HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

10.000 դրամ եւ հին հագուստ` սոցիալական հարցերի նախարարությունից

8-ամյա Գեւորգն ու 10-ամյա Էրիկը եղբայրներ են: Միայնակ մոր եւ տատիկի խնամքը գուցե եւ բավարար լիներ նրանց համար, եթե նրանք հիվանդ չլինեին: Գեւորգը սրտի հիվանդություն ունի, որը, բժիշկների ասելով, առաջացել է երկար ժամանակ քաղցած մնալուց. երեխան սնվել է իր օրգանիզմի հաշվին, բայց քանի որ ամուր է եղել, չի մահացել, սակայն սիրտը հյուծվել է:

«Ես երեխային կարողանում էի լավագույն դեպքում խաշած բրնձի շիճուկ տալ միայն: Մայրը կաթ չուներ, իսկ մանկական կեր չէինք կարողանում գնել: Եթե գումար լինում էր, մակարոն էինք գնում, որ բոլորս կարողանանք ուտել»,- պատմում է Գեւորգի տատը` Անահիտ Թազայանը: Հիմա երեխան ճնշումներ է ունենում, գլխացավեր: 

Ավագ երղբոր` Էրիկի ստամոքսում բժիշկները հայտնաբերել են չբացահայտված գոյացություն` ուռուցք, որը շարունակում է աճել երեխայի հետ: Վերջնական ախտորոշում տալու համար անհրաժեշտ են հետազոտություններ, որոնց համար ընտանիքը գումար չունի: Էրիկը նույնպես ցավեր է ունենում: Ուժեղ ցավերի ժամանակ նրան ցավազրկող դեղեր են տալիս, որ դիմանա:

Ընտանիքն ապրում է վարձով 3 սենյականոց բնակարանի մեկ սենյակում` ամիսը վճարելով 15 հազար դրամ: Տան մյուս սենյակներում բնակվում են ուրիշ մարդիկ` նույնպես վարձով: Սովորական բնակարանը հարմարեցված է հանրակացարանային պայմաններին, որտեղ ամեն մեկն ունի իր սենյակը, իսկ խոհանոցն ու բաղնիք-զուգարանն ընդհանուր են բոլորի համար: Հիմա տանտերը որոշել է վաճառել բնակարանը եւ պահանջում է ազատել այն: 

«Վարձով ապրում ենք 13 տարի: Անընդհատ ստիպված ենք եղել տարբեր պատճառներով ազատել բնակարանները: Խնդրեցինք, որ մեզ թողնեն մինչեւ փետրվարի 25-ը, բայց չգիտեմ էլ` ինչ պետք է անենք հետո: Մեզ հանելը հեշտ է. առանձնապես իրեր էլ չունենք, բոլորը վաճառել ենք, որ երեխաները սոված չմնան»,- պատմում է երեխաների տատիկը` ցույց տալով սենյակի անկյուններում դրված կահույքի մնացորդները: Այս սենյակում նրանք ապրում են 1 տարի: Նախքան դա գտնելը, երեխաները մոր եւ տատիկի հետ 4 օր ապրել են մի շենքի շքամուտքում, որի բնակարաններից մեկից նրանց տանտերերը դուրս են հանել: 

Ընտանիքի դժբախտությունները սկսվել են 13 տարի առաջ, երբ նրանք վաճառեցին իրենց բնակարանը: Այդ ժամանակ տկն Անահիտին պետք էր շտապ վիրահատել: 

Երեխաների մայրը` Վարվառա Հարությունյանը, եւ տատը` Անահիտը, աշխատում են` մաքրում են բնակարաններ, պատուհաններ, լվացք եւ արդուկ են անում տներում` օրական ստանալով 800-2000 դրամ: Երեխաների հայրը հեռացել է նրանցից 9 տարի առաջ` թողնելով կնոջն ու նորածին երեխային հիվանդանոցում: 

«Ես ոչ մի տեղեկություն չունեմ ո՛չ ամուսնուս, ո՛չ էլ նրա ընտանիքի մասին: Ամուսնուս մայրն ու հայրը Կրասնոդարից են եղել եւ որդու ամուսնությունից հետո մեզ հետ ոչ մի կապ չեն պահպանել: Ամուսնուս հետ նույնպես վարձով ենք ապրել, իսկ երբ ծնվեց երկրորդ երեխաս, նա երկու օրից լքեց մեզ»,- պատմում է Վարվառան: Նա հիմա ստանում է 15.000 դրամ` որպես միայնակ մայր: Դա բավարարում է տան վարձին: 

Ընտանիքի համար հիմա ամենակարեւորը երեխաների առողջությունն է, բայց դա կապված է գումարների հետ, որոնք մայրն ու տատը չունեն: 

«Մեզ ասացին, որ Գեւորգին նորից կհետազոտեն մեկ տարի հետո: Մեզ բացատրեցին, որ նա դեռ փոքր է, որպեսզի որոշեն` կարելի՞ է նրան վիրահատել, թե ոչ: Հիմա բժիշկը հատուկ սննդակարգ է նշանակել` հյութեր, կաթնամթերք, մրգեր: Բայց եթե մենք մեր վաստակած գումարով միայն նրան պահենք, մյուսներս չենք կարող ապրել: Էրիկի հիվանդության հետազոտումը նույնպես գումարների հետ է կապված: Որոշ հետազոտություններ հիվանդանոցի գլխավոր բժշկի ուղեգրով անվճար են արվել, բայց կան բաներ, որոնք պարտադիր վճարովի են: Մենք չենք կարողանում երեխաների համար բուժում ապահովել: Այսպես կիսատ-պռատ, մի տեղ անվճար, մի տեղ վճարովի, մեկին խնդրելով, մի բան բաց թողելով` մենք չենք կարողանում լիարժեք հետազոտել եւ բուժել նրանց»,- ասում է երեխաների մայրը: 

Ընտանիքը «Փարոս» ծրագրում ընդգրկված չէ, որովհետեւ գրանցում չունեն, իսկ քանի որ գրանցում չունեն, ապա որեւէ մեկը նրանցով չի կարող զբաղվել: Գեւորգի հաշմանդամության թոշակի համար թղթերը, ինչպես նշեց մայրը, դեռ ընթացքի մեջ են եւ հայտնի չէ` երբ պատրաստ կլինեն: 

«Միրգ, թթվասեր, երշիկգ նման բաները մեր երեխաների համար երազանք են: Երբ խանութներում լի է այդ ամենը, մեր երեխաները երբեմն կիսասոված են հաճախում դպրոց կամ սոված քնում են: Ձմռան ամիսներին շատ ենք սոված մնացել, բայց երեխան, որը չի հասկացել, գիշերները գոռացել է` ուտել եմ ուզում, նրա բղավոցներից հարեւաններն են եկել, օգնել են` ով ինչով կարողացել է: Մարդիկ անտարբեր չեն. հին հագուստ են տալիս, երբեմն էլ` ուտելիք: Պատահել է, որ ստիպված դիմել եմ տարբեր բարեգործական կազմակերպությունների, սոցիալական օգնության կառույցներին, ասել, որ այստեղ երկու երեխա սոված է մնում, որ օգնեն մինչեւ ինքներս մի բան գտնենք»,- արցունքներն աչքերին պատմում է տկն Անահիտը: 

Անցած ձմեռ, երբ երեխաների մայրն ու տատիկը հիվանդ են եղել եւ չեն կարողացել աշխատել, հարեւանները զանգել են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից նրանց ուղարկել են 10.000 դրամ եւ հին հագուստ: Դրանից հետո նրանց մասին այլեւս չեն հիշել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter