Սամցխե-Ջավախքում կրճատվում է էթնիկ փոքրամասնությունների թիվը
Սամցխե-Ջավախեթին բազմամշակութային շրջան է, որտեղ ապրում են տարբեր էթնիկ փոքրամասնություններ։ Սակայն այսօրվա դրությամբ այդ փոքրամասնությունների թիվը նկատելիորեն կրճատվել է։ Սամցխե-Ջավախեթին ունի միգրացիայի բացասական ցուցանիշ, ինչը նշանակում է, որ մեկնողների թիվը զգալիորեն գերազանցում է ժամանողների թվին։
Ազգագրագետ Ցիրա Մեսխիշվիլին թվարկում է Սամցխե-Ջավախեթիի էթնիկ փոքրամասնություններին ըստ նրանց թվաքանակի նվազման` հայեր, հույներ, ռուսներ (այդ թվում` Նինոծմինդայում ապրող մոլոկանները եւ դուխոբորները), հրեաներ, գերմանացիներ (մոտ 50-60 ընտանիք)։ Այստեղ ոչ մեծ քանակությամբ ապրում են նաեւ լեհեր, օսեր եւ ադրբեջանցիներ։
Տնտեսագետ Ռեզո Անդգուլաձեի խոսքերով` այսօրվա դրությամբ Սամցխե-Ջավախեթիում ապրում են հրեաների (Ախալցխայում), հույների (Մելիքծմինդա գյուղում), վրացիների հետ խառնված ռուսների (Ացկուրի եւ Թիսելի գյուղերում), դուխոբորների (Նինոծմինդայում), հայացած հույների (Ախալքալաքում) առանձին ընտանիքներ։
Ցիրա Մեսխիշվիլին պատմում է, որ եթե չհաշվենք 1944 թ. թուրք-մեսխեթցիների բռնի տեղահանությունը, ապա շրջանում միգրացիոն գործընթացները սկսվել են անցած դարի 70-ական թվականներին հրեական արտագաղթից։
«Քսաներորդ դարի սկզբին Սամցխե-Ջավախեթիում ապրում էին մինչեւ 300-400 հրեական ընտանիքներ։ 70-ական թվականներին նրանք սկսեցին վերադառնալ Իսրայել։ Այսօրվա դրությամբ հրեաների 90%-ը հեռացել է շրջանից։ Մնացածների թիվն այնքան փոքր է, որ նրանք անկարող են նույնիսկ սինագոգում աղոթքի ծես կատարել»,- ասում է Ցիրա Մեսխիշվիլին։
90-ականներին սկսեցին հեռանալ Նինոծմինդայի քաղաքապետարանի ղեկավարման տակ գտնվող տարածքների դուխոբորները եւ մոլոկանները։ Այժմ այնտեղ մնացել է ընդամենը մի քանի ընտանիք։ Ռուսաստանի նախագահի հրամանագրով նրանց հողատարածքներ են հատկացրել Տամբովի մարզում, այժմ տներ են կառուցվում, որպեսզի մինչեւ 2009 թ. բոլոր դուխոբորներն ու մոլոկանները կարողանան վերադառնալ իրենց պատմական հայրենիքը։
Այսօր Սամցխե-Ջավախեթիում ամենամեծաքանակ էթնիկ փոքրամասնությունը հայ համայնքն է, բայց միգրացիոն գործընթացները շարունակվում են։ Ըստ վիճակագրության` ֆ1989 թ. Սամցխե-Ջավախեթիում ապրում էր 235 512 մարդ, 2002 թ.` 207 598, ինչը խոսում է այն մասին, որ վերջին 20 տարում այստեղի բնակչությունը կրճատվել է 11,9%-ով։
2002 թ. ապրում էր 89 995 վրացի, 113 347 հայ, 740 հույն, 822 օս, 2230 ռուս, 463 այլ ազգությունների ներկայացուցիչներ։ 2004 թ. շրջան է ժամանել 366, մեկնել` 364 մարդ, իսկ 2005 թվականին համապատասխանաբար` 654 եւ 802։
2006 թ. հուլիսին Ախալցխայի պետական վիճակագրական վարչությունը լուծարվեց` միացվելով Բորժոմիի վարչությանը։ Այդ օրվանից շրջանում միգրացիոն գործընթացների մասին այլեւս տվյալներ չկան։ Մեզ հաջողվեց տվյալներ գտնել միայն մինչեւ 2006 թվականի հունիսն ընկած ժամանակաշրջանի վերաբերյալ. 2006 թ. հունվարից մինչեւ հունիս շրջան եկածների թիվը կազմել է 438, իսկ հեռացածներինը` 766։
Այս տվյալները հուշում են, որ տարեցտարի աճում է միգրացիայի ցուցանիշը, այսինքն` շրջանը լքող մարդկանց թիվը մեծ է ժամանողների թվից։
Ախալցխայի հայ երիտասարդական կենտրոնի նախագահ Գրիգոր Մինասյանը կարծում է, որ միգրացիայի պատճառը ծանր սոցիալ-տնտեսական պայմաններն են։ Նա հիմնականում խոսում է Ջավախեթիի բնակչության մասին (ավանդաբար Սամցխե-Ջավախեթին բաղկացած է երկու մասից. Սամցխեից` Ադիգենի, Ասպինձայի եւ Ախալցխայի շրջաններ, եւ Ջավախեթիից` Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջաններ - հեղ.), որտեղ հատկապես սուր է զբաղվածության խնդիրը։ Ըստ նրա` վերջին տարիներին միգրացիան պակասել է, եւ դա կապված է Ռուսաստան մուտքի թույլտվության ռեժիմի խստացման հետ։
«Առաջ շատերն էին գնում Ռուսաստան։ Հիմա նրանք փորձում են մեկնել անլեգալ ձեւերով, բայց դա քչերին է հաջողվում։ Ուստի աճել է Երեւան եւ Թբիլիսի մեկնելու միտումը։ Երբ մարդը չի կարողանում դրսեւորել իրեն, նա սկսում է մտածել մեկնելու մասին»,- ասում է Գրիգոր Մինասյանը։
Ցիրա Մեսխիշվիլին նույնպես հայ բնակչության միգրացիայի պատճառը համարում է սոցիալական պայմանները. «Այս շրջանից հայերի հեռանալը 90-ականների քաղաքականության հետեւանք է։ Նրանք ունեին ինչ-որ սեփականություն եւ վախենում էին, որ այն կկորցնեն։ Այսօրվա դրությամբ, այստեղ իրավիճակը կայուն է. ներկա կառավարությանը, ինչպես եւ նախորդին, դժվար է կշտամբել ազգային փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականության համար»։
Նա կարծում է, որ Ռուսաստանի հետ մուտքի թույլտվության ռեժիմի պարզեցման դեպքում հայախոս բնակչության մոտ 50%-ը կլքի Վրաստանը։ «Պատմականորեն հայ ժողովուրդը հրեաներից պակաս չի տուժել։ Հայերն ընդունակ են բնակվել եւ գոյատեւել ամեն տեղ։ Բայց չեն մնում այնտեղ, որտեղ սոցիալ-տնտեսական պայմանները վատթարանում են»։ Ըստ Մեսխիշվիլու` ջավախահայությանն ավելի Ռուսաստանն է գրավում, քան Հայաստանը, քանի որ Հայաստանն էլ ունի տնտեսական դժվարություններ, արտագաղթող ջավախահայերին ձեռնտու չէ Հայաստանում ապրելը։
«Ախալցխայի շրջանային հիվանդանոց» ՍՊԸ-ի գինեկոլոգ Մարինա Քոբուլաձեի խոսքերով` 90-ականներին Ախալցխայում տարեկան ծնվում էր 1200 երեխա, իսկ այժմ այդ թիվը չի հասնում 600-ի։
Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի կառավարիչ Արթուր Երեմյանի` դժվար է որոշակիացնել Ջավախեթիից բնակչության զանգվածային ելքի պատճառները. «Այստեղ դեր ունեն եւ՛ սոցիալական, եւ՛ տնտեսական խնդիրները, եւ՛ պետական լեզվի չիմացությունը եւ այլ հանգամանքներ։ Կարելի է ասել, որ դա խնդիրների մի ամբողջ շղթա է, որոնք էլ, ի վերջո, հանգեցնում են բնակչության միգրացիային»։
Վերջին տարիների միգրացիայի աճը նա կապում է Ռուսաստան մուտքի թույլտվության ռեժիմի խստացման հետ։ «Ամեն տարի փող աշխատելու համար Ռուսաստան էր մեկնում առնվազն 25 000 մարդ, հիմնականում տղամարդիկ, բայց մի քանի ամսից վերադառնում էին։ Իսկ հիմա Ռուսաստան գնալը դժվարացել է, եւ մարդիկ մեկնում են ուրիշ երկրներ, հիմնականում` Ուկրաինա, եւ արդեն չեն վերադառնում»։
Արթուր Երեմյանը միգրացիայի պատճառներից մեկը համարում է վրացերենի չիմացությունը։ «Պետական լեզվի չիմացության պատճառով Ջավախեթիի երիտասարդությունը չի կարող ընդունվել վրացական բուհեր։ Նրանց 90%-ը սովորելու է մեկնում Երեւան եւ չի վերադառնում։ Այսօրվա դրությամբ Ախալքալաքում անցկացվում է վրացերենի ուսուցման միայն մեկ ծրագիր` լրագրողների եւ պետական ծառայողների համար։ Դա շատ քիչ է։ Իսկ խնդիրը լուրջ է ` պետական լեզվի չիմացությունը խանգարում է շփումներին։ Վրացերենի ուսուցումը պետք է սկսվի դպրոցից, իսկ մեզ մոտ ուսուցիչներ չկան»,- ասում է մունիցիպալիտետի կառավարիչը:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի վիճակագրության բաժնի պետ Նասլեդ Սահակյանն ասում է, որ վերջին անգամ Նինոծմինդայում մարդահամար է անցկացվել 2002 թվականին։ Ըստ այդ տվյալների` 2002 թ. Նինոծմինդայի շրջանում ապրում էր 34 328 մարդ, նրանցից 6 289-ը` Նինոծմինդա քաղաքում, իսկ մնացած 28 039 հոգին` գյուղերում։ Մարդահամարը ցույց տվեց, որ 1989 թ. համեմատությամբ բնակչությունը պակասել է 15,97%-ով։
Նինոծմինդայի բնակիչներն ասում են, որ ցանկացած աշխատանքում նրանցից պահանջում են պետական լեզվի իմացություն, իսկ քանի որ 35-ից բարձր տարիք ունեցող մարդու համար բավական դժվար է լեզու սովորելը, ապա միակ ելքը մնում է ուրիշ երկրներում, հիմնականում Ռուսաստանում, աշխատանք որոնելը։ «Ես 43 տարեկան եմ, ինձ համար դժվար է վրացերեն սովորել։ Արդեն հիշողությունս էլ այն չէ»,- ասում է Նինոծմինդայի բնակչուհի Նունե Ղարսյանը։
Վերջին տարիներին բնակչության կտրուկ նվազման փաստը հաստատում են նաեւ Նինոծմինդայի ծննդատանը։ 1989 թ. Նինոծմինդայի շրջանում ծնվել է 973 մարդ, 2006 թ.` 267։
«Նախկինում ծննդաբերողների մեծ թվի պատճառով հիվանդասենյակները չէին հերիքում, ստիպված էինք լինում ոմանց տեղավորել միջանցքներում։ Այժմ բոլորը տեղավորվում են երկու սենյակում»,- ասում է Նինոծմինդայի ծննդատան գլխավոր բժիշկ Ջոնիկ Բդոյանը։
«Միգրանտի աշխատանքը ծանր, ուժասպառ աշխատանք է։ Եթե այդ մարդիկ աշխատեն իրենց հայրենիքում, ապա մեզ մոտ կստեղծվի ավելի շատ արտադրանք, քան այսօր ունենք: Մարդիկ մեկնում են, առանց իմանալու, թե ու՞ր են մեկնում, այնտեղ ի՞նչ է սպասում իրենց, ինչպե՞ս պետք է աշխատեն, ի՞նչ պետք է անեն»,- ասում է տնտեսագետ Ռեզո Անդգուլաձեն։
Նա հատկապես ընդգծում է հայերի աշխատասիրությունը եւ ավելացնում, որ նույն Ջավախեթիում նրանք ավելի լավ են ապրում, քան վրացիները։ «Նրանք գոնե միշտ հոգ են տանում իրենց կենսապայմանների բարելավման մասին։ Ուր էլ գնան, իրենց լեզուն եւ կրոնը չեն կորցնում։ Դա հայերի լավագույն հատկանիշն է։ Գրեթե բոլորն էլ Ռուսաստանում կամ Հայաստանում ունեն մի մերձավոր կամ հեռավոր ազգական։ Նրանք նայում են` որտեղ լավ է, այնտեղ էլ գնում են։ Առաջ էլ էր այդպես` մեկնում էին, բայց հետո վերադառնում էին, իսկ հիմա նրանց ունեցվածքի անձեռնմխելիության երաշխավորը Ռուսաստանն է»։
Ազգագրագետ Ցիրա Մեսխիշվիլին հիշում է իր մանկությունը, երբ ռուսական դպրոցում սովորում էին 24 ազգության երեխաներ։ Նա կարծում է, որ պետությունը պետք է հոգա սոցիալական պայմանների բարելավման եւ էթնիկ փոքրամասնությունների պահպանման մասին։ «Վրաստանում վրացիները երբեք չեն ապրել մենակ, առանց այլ ազգերի։ Բազմազանությունը մեր հարստությունն է։ Վրաստանը պետք է շահագրգռված լինի, որպեսզի այլ ազգերի ներկայացուցիչները չգնան մեր երկրից։ Երբ հայ ընտանիքն իր երեխային տալիս է ռուսական դպրոց, ապա դառնում է պոտենցիալ միգրանտ, Վրաստանում նա հեռանկար չունի։ Երբ մարդը քաղցած է մնում, մեկնում է այնտեղ, որտեղ իրեն ավելի լավ կզգա»։
Հոդվածը հատուկ «Հետքի» համար պատրաստվել է ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում
Նինո Նարիմանաշվիլի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել