HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ ՀՀՊ համակարգը. հեռանկարներ հարավկովկասյան ուղղությամբ

ԱՄՆ ՀՀՊ համակարգի ստեղծման ծրագիրը մինչեւ 2013թ.

Վերջին կես տասնամյակում ռուս-ամերիկյան հարաբերություններում է՛լ ավելի են ընդգծվում ռազմական, ռազմաքաղաքական ասպեկտները։

2001 թ. սեպտեմբերյան ահաբեկչությունից հետո՝ նույն թվականի դեկտեմբերի 13-ին, ԱՄՆ նախագահ Ջ. Բուշը հայտարարեց ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ 1972 թ. մայիսի 26-ին ստորագրված «Հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգերի սահմանափակման մասին» պայմանագրից ամերիկյան կողմի միակողմանի դուրս գալու մասին, ինչը միանշանակ խորհրդանշում էր Սպիտակ Տան նոր ռազմավարության ձեւակերպումը։ Իսկ ս/թ հուլիսին ԱՄՆ Սենատում հաստատված 2008 թ. ԱՄՆ ռազմական ծախսերի մասին օրենքի փոփոխություններում ամերիկյան ՀՀՊ համակարգի ստեղծումը հռչակվում էր ԱՄՆ պետական քաղաքականության կարեւորագույն բաղադրիչ։ 

Մինչեւ 2013 թ. Վաշինգտոնը նախատեսում է հիմնել հակահրթիռային պաշտպանության համակարգ՝ ըստ Վաշինգտոնի, 2015 թ. հավանական սպառնալիքների կանխման նպատակով։ Մասնավորապես ԱՄՆ Օդուժի Հրթիռային պաշտպանության գործակալության (US Air Forces-Missile Defense Agency) Հրթիռային պաշտպանության ծրագրի համաձայն` մինչեւ 2013 թ. Վաշինգտոնի ՀՀՊ համակարգի ստեղծումը ենթադրում էր հակառակորդի հրթիռային երեք հիմնական սպառնալիքների խոցում՝ համապատասխան հակահրթիռային արսենալով (Առավել մանրամասն տե՛ս Հավելված 1-ում)։ Առաջին՝ հեռահար սպառնալիքների խոցում, որի համար ՀՀՊ համակարգի տրամադրության տակ են լինելու Ցամաքային հենակետային 54 հակահրթիռներ (44-ը տեղակայվելու է ԱՄՆ-ում, 10-ը՝ Լեհաստանում), Արագ արձագանքման ռադիոտեղորոշիչ կայաններ (Ալյասկա, Կալիֆոռնիա, Գրենլանդիա, Մեծ Բրիտանիա, ինչպես նաեւ` Չեխիա)։ 

Երկրորդ՝ տարածաշրջանային եւ ասիմետրիկ սպառնալիքների ոչնչացում, որտեղ ենթադրվող արսենալների համախումբը թույլ կտա խոցել հակառակորդի՝ մինչեւ 3 հազ. հեռահարության բալիստիկ հրթիռը հետագծի միջնամասում (SM-3 տեսակի 132, SM-2 ավելի քան 100 հրթիռ), հրթիռների անկման փուլում (THAAD-Terminal Haigh Altitude Area Defense տեսակի 4 համալիր` 96 հակահրթիռով)։ Եվ երրորդ՝ հնարավոր եւ հանկարծահաս սպառնալիքների խոցում, որի համար զինանոցում նախատեսվում է Ծովային հենակետային ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայում Խաղաղ օվկիանոսում, Առաջնային մարտական 2 ռադիոտեղորոշիչ կայան՝ տեղակայվելով Ճապոնիայում եւ Կասպյան/Կովկասյան տարածաշրջանում։ 

Միջազգային ռազմաքաղաքական զարգացումների ամենաարդիական թեման այսօր, իհարկե, շարունակում է մնալ Արեւելյան Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգերի հնարավոր տեղակայման հարցը, որը եւ հանդիսանում է առաջիկա տարիներին ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության ազգային ծրագրի մի մասը։ Խոսքը, մասնավորապես, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի կողմից հնարավոր սպառնալիքներից պաշտպանվելու նպատակով Չեխիայում ռադարային համակարգի եւ Լեհաստանում 10 հրթիռների տեղակայման մասին է, որոնք ներկայումս գտնվում են բանակցային փուլում (1)։ Նախապես՝ ս/թ. փետրվարի կեսերին, վերոնշյալ երկրների (նաեւ Հունգարիայի) իշխանությունները պատրաստակամություն էին հայտնել իրենց երկրներում տեղակայել հակահրթիռային աշխատանքային համալիրներ եւ ամերիկյան կողմի հետ բանակցություններ էին վարում դրա տեղանքի ընտրության հարցում (2)։

Հարավկովկասյան վեկտոր

Արեւելյան Եվրոպայում ամերիկյան ՀՀՊ համակարգի տեղակայման շուրջ բանակցություններին զուգահեռ վերջերս էապես ակտիվացել են ՆԱՏՕ-Հարավային Կովկաս եւ հատկապես ՆԱՏՕ-Վրաստան շփումները (տե՛ս Հավելված 2)։ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Վրաստանի համագործակցության խորացումը պետք է վերագրել 2003 թ. «վարդերի հեղափոխությանը», որն անցումային նշանակություն ունեցավ տարածաշրջանի ռազմաքաղաքական ընթացիկ զարգացումների ու անվտանգության հիմնախնդիրների ընդհանուր տրամաբանության վերափոխման, վերաիմաստավորման առումով։ Ի տարբերություն հարեւան երկու հանրապետությունների, 2003 թ. նոյեմբերյան իշխանափոխությունից հետո Վրաստանի գործող ղեկավարությունը բացահայտ հայտարարեց երկրի արտաքին քաղաքականության միավեկտորացման եւ եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման մտադրության մասին։ Հյուսիսատլանտյան դաշինքն իր հերթին ՆԱՏՕ-Հարավային Կովկաս համագործակցության խորացման ու կազմակերպության ռազմաքաղաքական հորիզոնների ընդլայնման հիմնական խաղաթղթերը դրեց վրաստանյան հարթակում՝ շարունակելով համագործակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ (3)։  

Վրացական կողմը ՆԱՏՕ-ի հետ համագործակցության միջոցով նախ փորձում է լուծել երկրի ներքին հիմնախնդիրները` առանց ռուսական կողմի միջամտության, վերջինիս ուղղությամբ եվրաատլանտյան ուղղակի կամ անուղղակի շահագրգիռ ինստիտուտների ճնշումների գործադրման ճանապարհով։ Եվ երկրորդ՝ պաշտոնական Թբիլիսին լուրջ հայտ է ներկայացնում ինչպես երկրի, այնպես էլ ողջ տարածաշրջանի՝ ի հաշիվ ռուսական դիրքերի, եվրաատլանտյան եւ եվրոպական կառույցներին ինտեգրման հարցում, ինչը եւ ուղղակիորեն առնչվում է տարածաշրջանում ՌԴ անվտանգության խնդիրներին։ Մյուս կողմից` Հարավային Կովկասում եվրաատլանտյան ինստիտուտների, տվյալ պարագայում՝ ՆԱՏՕ-ի դիրքերի ընդլայնումն իր հերթին, կնպաստի ՆԱՏՕ-Ադրբեջան, ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության ընդլայնմանը (4)։ 

Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության խորացման եւ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի առաջխաղացման գործում առաջին հերթին շահագրգռվածություն են ցուցաբերում Վաշինգտոնում (4)։ Ամերիկյան կողմը Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցը դիտարկում է հիմնականում երկու՝ հակառուսական (ռազմավարական) եւ տարածաշրջանային (համալիր) վեկտորներով, որոնք շատ հաճախ չունեն բաժանարար գծեր եւ փոխլրացնում են մեկը մյուսին։ Արեւելյան Եվրոպայում ընթացող ռազմաքաղաքական զարգացումներին զուգահեռ Վաշինգտոնը ՆԱՏՕ-Հարավային Կովկաս ձեւաչափի միջոցով ակտիվացրել է Հարավային Կովկասում եւ, մասնավորապես, Վրաստանում ամերիկյան ռադարային կամ ՀՀՊ համակարգերի հնարավոր տեղակայմանն ուղղված PR-արշավը (5)։ Դեռեւս 2007 թ. մարտի 1-ին ԱՄՆ ՀՀՊ հարցերով գործակալության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Հենրի Օբերինգը հայտարարեց, որ Միացյալ նահանգները մտադիր է մինչեւ 2011 թ. Հարավային Կովկասում տեղակայել ՀՀՊ համակարգի մոբիլային ռադար, որը թույլ կտա հայտնաբերել Իրանի տարածքից հրթիռների արձակումը եւ փոխանցել այդ տվյալները Չեխիայի համապատասխան ռադիոտեղորոշիչ կայան։ Մոբիլային ռադարը շարժական մի համակարգ է, որը կարող է տեղակայվել ընդամենը մի քանի օրվա ընթացքում։ 

Ավելին, Ադրբեջանում տեղակայված Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (իսկ հետո նաեւ՝ ՌԴ Արմավիրի մերձակայքում կառուցվող հրթիռարձակման նախազգուշացման կայանի) համատեղ շահագործման հարցի շուրջ ռուս-ամերիկյան բանակցություններից հետո, որոնք, ինչպես եւ սպասվում էր, դժվար թե դրանք լուրջ արդյունքներ տան, Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի շահագործման հարցերով զբաղվող ամերիկյան փորձագիտական խումբն Ադրբեջանից անմիջապես մեկնեց Վրաստան (6)։ Ոչ պաշտոնական տվյալներով` փորձագիտական խումբը սեպտեմբերի վերջերից հետազոտություններ էր անցկացնում նմանատիպ ռադիոտեղորոշիչ կայանի՝ Աջարիայում հիմնելու ուղղությամբ։

ԶԼՄ-ներում այդ օրերին շրջանառվում էին Վրաստան ժամանած մասնագետների կողմից Վրաստանի ավիանավիգացիոն հնարավորությունների ուսումնասիրման եւ երկրում ամերիկյան ՀՀՊ համակարգի տեխնոլոգիական տարրերի տեղակայման հավանականության մասին լուրերը։ Իր հերթին դեռեւս ս/թ մայիսի 2-ին Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գելա Բեժուաշվիլու՝ բրիտանական «Financial Times» թերթին տված հարցազրույցում պաշտոնյան հաստատել էր անհրաժեշտության դեպքում Վրաստանում ՀՀՊ համակարգի տարրերի տեղակայման՝ վրացական կողմի պատրաստակամությունը։ Ի դեպ, սեւծովյան ափամերձ շրջանում՝ Բաթումիի եւ Փոթիի միջեւ ընկած հատվածում, ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայման մտադրության մասին պաշտոնական Թբիլիսին որոշում էր կայացրել դեռեւս 2007 թ. օգոստոս ամսին (7)։ Նշենք, որ կայանը, որը ձեռք է բերվել Ֆրանսիայում, տեղակայվելու է «Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության» (ՔԱՄԿ) խորհրդատվության հիման վրա։ Նախատեսվում է, որ այն միանալու է Վրաստանի օդային տարածքի վերահսկողության միասնական համակարգին՝ վերահսկելով երկրի օդային տարածքով տարածքային ջրերի վրայով ինքնաթիռների թռիչքները (8)։ 

Թեեւ պաշտոնական Վաշինգտոնը շարունակում է հերքել ներկայումս Վրաստանի տարածքում ամերիկյան ՀՀՊ համակարգի կամ ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայման հնարավորության հարցը, այնուհանդերձ, վերջին կես տարվա կտրվածքով վրաց-ամերիկյան ռազմական շփումները, Վրաստանում ՆԱՏՕ-ի ակտիվացման տեմպերը թույլ են տալիս վերապահումներով մոտենալ ԱՄՆ պաշտոնական հայտարարություններին։ Նախ՝ վերջին մի քանի ամիսներին, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, ՆԱՏՕ-ի թբիլիսյան տեղեկատվական կենտրոնը, Աջարիայում տեղակայված ՆԱՏՕ-ի մասնաճյուղի հետ համագործակցությամբ, հետազոտական լուրջ աշխատանքներ ու տարբեր հասարակական-քաղաքական միջոցառումներ էր իրականացնում երկրի սեւծովյան շրջաններում (9)։ 

Դժվար չէ նկատել, որ Արեւելյան Եվրոպայում ամերիկյան ՀՀՊ համակարգերի տեղակայման հարցն անուղղակիորեն առնչություն ունի Վրաստանում նմանատիպ հակահրթիռային համակարգի ստեղծման շուրջ վերջին ժամանակներս շրջանառվող լուրերի հետ։ Պատահական չէր նաեւ ս/թ օգոստոսի 6-ին Վրաստանի Ցիթելուբանի գյուղի շրջանում հրթիռի հայտնաբերման հանգամանքը, որը, պաշտոնական Թբիլիսիի պնդմամբ, ռուսական արտադրության Raduga Kh-58 տեսակի տակտիկական հակառադարային ղեկավարվող հրթիռ էր։ Դեպքի առնչությամբ չհապաղեց Բրյուսելում Վրաստանի արտգործնախարար Գ. Բեժուաշվիլիի հայտարարությունն առ այն, որ վրացական կողմը ստացել է օդային տարածքի վերաբերյալ տվյալների փոխանակման համակարգին Վրաստանի ներգրավման հարցում եվրաատլանտյան կազմակերպության աջակցությունը։ Հրթիռի դեպքին հաջորդեց Թբիլիսիի պաշտոնական հաղորդագրությունը. օգոստոսի 22-ին Աբխազիայի լեռներում, իբր Վրաստանի սահմանը հատած ռուսական ինքնաթիռի՝ վրացական կողմից ռմբահարման ու պայթեցման միջադեպի վերաբերյալ, ինչը, սակայն, հերքվեց պաշտոնական Մոսկվայի կողմից։ Նույն օրը ՆԱՏՕ-ի անդամ-պետությունները, ընդառաջ գնալով վրացական կողմի հայտարարությանը, հանդես եկան Վրաստանի ռադարային տվյալների տրամադրման հնարավորության մասին հայտարարությամբ (10)։ 

Ինչեւէ, բերված փաստարկները, առավելեւս ԱՄՆ Պենտագոնի Հրթիռային պաշտպանության գործակալության կողմից պատրաստված ՀՀՊ համակարգի ծրագիրը, որը նախատեսվում է իրագործել առաջիկա կես տասնամյակի ընթացքում, իրապես հաստատում են, որ Հարավային Կովկասում (ավելի հավանական է՝ Վրաստանում) ամերիկյան ՀՀՊ համակարգի տարրերի տեղակայման հարցը պարզապես ժամանակի խնդիր է եւ վաղ թե ուշ ստանալու է իր լուծումը։ Իսկ ինչ վերաբերում է Արեւելյան Եվրոպայում, Կովկասում ամերիկյան ՀՀՊ համակարգի ստեղծման շուրջ հակասական հայտարարություններին, կարծիքներին կամ շրջանառվող լուրերին, ապա դրանք մասամբ ունեն քաղաքական, մասամբ նաեւ՝ PR-արշավի ու «պլացդարմային» ուղղվածություն։   

Հետեւություններ

ԽՍՀՄ փլուզումից հետո  համաշխարհային ռազմականացման մրցավազքի իրական մեկնարկը դրվեց 2001 թ. սեպտեմբերյան ահաբեկչությունից հետո՝ նույն թվականի դեկտեմբերի 13-ին, երբ ԱՄՆ նախագահ Ջ. Բուշը հայտարարեց ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ 1972 թ. մայիսի 26-ին ստորագրված «Հակահրթիռային պաշտպանության համակարգերի սահմանափակման մասին» պայմանագրից ամերիկյան կողմի միակողմանի դուրս գալու մասին։ Ընդամենը 5 տարի անց չհապաղեց նաեւ Ռուսաստանի Դաշնության համարժեք արձագանքը, երբ 2007 թ. հուլիսի 13-ին ՌԴ նախագահ Վ. Պուտինը ստորագրեց «Եվրոպայում ընդհանուր զինված ուժերի մասին պայմանագրի եւ դրա հետ առնչվող միջազգային համաձայնագրերի՝ Ռուսաստանի Դաշնության կողմից դադարեցման մասին» հրամանագիրը։ Այն բանից հետո, երբ ս/թ հունիսի 15-ին ՆԱՏՕ-ն հայտարարեց Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի համատեղ շահագործման եւ Եվրոպայում ամերիկյան ՀՀՊ համակարգի տեղակայման հարցում Վաշինգտոնի դիրքորոշմանն իր աջակցության անփոփոխության մասին, օգոստոսի կեսերին հետեւեց նախագահ Պուտինի կողմից ստորագրված հաջորդ հրամանագիրը, որի համաձայն` ս/թ օգոստոսի 17-ից, 15-ամյա դադարից հետո, վերսկսվելու են ռուսաստանյան ռազմավարական ավիացիայի մշտական թռիչքները։ Իսկ նույն ամսվա 27-ին Բելառուսում ՌԴ դեսպան Ա. Սուրիկովը հայտարարեց, որ «Ռուսաստանն ու Բելառուսը կարող են նոր համատեղ ռազմական, այդ թվում եւ՝ միջուկային օբյեկտների ստեղծման մասին որոշում կայացնել» (11)։ Նշենք նաեւ, որ դեռեւս ս/թ մարտի վերջերին հնչեց Աբխազիայի չճանաչված հանրապետության նախագահ Ս. Բագապշի առաջարկը ՌԴ-ին՝ Աբխազիայի տարածքում ռադիոտեղորոշիչ կայան տեղադրելու մասին։ Նրա հավաստիացմամբ` Աբխազիայում գոյություն ունի պահեստավորված կայան, որը կարող է համապատասխան վերանորոգումից հետո դրվել շահագործման՝ վերահսկելով Հարավային Կովկասի եւ միջերկրածովյան տարածաշրջանները։ 

Ինչեւէ, ամեն դեպքում մի բան ակնհայտ է. ամերիկյան նախաձեռնություններով արդեն տրվել է գլոբալ ռազմական նոր մրցարշավի մեկնարկը՝ չբացառելով տարածաշրջանային եւ միջազգային մակարդակով ռիսկային գործոններն ու հավանական ոչ բնական կատակլիզմները։ Թե նոր զարգացումներն ինչպիսի համակարգային երաշխիքներ կբերեն միջազգային անվտանգության ապահովման ասպարեզ, ցույց կտա միայն ժամանակը։    

Հավելված 1

ԱՄՆ ՀՀՊ գործող համակարգի կազմը (տեղակայված Հյուսիային Աֆրիկայում, Արեւմտյան Եվրոպայում եւ Հեռավոր Արեւելքում/1 մարտի, 2007 թ.)՝

- Արագ արձագանքման 4 ռադիոտեղորոշիչ կայան/«Cobra Dane» տեսակի՝ Շեմիա կղզում, Ալեության կղզիներում, Beale տեսակի՝ (Կալիֆոռնիա), «Fylingdales»՝ (Մեծ Բրիտանիա) եւ «Thule»` (Գրենլանդիա, Դանիա):
- Ծովային հենակետային SBX/Sea-Based X-Band Radar/ ռադիոտեղորոշիչ կայան` Ալյասկայի շրջանում (Խաղաղ օվկիանոս):
- Առաջնային հենակետային FBX-T/Forward-Based X-Band Radar-Transportable/ ռադիոտեղորոշիչ կայան Խոնսյու կղզում (Ճապոնիա).
- Ցամաքային հենակետային 16 հակահրթիռ, որից 13-ը` Ֆորտ-Գրիլիում (Ալյասկա), 2-ը՝ Վանդենբերգի ավիաբազայում (Կալիֆոռնիա).
- «Aegis» համակարգի 16 հածանավ /крейсер/ եւ էսկադրոնային ականակիր /эсминец/, ընդհանուր առմամբ 18 SM-3 /Standard Missile տեսակի հակահրթիռներ՝ Խաղաղ օվկիանոս եւ Միջերկրական ծով:
- «Patriot» /PAC-3/  տեսակի հակահրթիռային համալիրներ։ 

Մինչեւ 2013թ. ԱՄՆ ՀՀՊ համակարգի արսենալը 

Հեռահար սպառնալիքների խոցման՝
-  Ցամաքային հենակետային 54 հակահրթիռ, 44-ը` ԱՄՆ-ում, 10-ը՝ Լեհաստանում:
-  Արագ արձագանքման 5 ռադիոտեղորոշիչ կայան, տեղակայումը՝ Ալյասկա, Կալիֆոռնիա, Գրենլանդիա, Մեծ Բրիտանիա եւ Չեխիա:

Տարածաշրջանային եւ ասիմետրիկ սպառնալիքների խոցման՝
- «Aegis» տեսակի 18 ռազմանավ:
- SM-3 տեսակի 132 հակահրթիռ/մինչեւ 3 հազ. կմ հեռահարության բալիստիկ հրթիռների ոչնչացում հետագծի միջնամասում: 
- «THAAD»/Terminal High Altitude Area Defense/  տեսակի 4 համալիր, ընդհանուր առմամբ 96 հակահրթիռներով/բալիստիկ հրթիռների ոչնչացում նրանց անկման փուլում: 
- Ծովային հենակետային SM-2 ավելի քան 100 հակահրթիռ/բալիստիկ հրթիռների ոչնչացում վերջիններիս հետագծի միջնամասում:

Հնարավոր (ներկա) եւ հանկարծահաս սպառնալիքների խոցման՝
- Ծովային հենակետային SBX 1 ռադիոտեղորոշիչ կայան՝ Խաղաղ օվկիանոս:
- Առաջնային մարտական FDR/Forward-Deployable Radar 2 ռադիոտեղորոշիչ կայան՝ Ճապոնիա եւ Կասպյան/Կովկասյան տարածաշրջան: 
- Հավելյալ առաջնային հենակետային FBX-T 2 ռադիոտեղորոշիչ կայան։

Աղբյուրը՝ US Department of Defense. Missile Defense Agency

Հավելված 2

Վրաստան-ՆԱՏՕ համագործակցությունը.. պատմական ակնարկ
Խորհրդային վարչակարգի փլուզումը համագործակցության նոր հեռանկարներ եւ հորիզոններ բացեց Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմաքաղաքական, աշխարհագրական ընդլայնման համար։ 1991 թ. ի վեր ՆԱՏՕ-ն եւ կազմակերպությանը չանդամակցող երկրների (առաջին հերթին` Եվրոպա, Կենտրոնական Ասիա եւ Հարավային Կովկաս) միջեւ հարաբերությունները զարգանում են «գործընկերային համագործակցության» ձեւաչափով (12), որոնք ուղղված են նորանկախ հանրապետությունների անվտանգության ապահովման, ժողովրդավարական կառավարման ամրապնդման, զինված ուժերի արդիականացման եւ այլ ոլորտների հիմնախնդիրներին։  

Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունները սկսել են 1992թ., երբ Վրաստանն ընդգրկվեց Հյուսիսատլանտյան համագործակցության խորհուրդ (1997 թ. այն վերանվանվեց «Եվրաատլանտյան գործընկերության խորհուրդ»), իսկ երկու տարի անց՝ 1994 թվականին, Վրաստանը, ինչպես եւ իր երկու հարեւան հանրապետությունները, միացավ «Գործընկերություն հանուն խաղաղության» (ԳՀԽ) ծրագրին։ 2002 թ. Վրաստանը հայտարարում է Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության եւ «Անհատական գործընկերության գործողության ծրագրում» (ԱԳԳԾ) ընդգրկվելու՝ երկրի մտադրության մասին։ Վրաստանում նոյեմբերյան իշխանափոխությամբ նոր հորիզոններ բացվեցին Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության խորացման ուղղությամբ։ Արդյունքում 2004 թ. (հոկտեմբերի 29) Վրաստանը դառնում է ՆԱՏՕ-ի հետ ԱԳԳԾ իրականացման շուրջ համաձայնության եկած առաջին պետությունը (13)։ Թերեւս նաեւ այդ հանգամանքով էր պայմանավորված 2004 թ. կայացած ՆԱՏՕ-ի ստամբուլյան գագաթաժողովին կազմակերպության ուշադրության բեւեռումը Հարավային Կովկասի վրա, որի արդյունքում, շատ չանցած, տարածաշրջանում նշանակվեց ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը։ Միայն վերջերս՝ 2006 թ. Սեպտեմբերին, ՆԱՏՕ-ի ղեկավարությունն առաջարկեց Վրաստանին սկսել «Ինտենսիվ երկխոսություն» (Խորացված երկխոսություն) եվրաատլանտյան կազմակերպությանն անդամակցելու՝ երկրի մտադրության հարցի շուրջ (14)։ Ինչ խոսք, թեեւ Վրաստան-ՆԱՏՕ համագործակցությունում այս նոր, ավելի բարձր մակարդակը չի երաշխավորում կազմակերպությանը Վրաստանի անդամակցության հարցը, այնուհանդերձ, համաձայնենք, որ դա լուրջ հայտ էր Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցության գործընթացի համատեքստում։ 

ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցության խորացման հաջորդ ձեւաչափը կամ փուլը վերաբերում է «Անդամակցության գործողությունների ծրագրին»/կամ «Ճանապարհային քարտեզ»-ին (ԱԳԾ), որից հետո երկիրը կարող է դառնալ կազմակերպության լիիրավ անդամ (15)։ Կազմակերպության հաջորդ գագաթաժողովում, որը նախատեսվում է գալիք՝ 2008 թվականին, ըստ ամենայնի, նոր հեռանկարներ կբացվեն ՆԱՏՕ-ին անդամակցել ձգտող կամ այդ ճանապարհով ընթացող երկրների, այդ թվում` Վրաստանի համար։

Ծանոթագրություն

1.    Ներկայումս ամերիկյան ՀՀՊ գծով ԱՄՆ-ի հետ համագործակցում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Դանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Չեխիան եւ Ուկրաինան (Եվրոպա), Իսրայելը (Մերձ. Արեւելք), Հնդկաստանը, Ճապոնիան, Թայվանը, Ավստրալիան (Ասիա)։ Չեխիայում եւ Լեհաստանում ռադարային ու հրթիռային համակարգերի տեղակայման համար ԱՄՆ Պենտագոնն ի սկզբանե նախատեսում էր ավելի քան $300 մլն։
2.    Ոչ պաշտոնական տվյալների համաձայն` ս/թ. հուլիսին մասնավորապես Չեխիայի անվտանգության խորհուրդը որոշում ընդունեց երկրի տարածքում ԱՄՆ ՀՀՊ ռադիոտեղորոշիչ կայանի շահագործման համար տեղանք տրամադրել Բրդիի ռազմական հրաձգարանի շրջանում՝ Պրահայից շուրջ 90 կմ դեպի հարավ-արեւմուտք։
3.    Թեեւ ՆԱՏՕ-ն, ինչպես կազմակերպության ղեկավարությունն է բազմիցս հայտարարել, հարավկովկասյան վեկտորն ընկալում է ոչ այնքան մասնակի, որքան մեկ ամբողջական միավոր։ Սակայն դա ամենեւին էլ չի հիմնավորում կազմակերպությանը Ադրբեջանի կամ Հայաստանի հետագա անդամակցության հավանականության հարցը։
4.    2005 թ. ՆԱՏՕ-ի պաշտպանական ընդհանուր ծախսերը կազմել են հաշվվել են $736.5 մլրդ, որից շուրջ 64.1%-ը ($472.2 մլրդ) կազմել է ԱՄՆ մասնաբաժինը։
5.    Ի տարբերություն Լեհաստանում կամ Չեխիայում ամերիկյան ՀՀՊ համակարգերի տեղակայմանը, որի իրականացումն ուղղակիորեն առնչվում է եվրոպական մայրցամաքի միասնական անվտանգության համակարգի կայացման՝ Եվրամիության տեսլականներին։  
6.    Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը հիմնվել է դեռեւս 1985 թ. եւ վերահսկում է 6 հազ. կմ շառավղով տարածք՝ ընդհուպ մինչեւ ԱՖրիկայի հյուսիսաֆրիկյան եւ հարավարեւմտյան Ասիայի շրջանները։ Կայանի ուղղակի տեսանելիության գոտում ընդգրկվում են Թուրքիան, Պակիստանը, Հնդկաստանը, Իրանն ու Իրաքը, Ավստրալիան Աֆրիկայի երկրների մեծ մասը, Հնդկական օվկիանոսի կղզիները։ Կայանի տեխնիկական պոտենցիալը թույլ է տալիս այն շահագործել մինչեւ 2012 թ.։ Ռադիոտեղորոշիչ կայանի համատեղ շահագործման մասին առաջարկությունը հնչեցվել էր ՌԴ նախագահ Պուտինի կողմից՝ Արեւելյան Եվրոպայում ամերիկյան ռադար եւ ՀՀՊ համակարգի չտեղակայման դիմաց, սակայն ամերիկյան կողմը չընդունեց այդ առաջարկը։
7.     Ներկայումս Վրաստանի տարածքում գոյություն ունեն մի քանի ռադիոտեղորոշիչ կայաններ, որոնք շահագործվել են դեռեւս նախորդ դարի 80-90-ականներից եւ չեն համապատասխանում ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին։ 
8.    Կայանը, որի շահագործման համար հատուկ պատրաստողական աշխատանքներ են անցել հենց վրացի մասնագետները, գործում է 450 կմ շառավղով։
9.    Ս/թ հուլիսի վերջին ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոն հիմնվեց նաեւ Կոդորի կիրճում (Վերին Աբխազիա)։ Պաշտոնական տվյալների համաձայն` առաջիկայում նախատեսվում է հերթական կենտրոնները բացել նաեւ Սամցխե-Ջավախեթիում։
10.    Վրաստանի, ինչպես եւ Ալբանիայի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի եւ Մակեդոնիայի հետ «Օդային տարածքում իրադրության մասին ինֆորմացիայի փոխանակման» ՆԱՏՕ-ի ծրագիրը, մշակվել էր դեռեւս 2003 թ., սակայն տեխնիկական խնդիրները վերջնականապես չէին կարգավորվել։
11.     Նշենք նաեւ, որ դեռեւս ս/թ մարտի վերջերին հնչեց Աբխազիայի չճանաչված հանրապետության նախագահ Ս. Բագապշի առաջարկը ՌԴ-ին՝ Աբխազիայի տարածքում ռադիոտեղորոշիչ կայան տեղադրելու մասին։ Նրա հավաստիացմամբ` Աբխազիայում գոյություն ունի պահեստավորված կայան, որը կարող է համապատասխան վերանորոգումից հետո շահագործվել՝ վերահսկելով Հարավային Կովկասի եւ միջերկրածովյան տարածաշրջանները։
12.    Հյուսիսատլանտյան դաշինքի նոր Ռազմավարական հայեցակարգի (1999 թ., Վաշինգտոն) համաձայն` գործընկերային հարաբերությունների հաստատումը համարվում է ՆԱՏՕ-ի առջեւ ծառացած անվտանգության ապահովման կարեւորագույն հիմնախնդիրներից մեկը։ 
13.    Ադրբեջանը համաձայնեցրել է ԱԳԳԾ-ն 2005 թ. մայիսի 27-ին, Հայաստանը՝ 2005 թ. դեկտեմբերի 16-ին։
14.    «Ինտենսիվ երկխոսություն» (Խորացված երկխոսություն) ձեւաչափը ստեղծվել է դեռեւս 1997 թ. ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթաժողովում։
15.    Ներկայումս երեք երկրներ՝ Ալբանիան, Խորվաթիան եւ Մակեդոնիան, որոնք հանդիսանում են ՆԱՏՕ-ի «Անդամակցության գործողությունների ծրագրի» անդամ, նույնպես հայտ են ներկայացրել` անդամակցելու կազմակերպությանը։

Կարեն Վերանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter