«Վրաստանն ի վիճակի է ստանձնել երկաթուղային գերտերության գործառույթները»
Նորից հրատապ դարձավ Ախալքալաքի եւ Կարսի միջեւ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու արդեն քանի տարի հետաձգվող հարցը։ Տասնամյակներ շարունակ Թուրքիան փորձում էր վրացական կառավարությանն առաջադրել երկաթուղային հաղորդակցության հարցը։
Այս անգամ, Վրաստանի արտաքին քաղաքական ակտիվության ֆոնի վրա, այս հարցը ստանում է նոր հնչեղություն։ Ըստ փորձագետների` Ադրբեջանը, Թուրքիան եւ Վրաստանը ստեղծում են մի նոր աշխարհաքաղաքական առանցք, որի վեկտորն ուղղված է դեպի արեւմուտք։
«Ինչքան ավելի շատ ձգձգենք երկաթուղային նախագծերի իրականացումն, այնքան ավելի վատ մեզ համար։ Վրաստանն ի վիճակի է ստանձնել երկաթուղային գերտերության գործառույթները»,- հայտարարում է քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլին։
Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի առաջին դեմքերն արդեն ստորագրել են «Թբիլիսյան հռչակագիրը տարածաշրջանային համագործակցության ընդհանուր տեսլականի մասին»։
Պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ Թբիլիսիում, խորհրդարանի շենքում։ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղային մայրուղու կառուցման մասին համաձայնագրի ստորագրումն անվանեցին պատմական իրադարձություն։ Ստորագրման արարողության ժամանակ Վրաստանի նախագահը հայտարարեց, որ այս շինարարությունը գործնականում առաջին վիթխարի նախագիծն է` ուղղված երկրի շարքային քաղաքացիներին, եւ որ այս նախագծով, փաստորեն, ձեւավորվում է «Մետաքսի մեծ ճանապարհի» նոր, ժամանակակից տարբերակի կայացումը։
«Այս նախագիծը տարածաշրջանում կհանգեցնի աշխարհաքաղաքական հեղաշրջման, քանի որ նրա իրականացմամբ կբացվի նոր ռազմավարական գիծ, որն իրար կկապի այնպիսի տարածաշրջաններ, ինչպիսիք են Կենտրոնական Ասիան, Չինաստանը եւ Եվրոպան»,- հայտարարեց Վրաստանի նախագահը։ Նրա խոսքերով` նախագիծը հարյուրավոր միլիարդներ կբերի բոլոր երեք մասնակից պետություններին։ Թուրքական եւ ադրբեջանական կառավարությունների ներկայացուցիչների կարծիքով` այս նախագիծն իր կարեւորությամբ չի զիջում այնպիսի խոշոր նախագծերի, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը։ Առաջին հերթին` տարածաշրջանային ենթակառուցվածքի զարգացման տեսանկյունից։
Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Գեորգի Արվելաձեն Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղային նախագիծը գնահատում է որպես աշխարհաքաղաքական հեղափոխություն։ Նրա կարծիքով` այս նախագիծը հատկապես կարեւոր է հյուսիսից երկրի տնտեսական շրջափակման պայմաններում։ Ինչպես հայտարարեց նախարարը. «Առաջին հերթին Վրաստանը պետք է կարողանա ինտեգրվել եվրոպական տնտեսություն։ Իսկ ապագայում միանգամայն հնարավոր է, որ Կարս-Ախալքալաք-Բաքու մայրուղով անցնեն նաեւ ԱՊՀ երկրներից եկող վագոններ»։
Փորձագետ Գիա Խուխաշվիլին համարում է, որ այս նախագծի իրականացումը կապված է որոշակի ռիսկի հետ, բայց չի ժխտում, որ այն կհանգեցնի տարածաշրջանում սոցիալական իրադրության էական բարելավման։ «Այս նախագծի քաղաքական նշանակությունը հսկայական է. առաջ է գալիս նոր քաղաքական առանցք` Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա, եւ այս առանցքը դառնում է եվրոպական անվտանգության միասնական համակարգի անքակտելի մասը։
Նախագիծն ամենադրական ձեւով կանդրադառնա Սամցխե-Ջավախեթիայի սոցիալական իրադրության վրա. շրջանում սկսվում է ենթակառուցվածքի վերականգնումը։ Այդուհանդերձ, նախագիծը կապված է որոշակի ռիսկի հետ։ Այսօրվա դրությամբ գոյություն ունի տրանսպորտային միջանցք, որը կապում է Գարդաբանին Փոթիի եւ Բաթումիի հետ եւ մեծ շահույթներ բերում պետությանը։ Պետությունը մեծ շահույթ է ստանում նաեւ հենց նավահանգիստներից։ Բայց եթե առաջ գան նոր բեռնահոսքեր, ապա վրացական նավահանգիստները կտկարանան։ Մեզ հավատացնում են, թե նոր բեռնահոսքերի պատճառով հին բեռնահոսքերը չեն տուժի, բայց դա կամ կլինի, կամ չի լինի։ Մի խոսքով` տնտեսական ռիսկը մնում է»,- պարզաբանում է Խուխաշվիլին` միանգամից ընդգծելով, որ չարժեր այդ ռիսկի պատճառով հրաժարվել այսպիսի մեծ քաղաքական նշանակությամբ նախագծից։
«Վրաստանը ստիպված չի լինի ներդրումներ կատարել։ Մեզ հատկացրել են վարկ, եւ մենք պետք է այն ամբողջովին մարենք։ Այս պայմանագրում Վրաստանի շահերը կարող էին ավելի լավ հաշվի առնվել։ Այն մասին, որ պետք է իրականացնել նախագիծը, երկու կարծիք լինել չի կարող, բայց ինչպե՞ս իրականացնել. սա արդեն այլ հարց է»,- ասում է Խուխաշվիլին։
Հայաստանի պաշտոնական վերաբերմունքն այս նախագծի նկատմամբ մնում է անփոփոխ. Հայաստանը դեմ է։ Ինչպես հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, այդ նախագիծը չի կարող իր երկրին հասցնել տնտեսական կորուստ, բայց այն կարող է հանգեցնել տարածաշրջանում Հայաստանի համար անցանկալի մթնոլորտի ստեղծմանը։ «Հայաստանը դեմ է այդ նախագծին, եւ նա չի փոխի իր դիրքորոշումը»,- նշել է արտաքին գործերի նախարարը։
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը համարում է, որ Կարս-Ախալքալաք-Բաքու նախագիծը նախատեսված է ոչ թե շահույթներ ստանալու, այլ Հայաստանի շրջափակումն ուժեղացնելու համար։ Նրա խոսքերով` Հայաստանը կարող է նույնիսկ խանգարել այդ երկաթուղու կառուցմանը։ «Եթե մեզ հաջողվի ընդունել ճիշտ դիվանագիտական որոշում, ապա այդ նախագծի իրականացումը կարող է առնվազն ձգձգվել։ Առավել եւս, որ առանց այդ էլ նախագիծը դժվար իրագործելի է»,- հայտարարել է Հովհաննիսյանը։
Նախագծի դեմ է հանդես գալիս նաեւ «Ջավախք» հասարակական շարժումը։ Շարժման նախագահ Շիրակ Թորոսյանն ընդունում է, որ նախագիծը տնտեսական տեսակետից բավական շահավետ է շրջանի համար։ Բայց քանի որ երկաթուղու կառուցումը չի համընկնում Հայաստանի շահերին, ապա շարժումը հանդես է գալիս դրա դեմ։ «Ջավախքի հայերը ցանկանում են Հայաստանը տեսնել ուժեղ, հզոր»,- նշեց Թորոսյանը։ Հայկական կողմի դիմադրությունն այնքան մեծ է, որ նույնիսկ ամերիկյան սենատորներ Ռիկ Սանթորումը եւ Ռոբերտ Մենենդեսը, որոնք զբաղվում են ԱՄՆ-ի Սենատում հայկական շահերի լոբբինգով, Սենատին ներկայացրել են օրենքի նախագիծ, որն ամերիկացի ներդրողներին արգելում է միջոցներ ներդնել Հայաստանը շրջանցող երկաթուղու շինարարության մեջ։ Սենատի որոշումը չխոչընդոտեց նախագծի իրականացմանը, իսկ Վրաստանի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները հատկացնում է Ադրբեջանը։
Այս նախագծի նկատմամբ արդեն հետաքրքրություն են դրսեւորել Ղազախստանը եւ Չինաստանը։ Ճիշտ է, սակայն, որ առայժմ նրանք կոնկրետ որոշումներ չեն կայացրել։ Ներկա փուլում երկու երկրների ներկայացուցիչները սահմանափակվել են պատրաստակամություն հայտնելով` միանալ նախագծին շինարարության ավարտից հետո։ Վրաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դավիթ Ծիկլաուրին այս կապակցությամբ հայտարարեց, որ մի քանի ամիս առաջ չինացիների հետ միասին, որոնք հետաքրքրվել են շինարարությամբ, Ղազախստանում կայացավ այս նախագծի քննարկումը։ Թուրքական «Զաման» թերթին տված հարցազրույցում այս տեղեկությունը հաստատել է նաեւ Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Իլդիրիմը։ Նրա խոսքերով` նախագիծը «Մետաքսի մեծ ճանապարհի» ժամանակակից տարբերակն է։ Այս նոր երկաթուղով կարելի կլինի ճամփորդել Կարսից դեպի Ղազախստան եւ ապա` մինչեւ Շանհայ եւ Հոնգկոնգ։ Ավելին` նախագծի ընդլայնումից հետո, երբ այդ գծին կմիանա նաեւ «Մարմարա» նախագիծը, հնարավոր կլինի գնացքով Անգլիայից գնալ մինչեւ Չինաստան։
«Նոր երկաթուղին, որի շինարարությունը կավարտվի երկու տարուց, կտեղափոխի թե՛ բեռներ, թե՛ ուղեւորներ։ Նկատենք, որ Թուրքիայի ներքին երկաթուղային ցանցը տարեկան տեղափոխում է 18 միլիոն տոննա բեռ։ Այս համատեքստում դժվար է գերագնահատել տվյալ նախագծի նշանակությունը։ Այն նշանակալի ներդրում կունենա տարածաշրջանի զարգացման գործում»,- պնդում է Իլդիրիմը։ Նախարարը նշեց, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առկա խնդիրների պատճառով, այս երկրների համար վաղուց փակ են Արեւելքի դարպասները։ «Դրա պատճառով Թուրքիան չունի երկաթուղային կապ Ղազախստանի եւ Հեռավոր Արեւելքի հետ։ Այս խնդրի լուծման համար լարված աշխատում են Ադրբեջանը, Թուրքիան եւ Վրաստանը։ Այս նախագծին Չինաստանի եւ Ղազախստանի միանալն է՛լ ավելի կընդարձակի դրա շրջանակը»,- նշում է նախարարը։
Վրաց փորձագետների կարծիքով` նախագծի հաջող իրականացման դեպքում նրա մասշտաբը կընդլայնվի, եւ այն կդառնա Եվրոպա-Կովկաս-Ասիա (ՏՐԱՍԵԿԱ) տրանսպորտային միջանցքի առանցքային հատվածը, որի բեռնափոխադրումների ծավալը, Արժույթի միջազգային հիմնադրամի նախնական գնահատականներով, կկազմի տարեկան 600 միլիոն ԱՄՆ դոլար։
«Կարս-Ախալքալաք-Բաքու» երկաթուղային նախագծի ընդհանուր արժեքը կկազմի մոտ 420 միլիոն դոլար։ Վրաստանով անցնող հատվածի կառուցման համար Ադրբեջանը Վրաստանին կհատկացնի վարկ 25 տարի ժամկետով եւ տարեկան մեկ տոկոս տոկոսադրույքով։ Վրաստանն արդեն ստացել է այդ վարկի առաջին մասնաբաժինը. Ադրբեջանի միջազգային բանկը «Մարաբդա-Կարցախ երկաթուղի» ՍՊԸ-ի հաշվին փոխանցել է 40 միլիոն դոլար։ Այդ գումարը կծախսվի երկաթուղու` Վրաստանի տարածքում գտնվող (մինչեւ թուրքական սահմանը) 29 կիլոմետրանոց հատվածի կառուցման վրա։
«Մարաբդա-Կարցախ երկաթուղի» ՍՊԸ-ն Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու վրացական հատվածի համար պատասխանատու օպերատորն է։ Նոր նախագծի շրջանակում կիրականացվի Մարաբդայից մինչեւ Ախալքալաք հասնող երկաթուղու վերականգնումը, իսկ այնուհետեւ` Ախալքալաքից մինչեւ Կարցախ (թուրքական սահմանի վրա) ձգվող նոր հատվածի շինարարությունը։ «Մարաբդա-Կարցախ երկաթուղի» ՍՊԸ-ն արդեն հայտարարել է միջազգային տենդեր երկաթուղու Մարաբդա-Ախալքալաք հատվածի վերականգնման եւ վերակառուցման, ինչպես նաեւ` մինչեւ Կարցախ երկաթուղու կառուցման աշխատանքային պլանի մշակման համար։ Համաձայն տենդերի պայմանների` գոյություն ունեցող ճանապարհը պետք է պահպանվի, բայց պահանջվող տեղերում նրա թողունակությունը մեծացնելու համար կթույլատրվի կառուցել ուղեբաժանքներ։ Տենդերի առաջին փուլն արդեն ավարտվել է։ Երկրորդ փուլին կմասնակցեն 8 ընկերություններ։ Ներկա պահին Վրաստանի տնտեսական զարգացման նախարարությունն ուսումնասիրում է այդ ընկերությունների առաջարկները։ Ըստ նախարարության մամլո ծառայության տեղեկատվության` երկրորդ փուլի անցկացման ճշգրիտ ժամկետը դեռեւս հայտնի չէ։ Ինչ վերաբերում է տվյալ հատվածի տեխնիկական հետազոտությանը, ապա, ըստ Վրացական երկաթուղու գլխավոր տնօրեն Իրակլի Էզուգբայայի, թուրքական կողմն արդեն կատարել է աշխատանքի իր մասը, եւ այժմ դրանով զբաղվում են Վրաստանի համապատասխան ծառայությունները։
Կողմերից յուրաքանչյուրը` թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, թե՛ Վրաստանը, իր ձեւով շահում է այս նախագծից. էապես կկայունանա Վրաստանի տնտեսական եւ քաղաքական իրավիճակը, Ադրբեջանը կստանա իր էներգապաշարների իրացման եւս մեկ երթուղի, կկատարվի Թուրքիայի վաղեմի երազանքը` նա կստանա ռուսական շուկա տանող կարճագույն, շատ ավելի էժան ճանապարհ` էլ չխոսելով այն մասին, որ կարող է այդ ճանապահից օգտվել Միջին Ասիային կապվելու նպատակով։
Հոդվածը «Հետքի» համար պատրաստվել է ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում
Մակա Խարազիշվիլի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել