HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոբերտ Քոչարյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման մասին

«Առաջադրվելու իրավունք, իհարկե, ունի, որեւէ խնդիր չկա։ Բայց առաջին նախագահը իր առաջադրվելու որոշման մասին դեռ հստակ չի հայտարարել (այդ պահին ՀՀ առաջին նախագահը դեռ չէր ինքնաառաջադրվել.-խմբ.)։

Այդ իսկ պատճառով չեմ ցանկանում որեւէ մեկնաբանություն տալ։ Նրա ու նաեւ ուրիշների առաջադրվելուց հետո արդեն կմտածենք նախընտրական արշավի ժամանակ մեր մարտավարության մասին։ Պայքարից երբեք չենք խուսափել։ Երբեք։ Այս անգամ եւս չենք խուսափելու։ Եվ, անշուշտ, կպայքարենք լավ արդյունքի համար»։

«Կան առնվազն 2-3 ընդդիմադիր գործիչներ, որոնց վարկանիշը ավելի բարձր է։ Սա էլ է ակնհայտ։ Դրանով եմ պայմանավորում նաեւ նախընտրական այն մարտավարությունը, որ մենք կորդեգրենք։ Չեմ կարծում, թե ոչ հիմնական թեկնածուի վրա է բեւեռացված լինելու ուշադրությունը նախընտրական գործընթացում»։ 

«1999թ. հավաքեցին շուրջ 1.1 տոկոս ձայն, 2003թ.՝ 0.6, իսկ 2007թ.՝ 1.3 տոկոս։ Սա է ՀՀՇ-ի կարողությունը։ Սա է ՀՀՇ-ի վարկանիշը։ Եվ ենթադրել, որ ժողովուրդը մոռացել է ՀՀՇ-ի իշխանության ժամանակաշրջանը, կարծում եմ, միամտություն է։ Ով մոռացել է, կհիշեցնենք։ Բայց փաստն այն է, որ վատ ժառանգություն է թողել։ 

Ակնհայտ է, որ ՀՀՇ-ն պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության տնտեսությունը քայքայելու համար։ 

Ակնհայտ է։ Երեւի հիմա տեսնում են, որ տնտեսությունը վերականգնվում է, մտածում են, որ թալանելու նոր հնարավորություններ են բացվում, ախորժակները երեւի բացվել է։ Ուրիշ բացատրություն չեմ տեսնում։ Կարծում եմ՝ դրա համար են նաեւ առաջին նախագահին շատ ակտիվ ներքաշում այս պայքարի մեջ՝ երեւի իրենց ներուժը ինչ-որ ձեւով ընդլայնելու մտայնությամբ»։ 

«Իմ կուտակած փորձն ու գիտելիքները շարունակելու են ծառայել հայրենիքին։ Թե ինչ ձեւով, ինչ ժամանակացույցով եւ ինչ տարբերակով, ցույց կտան ժամանակը եւ իրադարձությունների զարգացումը։ Այսքանից հետո ձեռքերը լվանալ ու մի կողմ քաշվե՞լ... չի լինելու։ Բայց մասնակցության տարբեր ձեւեր են լինում, ու պարտադիր չէ, որ դա անպայման նշանակի մի աթոռից կառչած լինել։ Տեսնենք, թե որ տարբերակը ավելի արդյունավետ ու շահավետ կլինի երկրի եւ ժողովրդի համար»։

«Եթե հետադարձ հայացքով նայենք, թե ինչ ճանապարհ ենք անցել, ապա կտեսնենք արված հսկայածավալ գործ։ Մարդը շատ շուտ է լավին սովորում, հարմարվում։ Ու դժվար է, երբ այդ լավից է կրկին վատին վերադառնում։ Ասենք, «Ժիգուլիից» «Մերսեդես» նստելուց 2 օր հետո մարդուն թվում է, թե ամբողջ կյանքում «Մերսեդես» է վարել։ Բայց հենց հակառակը լինի, երբեք չի մոռանա, թե ինչպիսի մեքենա է «Մերսեդեսը»։ Երբ մարդիկ հարմարվում են լավին, իրենց թվում է, թե միշտ էլ այդպես է եղել։ Ու սա հոգեբանական գործոն է։ Այլ կերպ՝ համոզված եմ, որ ժողովուրդը չի ցանկանա վերադառնալ 1995-96թթ.՝ բոլոր հետեւանքներով։ Չի ցանկանա։ Լավ հիշողություն, կարծում եմ, այդ տարիներից չի մնացել։ Այդ տարիներին, օրինակ, ի՞նչ մնայուն բան է ստեղծվել Երեւանում, մեկ այլ տեղ, որ այսօր մեկը կարող է կանգնել ու ասել, թե իր օրոք է դա եղել, եւ որն այսօր մնայուն արժեք է։ Իսկ վերջին 10 տարում չկա մի ճանապարհ, մի բնակավայր, մի քաղաք, որտեղ կարող ես կանգնել եւ բավարարվածությամբ ասել, թե այս դպրոցը կառուցվել է այսինչ թվին, այս ճանապարհը... այս ջրատարը... Սա ճակատագրի բարձրագույն նվերն է, որն ինձ մատուցել է»։

26.10.2007, Մեղրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter