժած գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով դատաքննությունը:

Ապրիլի 11-ի դատական նիստում դատարանում հարցաքննվեց ընկերության փայատեր, պաշտոնաթող գնդապետ Ղևոնդ Ղալումյանը:

Հիշեցնենք, որ բնակարան ձեռք բերելու համար Գյուլխասյանի վճարած գումարի մի մասը, ընկերության հաշվեհամարին մուտքագրվել էր, որպես Ղալումյանի կողմից ընկերությանը տրված փոխառություն:

Ոչ պակաս խորհրդավոր հանգամանքներում էլ Ղալումյանն, առանց 1 լումա ներդրում կատարելու, ընկերության 1մլն դոլար արժեքով բաժնեմասի սեփականատեր է դարձել:

Նախապատմությունը հետևյալն է.  շենքի շինարար Վլադիսլավ Մանգասարյանը նախկին գործարքներից մոտ 1մլն դոլար պարտք է մնացել Ղալումյանին և պարտավորվել է Խուդյանի շենքից ակընկալվող իր եկամուտներից այդ գումարը մինչ 2007թ. օգոստոսի վերջ վերադարձնել: Սակայն այն բանից հետո, երբ Խուդյանը  2007թ. ապրիլին Մանգասարյանին հեռացնում է շենքի շինարարությունից, Ղալումյանն իր պարտքը ստանալու նպատակով վճռական քայլերի է դիմում: Նա, Խուդյանի մոտ կարևորելով կիսակառույց շենքի շինարարությունն ավարտին հասցնելու, պետական մարմինների հետ հարկային և այլ խնդիրները լուծելու հարցում իր մասնակցություն անհրաժեշտություն և, ձեռք բերելով Խուդյանի վստահությունը, վերջինիս կողմից որպես փայատեր է ներգրավվում և 1մլն դոլարին համարժեք բաժնեմաս է ստանում Խուդյանից:

Ապրիլի 11-ի դատական նիստում Ղալումյանը, ինչպես և կարելի էր ենթադրել, լիովին հերքեց ընկերության գործերին իր մասնակից լինելը, այդ թվում` Լուսինե Գյուլխասյանի բնակարանի գործարքի հետ որևէ առնչություն ունենալը:

Ղալումյանը հերքեց նաև այն, որ «Արին կապիտալ» ՍՊԸ-ում անհատույց բաժնեմաս ստանալու դիմաց որևէ պարտավորություն է ունեցել:

Մինչդեռ, ըստ Վլադիսլավ Մանգասարյանի կողմից դեռևս նախաքննության ժամանակ ներկայացված 01.10.2007 թվականի եռակողմ պայմանագրի` Ղևոնդ Ղալումյանն ընկերության 17.6 տոկոս բաժնեմասերն ստանալու դիմաց մի շարք պարտավորություններ է ստանձնել, այդ թվում` պարտավոր էր ապահովել ընկերության բնականոն գործունեությունը: Իսկ այդ պայմանագրին նախորդած բանակցային փաստաթղթերի համաձայն` Ղալումյանը պետք է կազմակերպեր հարկային և պետական այլ մարմինների հանդեպ ընկերության պարտավորությունների պատշաճ կատարումը:

Ղալումյանն իր ցուցմունքում հերքեց գործարքների գները կիսով չափ գրանցելու միջոցով ընկերության հարկերը փոքրացված թվերով ներկայացնելու հարցում իր շահագրգռվածությունն ու մասնակցությունը:

Այնինչ միևնույն եռակողմ պայմանագրով հստակ նշված է, որ ապագա փայատետեր Ղալումյանն ու Մանգասարյանը բնակարանների վաճառքից գոյացած գումարներն կարող էին տնօրինել այն բանից հետո, երբ ամբողջությամբ կատարած կլինեն իրենց պարտավորությունները, այդ թվում` վճարված կլինեն Խուդյանի կողմից կատարված ներդրման դիմաց Խուդյանին վճարվելիք ֆիքսված գումարը, հարկային և այլ պարտավորությունները:

Այստեղից ակնհայտ է, որ հենց Ղալումյանն ու Մանգասարյանն են հանդիսանում ընկերության հարկերը փոքրացված թվերով ներկայացնելու հարցում հավելյալ շահույթ հետապնդող անձինք:

Այս դրվագը տվյալ գործով էական է, քանի որ հենց այդ անձնական շահագրգռվածությամբ է բացատրվում, որ Գյուլխասյանը և այլ իրական գնորդները ոչ թե ընկերության հետ են պայմանագրեր կնքել, այլ` ընկերության հետ նախօրոք նախնական պայմանագրեր կնքած կեղծ գնորդների հետ, որոնք միևնույն տարածքի նախնական պայմանագիրը ընկերության հետ կնքում են 1քմ` մոտ 500$-ով, այնուհետև հենց նույն օրը իրական գնորդի հետ իրավունքի վաճառքի պայմանագիր են կնքում արդեն 1քմ` 1.400$ և ավելի: Հետագայում հարկային մարմին է ներկայացվում 1քմ` մոտ 500$-ով նախնական պայմանագրի հիման վրա կնքված հիմնական պայմանագիրը: Ըստ սփյուռքահայ գործարարի փաստաբանների` սա հարկերից խուսափելու ապօրինությունն է:

Մյուս կողմից այս մեխանիզմով իրական գնորդներն են ռիսկեր ունենում, քանի որ նրանք պայմանագիրը կնքում են կեղծ գնորդի հետ, իսկ գումարը հանձնում են ընկերության ներկայացուցչին, որի դիմաց օրինական փաստաթուղթ չի տրվում: Ավելին` 16.11.2007թ.  մինչ 30.04.2009թ. իրական գնորդների կողմից վճարված գումարի մի մասը ընկերության հաշվեհամարին մուտքագրվում է, որպես ընկերության հետ նախնական պայմանագիր կնքած կեղծ գնորդի անունից վճարում, մնացած գումարը, որպես  Ղալումյանի կողմից տրված փոխառություն: Առկա է վտանգ, որ անտեսելով իրական գնորդի կնքված պայմանագիրը, ընկերության տնօրենը կարող է նախնական պայմանագիրը կնքած կեղծ գնորդի հետ հիմնական պայմանագիր կնքել, իսկ վերջինս էլ իրական գնորդի հետ պայմանագիր չկնքի, ինչը տեղի ունեցավ Լուսինե Գյուլխասյանի դեպքում, երբ կեղծ գնորդի դերում հանդես եկած Ռուբեն Մանգասարյանը (շինարար Վլադիսլավ Մանգասարյանի եղբայր) բնակարանը չհանձնեց Լուսինե Գյուլխասյանին:

Փաստորեն,  հարկերից խուսափելու դիտավորությամբ գործի դրված այս մեխանիզմը նաև իրական գնորդին խարդախության զոհ դարձնելու վտանգ է ներառել, ինչն էլ ճակատագրական է դարձել շենքում բնակարան ունենալու համար վճարումներ կատարած մի շարք գնորդների համար:

Սակայն դատավորն ու դատախազը, ի տարբերություն Վլադիսլավ Մանգասարյանի հարցաքննության, այս դատական նիստին պասիվ էին և կարծես Ղալումյանին հարցեր ուղղելու ցանկությունն չունեին:

Հիշեցնենք, որ այս գործով նշանակված փորձաքննությամբ արձանագրվել է, որ 07.12.2007թ.  «Արին կապիտալ» ՍՊ ընկերության բանկային հաշվին, իրոք, մուտքագրվել է Լուսինե Գյուլխասյանի կողմից բնակարանի համար տրված 37մլն 200հազար դրամը, որից 15 մլն 891 հազար դրամը՝ Վլադիսլավ Մանգասարյանի եղբոր՝ Ռուբեն Մանգասարյանի անվամբ, իսկ  21 մլն 309 հազար դրամը՝ Ղևոնդ Ղալումյանի անվամբ:  Այդ փաստի կապակցությամբ  Լուսինե Գյուլխասյանը հարց ուղղեց Ղալումյանին, որն էլ, չցանկացավ ընդունել, որ իր անունով մուտքագրված գումարը իրականում հենց տուժած գնորդի վճարած գումարի մի մասն է, վրդովված հարցին հարցով պատասխանեց. «Այդ գումարի վրա գրա±ծ է եղել Լուսինե Գյուլխասյան»:

Այդ օրը ընկերության հաշվին մուտքագրված գումարի վրա, բնականաբար, «Ղևոնդ Ղալումյան» գրառում էլ չկար: Սակայն մի շարք անվիճելի փաստեր են առկա այն մասին, որ ընկերության հաշվեհամարին 37մլն 200հազար դրամը մուտքագրվել է հենց Գյուլխասյանի գումարը տալու ժամանակ:

Այնուհետև Ղալումյանն իր ցուցմունքում հերքեց, թե շենքի բնակարանների վաճառքից ընդհանրապես գումարներ է ստացել: Ավելին, Ղալումյանը հայտարարեց, թե «Արին կապիտալ» ընկերությունում ինքն ընդամենը գումարներ է ներդրել, որոնք ըստ պայմանավորվածության պետք է վերադարձվեին: Ընդ որում` Ղալումյանը մեկ նշեց, որ դրանք իրեն վերադարձվել են, մեկ էլ` հակառակը,իբր, ինքն իր գումարներն ամբողջությամբ չի ստացել:

Բնականաբար այս հայտարարության մեջ տրամաբանություն չկա և իրականությունը միանգամայն այլ է. Խուդյանի փաստաբանները «Արին կապիտալ» ընկերության կանխամտածված սնանկության փաստով հարուցված քրեական գործով ապացույցներ են ներկայացրել, որ բնակարանների վաճառքից Ղալումյանն անձամբ 1.124.540$ գումար է ստացել, որից 430.000$ մուտքագրվել է ընկերության հաշվին, 248.000$ հաշվանցվել է Ղալումյանի  կողմից ընկերության կարիքների համար կատարված ծախսերի գումարին, իսկ 445.000$-ի չափով օգտվել է: Իսկ Գյուլխասյանի պես գնորդների կողմից վճարած գումարների հաշվին 16.11.2007թ. մինչև 30.04.2009թ. ամիսներին հօգուտ Ղալումյանի  1 մլն դոլարին համարժեք 333մլն 275հազար 870 ՀՀ դրամը ընկերության հաշվին մուտքագրվել է որպես իբրև թե Ղալումյանի կողմից տրված փոխառություն, և նույն չափով գումար մինչ 14.06.2009թ.  ելքագրվել Ղալումյանի անվամբ՝ իբրև փոխառության մարում:

Այնուհետ Ղալումյանը հայտարարեց, որ ինքը Լուսինե Գյուլխասյանի բնակարանի գործարքի մասին ընդհանրապես տեղյակ չի եղել, և այդ մասին իմացել է միայն 2010 թվականի դեկտեմբերի վերջերին` տուժողներից: Սակայն ամբաստանյալ Էդուարդ Եսայանն իր հարցով հիշեցրեց Ղալումյանին, որ ինքը դեռևս 2008 թվականի օգոստոսին, երբ բնակարանի մակերեսի հետ կապված փոփոխությունների հարց է առաջացել, Վլադիսլավ Մանգասարյանի հետ համատեղ, առանց Խուդյանի, մասնակցել է Գյուլխասյանի բնակարանի մասով քննարկմանն ու որոշման կայացմանը:

Ինչ վերաբերում է այս գործում Ռուբեն Մանգասարյանի մասնակցությանը` Ղալումյանը առաջարկեց տուժողներին մտածել, թե ում էր ձեռնտու օգտագործել հոգեկան խնդիրներ ունեցող Մանգասարյանին, ըստ երևույթին` նկատի ուներ, որ ոչ այնքան իրեն, որքան` Վլադիսլավ Մանգասարյանին:

Ղալումյանը շեղվելով բուն նյութից, իր տարակուսանքը հայտնեց նաև ընկերության կողմից վարկ վերցնելու գործարքի նպատակահարմարությանը, դրանով փորձելով դատարանի ուշադրությունը հրավիրել այդ վարկից Խուդյանին գումար փոխանցելու հանգամանքի վրա: Միգուցե Ղալումյանը մոռացել էր, որ ինքն ու Մանգասարյանը 01.10.2007թ. կնքված պայմանագրով այդ վարկի երաշխավոր են հանդիսացել: Նման պարտավորություն նա ունեցել է վերը նշված եռակողմ պայմանագրի համաձայն: Մասնավորապես, Խուդյանից ստանալիք ընկերության 2.217.000$ արժեքով բաժնեմասերի ձեռք բերման դիմաց Ղևոնդ Ղալումյանը և Վլադիսլավ Մանգասարյանը պարտավորություն ունեին ընկերությանը տրվելիք 2.000.000$ վարկի երաշխավոր հանդիսանալ  և վարկային պայմանագրով հստակ նշված է, թե գումարներն ինչ նպատակի են ուղղվելու:

Այս գործով դատական հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 22-ին, որի ընթացքում կուսումնասիրվեն գործում առկա ապացույցներն ու փաստական տվյալները, ինչպես նաև ցուցմունք կտա ամբաստանյալ Էդուարդ Եսայանը: Գուցե արդեն պատրաստ լինեն Ռուբեն Մանգասարյանի առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննության արդյունքները, ինչի վերաբերյալ պաշտպանական կողմը միջնորդեց նշանակել փորձաքննություն` հասկանալու համար, թե արդյոք այս պահի դրությամբ և անգամ նախաքննության պահին Ռուբեն Մանգասարյանը ունակ է եղել ճիշտ հասկանալ և վերարտադրել իր մտքերը, արդյոք, գտնվելով հոգեմետ դեղերի ազդեցության տակ, նա կարող է արդյոք ցուցմունքներ տալ դատարանում:

Հարգանքներով` Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter