HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզաբանում է Վաչե Գաբրիելյանը

Նախ` կուզենայի շնորհակալություն հայտնել «Հետք»-ին՝ արժութային, ինչպես նաեւ` առավել ընդգրկուն մակրոտնտեսական քաղաքականության քննարկման համար: Կարծում եմ, որ թեման խիստ կարեւոր է եւ արժանի մասնագիտական, չքաղաքականացված քննարկման, եւ այդ առումով «Հետք»-ի նախաձեռնությունը ողջունելի է:

Բնականաբար, զանգվածային լրատվության միջոցները խորը մասնագիտական, քանակական տվյալների մանրամասն վերլուծությամբ քննարկումների համար չեն, սակայն կարեւոր ամբիոն են հարցադրումների եւ դիրքորոշումների ճշտման համար: Կուզենայի անդրադառնալ մի շարք հարցադրումների, որոնք հնչել են թե՛ իմ հարցազրույցի վերաբերյալ կարծիքներում, թե՛ Հրանտ Բագրատյանի, Թաթուլ Մանասերյանի անդրադարձներում եւ Նժդեհ Մելքոնյանի հոդվածում:

1. Նախ` ուրախ եմ ամրագրել, որ որքան էլ տարակարծիք լինեն հոդվածագիրները ԿԲ-ի կամ ԿԲ-ի կողմից տարվող դրամավարկային քաղաքականության դերի կամ արդյունքների մասին, նրանք համակարծիք են, որ թե՛ ֆիսկալ, թե՛ կառուցվածքային քաղաքականություններն էական ազդեցություն ունեն թե՛ արժեւորման, թե՛ գնաճի վրա, եւ այս համատեքստում դրամավարկային քաղաքականությունն առանձին դիտարկելը բավարար չէ: Հուսով եմ, որ ապագա քննարկումները կլինեն ավելի լայն, քան իմ հարցազրույցը, որը, թեեւ նշելով այս խնդիրը, կենտրոնանում էր զուտ դրամավարկային քաղաքականության խնդիրների վրա, եւ այլ ոլորտներից ավելի տեղյակ անձինք կքննարկեն դրամավարկայինից տարբեր դրույթներ: 

2. Ընթերցողներից մեկն արտահայտել էր կարծիք, որ փոխանցումներն են որոշում դրամավարկային քաղաքականությունը, որը կապված չէ ներքին տնտեսության հետ: Իրականում, ես նշել եմ նաեւ տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումների մասին միայն բանկային ոլորտում: Ուղղակի ներդրումներն ավելի են:

 

2004

2005

2006

Ուղղակի ներդրումները ՀՀ-ում (մլն դոլար)

218.8

258.2

343.5


Անկախ ամեն ինչից, մեծ ներհոսքը, ինչ տեսքով էլ դա լինի, ազդում է վճարային հաշվեկշռի վրա եւ դրանով իսկ տնտեսության համար կարեւորագույն գործոն է:

3. Կուզենայի նաեւ եւս մեկ անգամ անդրադառնալ ԿԲ-ի կարգավիճակին եւ ունեցած իշխանությանը: Ըստ օրենսդրության (այդ թվում նաեւ` ըստ Սահմանադրության, որի մշակմանը ԿԲ-ն չի մասնակցել)` Կենտրոնական բանկի իշխանությունը սահմանափակ է. այն ունի միայն գործառնական անկախություն եւ չի կարող որոշել ո՛չ քաղաքականության նպատակը, ո՛չ էլ օրենսդրորեն ամրագրված նպատակի (տվալ դեպքում՝ գնաճի) նպատակադրվող նպատակը: Ընդհանուր մակրոտնտեսական համամասնությունները ՀՀ-ում սահմանում են Ազգային ժողովն ու կառավարությունը: Կենտրոնական բանկն ակտիվորեն մասնակցում է այդ քննարկումներին եւ արտահայտում հրապարակային կարծիք, սակայն չունի ո՛չ օրենսդրական նախաձեռնության, ո՛չ էլ որոշում ընդունելու իրավունք: ԿԲ-ն ակտիվորեն մշակում է օրենքներ, սակայն դրանք կառավարության անունից է միայն ներկայացնում ԱԺ, քանի որ օրինագծերը հաստատում է կառավարությունը, եւ ԿԲ-ի կողմից ներկայացումը պայմանավորված է միայն տեխնիկական էքսպերտիզայով: Չեմ կարծում, որ ԿԲ-ի գործունեությանը վերաբերող օրենքներն ԱԺ-ում ունեցել են ավելի թեթեւ քննարկման ռեժիմ, քան, ասենք, տնտեսական զարգացման եւ առեւտրի ոլորտներին վերաբերող օրենսդրությունը, եւ այս առումով ԿԲ-ի իշխանությունը լիովին համեմատելի է այլ նախարարությունների կամ անկախ հանձնաժողովների հետ:

4. Ես իմ դատողություններն արել եմ ՀՀ ԱՎԾ, կառավարության կամ ԿԲ-ի պաշտոնական տվյալների հիման վրա: Զարգացումների մասին, որոնք հոդվածագիրները նշում են, սակայն պաշտոնապես արձանագրված չեն կամ հաշվարկված թվային արտահայտություն չունեն, ես չեմ կարող գնահատականներ տալ:

5. ՀՀ-ում վերջին տարիներին, ըստ ԱՎԾ տվյալների, իրոք աճել է արտահանումը: Ստորեւ բերում եմ այդ տվյալները.

6. ԱՐՏԱՀԱՆՈՒՄ (մլն դոլար)

 

2004

2005

2006

2007

Հունվար   

37.7

43.3

48.0

59.5

Փետրվար 

47.1

65.5

65.9

75.7

Մարտ  

67.1

86.5

71.1

96.0

Ապրիլ   

58.5

80.0

69.1

91.8

Մայիս   

58.2

80.3

84.9

100.5

Հունիս  

65.6

84.7

98.4

103.4

Հուլիս  

62.4

93.9

85.0

104.1

Օգոստոս   

49.6

83.4

73.1

 

Սեպտեմբեր   

55.7

87.9

84.7

 

Հոկտեմբեր   

72.6

87.1

111.9

 

Նոյեմբեր   

71.7

99.4

84.0

 

Դեկտեմբեր  

76.7

82.0

108.9

 

Ընդամենը   

722.9

973.9

985.1

 


Ես երբեւէ չեմ պնդել, որ աճել է զուտ արտահանումը: Ավելին, հարցազրույցում նշել եմ, որ ներմուծման տեմպերի աճը երկու անգամ գերազանցել է արտահանման տեմպերի աճին: Բնականաբար, քանի որ արտահանումն ի սկզբանե ավելին էր, առեւտրային հաշվեկշիռը չէր կարող լավանալ: Կարելի է քննարկել նաեւ արտահանման կառուցվածքը եւ դրանցում հանքահումքային ապրանքների դերը, սակայն անկարելի է անտեսել այն փաստը, որ ներմուծումների աճի որոշակի մաս ֆինանսավորվել է աճող արտահանման հաշվին: 

7. Եթե դիտարկենք միայն առեւտրային հաշվեկշիռը, կա արտահոսքի մեծացում, իսկ եթե դիտարկենք վճարային հաշվեկշիռը, ապա ունենք ընթացիկ հաշվի նվազում՝ 2004-ի -161.6 մլն ԱՄՆ դոլարից հասնելով 2006-ին -86.8 մլն ԱՄՆ դոլարի:

Եթե դիտարկենք ֆինանսական հաշվի արտահոսքի համապատասխան տողերը, ապա կրկին որեւէ կերպ դեպի դուրս ֆինանսների արտահոսքի որեւէ էական ավելացում չենք կարող գտնել:

(մլն դոլար)

 

2004

2005

2006

Ուղղակի ներդրումներ

 

 

 

Արտերկրներ 

-2.3

-6.7

-3.1

Պորտֆելային ներդրումներ

 

 

 

Ակտիվներ  

-0.5

-2.7

-0.2


8. Բանկային համակարգով եկած փոխանցումների ծավալնեի մասին տեղեկատվությունը ՀՀ ԿԲ-ն հրապարակում է 2006 թ. մայիսից: Հենց այդ տվյալների դինամիկան էլ բերված է հարցազրույցում: Եթե հաշվի առնենք նաեւ բանկային համակարգից դուրս փոխանցումները (ինչն անում է ԱՎԾ-ն վճարային հաշվեկշիռ կազմելիս), ապա, ըստ զանազան վիճակագրորեն ներկայացուցչական հարցումների, դրանց ծավալները կմեծանան 30-40%-ով: Ավելացնեմ, որ ոչ առեւտրային ներհոսքի միջին փոխանցման չափը վերջին տարիներին տատանվում է 700-800 դոլարի սահմաններում, իսկ խոշորածավալ, մի քանի միլիարդ դոլարանոց օպերացիաներ (այսինքն` անգամ տասնյակ գործարքների շղթաներ) մեր բանկային համակարգում չկան եւ չեն կարող չնկատվել՝ բոլոր բանկերի ակտիվները ՀՀ-ում ՀՆԱ մեկ հինգերորդի չափ են, որը 1-1.5 մլրդ դոլարի է հասնում: Եվս մեկ անգամ կրկնեմ իմ պնդումը՝ փողերի լվացման առանձին դեպքեր կան եւ կլինեն, սակայն տրանսֆերտների հոսքը դրանով պայմանավորված լինել պարզապես չի կարող:

9. Կենտրոնական բանկը, ՀՀ իշխանությունները միշտ էլ տարել են ապադոլարացման քաղաքականություն, եւ ոչ միայն 2004-ին: Երկրորդ` միայն գնանշման փոխելը էական փոփոխություններ չի կարող բերել: Տնտեսապես դոլարին անցնելը կամ ՀՀ դրամի՝ դոլարին ամրագրումը հնարավոր եւ ցանկալի չէ (կախված առեւտրի եւ այլ հոսքերի բնույթից), եւ այս պայմաններում բոլորը բարձր դոլարացումը համարում են խնդրահարույց: Մասնավորապես, երկրին սուվերեն վարկանիշ տվող Fitch եւ Moodyգs ընկերությունները երկուսն էլ իրենց հրապարակային զեկույցներում բարձր դոլարացումը գնահատում են որպես կայունության վտանգ: Դոլարացումը ՀՀ-ում կարելի է չափել զանազան ցուցանիշներով (տվյալները վերցնելով փողի բազայի հրապարակումներից), սակայն ես բերեմ պարզագույնը՝ արտարժութային ավանդներ/ընդհանուր ավանդներ հարաբերակցությունը 2003-ի մոտ 70%-ից 2007-ի կեսերին իջել է մոտ 40%-ի:

10. Անդրադառնանք բազմաթիվ ընթերցողների համար, թերեւս, ամենակարեւորին՝ ԿԲ-ի սխալներին եւ սխալների ընդունմանը: Ի տարբերություն որոշ մեկնաբանների, չեմ կարծում, որ ԿԲ-ը տառապում է գերարժեքության եւ անսխալականության բարդույթով՝ մեր ներսում քննարկումները բավական սուր են եւ երկարատեւ, եւ միշտ պատրաստ ենք լսելու հիմնավոր փաստարկներ: Ես նշել եմ, որ մարտավարական առումով, գործընթացի սահունության տեսակետից, բնականաբար, սխալներ եղել են: Մասնավորապես, 2004-ին հնարավոր չէր գնահատել հոսքերի տեւականությունը եւ ուժգնությունը, բնականաբար, դրանց ռեակցիան այսօրվա իմացությամբ կարող էր այլ լինել: Այս առումով ես շատ շնորհակալ կլինեի քննարկողներից, եթե տային քանակական գնահատականներ: Օրինակ` Նժդեհ Մելքոնյանը ԿԲ-ի ռեակցիան համարում է ուշացած եւ թույլ: Ինձ համար խիստ հետաքրքիր եւ օգտավետ կլիներ այս գնահատականը ժամանակի մեջ տեղայնացելը: Սակայն, ընդհանուր առմամբ, այս զարգացումները միտումներ չէին կարող փոխել: Ուզում եմ եւս մեկ անգամ կրկնել՝ գոյություն ունեցող մակրոտնտեսական իրավիճակի եւ ինստիտուցիոնալ լուծումների պայմաններում ընտրված դրամավարկային քաղաքականությանը ես այլընտրանք չեմ տեսնում: Այո, կան փոփոխություններ, որոնք սրընթաց են եւ ցավոտ: Դրանք օգտավետ են որոշ մարդկանց համար եւ ցավոտ՝ այլոց: Սակայն, ցավոք, միշտ չէ, որ իրերի այսպիսի դրվածքը նախանշում է ավելի լավ լուծումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter