HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

ԴիջիԹեք 2007. տեղեկատվական, հեռահաղորդակցական եւ բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդես

Հոկտեմբերի 26-28-ը Երեւանում տեղի ունեցավ «ԴիջիԹեք 2007» տեղեկատվական, հեռահաղորդակցական եւ բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսը։ Կազմակերպիչներն են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը։

Հայկական «ԴիջիԹեք» ամենամյա ցուցահանդեսի պատմությունը սկսվում է 2005 թվականից։ Ներկա ցուցահանդեսը թվով երրորդն է։ Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են 43 տեղական եւ օտարերկրյա ընկերություններ, որոնք ներկայացնում են տեղեկատվական եւ հեռահաղորդակցական, ինչպես նաեւ` բարձր տեխնոլոգիաների հետեւյալ հիմնական բնագավառները. համակարգչային սարքավորումներ եւ ծրագրային ապահովում, հեռահաղորդակցություն եւ անլար ցանցեր, էլեկտրոնային կառավարում, էլեկտրոնային բիզնես, ֆֆինանսաբանկային համակարգեր, ինֆորմատիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ուսուցում, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրումը կրթության եւ հետազոտական աշխատանքի մեջ։

Ցուցահանդեսին զուգահեռ կազմակերպվել են նաեւ «ԴիջիԹեք - բիզնես լուծումներ», «ԴիջիԹեք - էլեկտրոնային կառավարում» ֆորումները, ինչպես նաեւ` «ԴիջիԼայֆ» սեմինարների շարքը։

Ցուցահանդեսի կատալոգում տպագրված` ԻՏՁՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքում գտնում ենք որոշ տեղեկություններ ցուցահանդեսի առաքելության եւ հավակնություններտ մասին. «DigiTec ցուցահանդեսն այն հարթակն է, որտեղ հանդիպում են ՏՀՏ գործարար սպառողները եւ նորագույն տեխնոլոգիաներ ու ծառայություններ մատուցող կազմակերպությունները։ Այստեղ կարող ենք ծանոթանալ տեխնոլոգիաների զարգացման արդի միտումներին` հասարակության ուշադրությանը ներկայացնելով վերջին գիտական հետազոտությունների արդյունքում ստեղծված ՏՀՏ ոլորտի ամենաարդիական նորամուծությունները։ DigiTec 2007-ը շարունակում է խթանել ՏՀՏ ոլորտի միջազգային մասնակիցների մուտքը հայկական եւ տարածաշրջանային շուկաներ` տարեցտարի ավելացնելով խոշորագույն միջազգային ընկերությունների մասնակցությունը»։

Պատմում է ցուցահանդեսի տնօրենը

Ցուցահանդեսի տնօրեն Աննա Թովմասյանին խնդրեցի նախ պատմել այն դժվարությունների մասին, որոնց բախվել են ցուցահանդեսի կազմակերպիչները։ Նա, մասնակցելով բոլոր երեք ցուցահանդեսների նախապատրաստման եւ անցկացման աշխատանքներին, առաջին հերթին ընդգծեց պատշաճ ցուցադրության տարածք գտնելու խնդիրը։ Պարզվում է` Երեւանում նման տարածքներ գրեթե չկան։ Առաջին անգամ նրանք ընտրեցին Նորարարական փորձառական արվեստի կենտրոնի տարածքը։ Երկրորդ ցուցահանդեսը կազմակերպվեց Մարզահամերգային համալիրում։ Իսկ քանի որ վերջինս այս տարի վերանորոգվում է, ապա նրանք հայտնվել էին անելանելի վիճակում, մինչեւ որ գտան այս նորակառույց շենքը։ Իհարկե, նման ցուցահանդեսները պահանջում են անընդհատ աշխատանք, եւ լավ կլիներ ունենալ թե՛ ցուցադրության, թե՛ կազմակերպական աշխատանքների համար անհրաժեշտ սեփական ցուցասրահը։

Իմ հարցին, թե նախորդներից ինչո՞վ է առանձնանում այս ցուցահանդեսը, նա պատասխանեց. «Եթե առաջին երկու տարիներին մենք էինք դիմում, փնտրում մասնակիցների, բացատրում ընկերությունների համար ցուցահանդեսներին մասնակցելու կարեւորությունը, ապա այս տարի մասնակիցների մեծ մասը (մոտ 70%-ը) ինքն է դիմել մեզ։ Սա նշանակում է, որ ցուցահանդեսն արդեն հեղինակություն ունի, որ ընկերությունները զգացել են ցուցադրվելու օգտակար հետեւանքները։ Մյուս կղմից` քանի որ վաղօրոք մասնակցության պայմանագրեր կնքելը ընկերությունների համար ավելի ձեռնտու է (ավելի էժան է), ապա այս տարի այդ պայմանագրերի կնքումը սկսվել է արդեն ապրիլ ամսից»։

Ինչ վերաբերում է այցելուներին, ապա, ինչպես նկատում է Աննա Թովմասյանը, տարեցտարի նրանց այցելությունը դառնում է ավելի նպատակային, բարձրանում է մակարդակը (թերեւս նաեւ «ԴիջիԹեք»-ի շնորհիվ)։ Շատերն արդեն միայն պարզ հետաքրքրասիրությունից դրդված չեն գալիս, իսկ տված հարցերը խոսում են նրանց ունեցած տեղեկատվության եւ գիտելիքների մասին։

Նա ավելացնում է, որ գոյություն ունենալու համար ցուցահանդեսը պետք է շարունակ փոխվի, զարգանա. «Հիմա մենք մեր առջեւ նոր խնդիր ենք դրել` եկող տարվանից լրջորեն զբաղվել տեղական եւ օտարերկրյա մասնակիցների համար դրսում եւ ներսում գործընկերներ գտնելով։ Ճիշտ է, մինչեւ հիմա էլ դրանով զբաղվել ենք, բայց այսուհետեւ այդ աշխատանքները կդառնան ավելի հետեւողական եւ նպատակասլաց»։ Օրինակ` ԱյԲիԵմ (IBM) ընկերությունը հենց նրանց ջանքերով է մուտք գործել Հայաստան եւ գտել սեփական արտադրանքն իրացնելու հնարավորություններ։ Առաջիկայում այդ խոշորագույն ընկերությունն օդագնացության համար անհրաժեշտ մի շարք վերահսկողական համակարգեր կմատակարարի «Միկա Արմենիա»-ին։

Հայաստանում «ԴիջիԹեք»-ը կազմակերպելուց բացի, ԻՏՁՄ-ն հանդես է գալիս նաեւ որպես միջնորդ` հայկական ՏՀՏ ընկերությունները ներկայացնելով միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներում։ Դրա օրինակն է գերմանական ՑեԲԻԹ-ը (CeBIT), որի այս տարվա ցուցադրությանն իրենց արտադրանքը ներկայացրին վեց հայաստանյան ընկերություններ։ 

Վերադառնալով ներկա ցուցահանդեսին` Աննա Թովմասյանն ընդգծում է եւս մի միտում. «Հայաստանում արագորեն զարգանում է համակարգչային խաղերի ասպարեզը։ Շուկայում հայտնվել են հայկական համակարգչային խաղեր։ Այս ոլորտում աչքի ընկնող ընկերություններից է ցուցահանդեսի մասնակից «Սմարթ Սիսթեմս»-ը, որը, ի թիվս այլ բաների, «կատարում է էլեկտրոնային առեւտրի, ինչպես նաեւ` առաքման եւ վաճառքի համակարգերի մշակում եւ տեղադրում»։

Իհարկե, բոլոր տեղական ձեռնարկությունները չէ, որ մասնակցում են ցուցահանդեսին. ոմանց համար տաղավար վարձելն է թանկ, ուրիշները հրաժարվել են այլ պատճառներով։

Շրջելով ցուցահանդեսում

Թեեւ կազմակերպիչները մասնակիցներին տրամադրում են ձեւավորված տաղավարներ, որոշ ընկերություններ, ցանկանալով ինքնատիպ տեսք տալ իրենց ցուցադրությանը, իրենք էին կատարել իրենց տաղավարների ձեւավորումը։ Ընդհանուր առմամբ, եթե հաշվի առնենք, որ ցուցասրահը քաղաքի ծայրամասում էր (Հրազդան մարզադաշտի հարեւանությամբ), որ եղանակն անձրեւոտ էր, իսկ Երեւանի փողոցներից շատերը` սովորականի պես խցանված, ապա պետք է համարել, որ ցուցահանդեսը մարդաշատ էր։ Տաղավարներից շատերի մոտ խմբված էին այցելուներ։ Նրանց ուշադրությունը գրավելու համար մասնակիցները տարբեր միջոցների էին դիմում. մի տեղ անվճար սուրճ եւ թխվածք էին առաջարկում, որոշ տաղավարների մոտ այցելուները կարող էին անձամբ տեսնել ցուցադրվող գործիքների կամ ծրագրերի աշխատանքի ընթացքը, շատերը համբերատար պատասխանում էին այցելուների հարցերին, մանրամասն պատմում իրենց ցուցադրության մասին։ Իսկ «edram»-ը (վճարային համակարգ, որի օգնությամբ կարելի է գնումներ կատարել օնլայն խանութներից, ինչպես նաեւ` օգտվել բազմաթիվ այլ ծառայություններից) ցուցահանդեսում գտնվող իր բաժանորդներին առաջարկում էր մոտենալ ընկերության տաղավարին եւ իրենց հաշվի վրա ստանալ «edram»-ի նվերը` 1000 դրամ։ Բայց կային նաեւ այնպիսի ընկերություններ, որոնց ներկայացուցիչները պարզապես հերթապահում էին եւ իրենց տաղավարում ներկայացվածի մասին շատ քիչ բան գիտեին։

Ցուցահանդեսի նորություններից մեկը Հայաստանի կառավարության տաղավարն էր, որտեղ ներկայացված էին նախարարություններում (Արտաքին գործերի եւ Տարածքային կառավարման նախարարություններ) ներդրված էլեկտրոնային ղեկավարման համակարգերը։ Այստեղ էր նաեւ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (Կրթության եւ գիտության նախարարություն), որը, փաստորեն, տնօրինում է Հայաստանի կրթության համակարգի ողջ տեխնոլոգիական պաշարները եւ համապատասխան ծրագրերը։

Իրենց տաղավարներն ունեին նաեւ Հայաստանի համալսարաններից մի քանիսը` Երեւանի պետական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան, Սլավոնական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը։ Նրանց ներկայացրածը հիմնականում ՏՀՏ-ին վերաբերող դասագրքեր եւ ուսումնական ծրագրեր էին, բայց կային նաեւ սեփական տեխնոլոգիական մշակումներ։

Իմ ուշադրությունը գրավեց «Ապորիա» ընկերության` երկրորդ հարկի աստիճանահարթակի ամբողջ պատը գրավող պաստառը «Armenian National Information System» մակագրությամբ։ Ինչպես կարողացա հասկանալ ընկերության ներկայացուցչի հետ իմ զրույցից եւ ցուցադրությունից, ներկայացված արտադրանքը հիմնականում բաղկացած էր Հայաստանի Հանրապետության թվանշային քարտեզից (ճանապարհներ, բնակավայրեր, փողոցներ, տներ եւ այլն), որը, լինելով օգտակար գործիք, շատ հեռու է Ազգային տեղեկատվական համակարգ լինելուց։ Տարբեր երկրներում նման տեղեկատվական համակարգերի ստեղծումը, պահպանումը եւ օգտագործումը մի քանի տասնամյակի պատմություն ունի, իսկ Հայաստանում նման համակարգի ստեղծումը բախվում է մի պարզ խոչընդոտի` շատ քիչ է երկրի մասին թվանշային տեսքով մատչելի տեղեկատվության քանակը` էլ չխոսելով այդ տեղեկատվության մշակված եւ համակարգված լինելու մասին։ Նույնը կարելի է ասել երկրի բնակավայրերը եւ տարատեսակ հաստատությունները իրար կապող հաղորդակցական ցանցի մասին։ Այսինքն` դժվարությունը կապված է թե՛ տեխնոլոգիաների, թե՛ թվանշային բովանդակության հետ։

Մեծ ընտրություն կար նրանց համար, ովքեր կուզենային ավտոմատացնել իրենց հիմնարկի աշխատանքների կառավարումը, ստեղծել ավտոմատ հեռախոսային կապի համակարգեր, օնլայն խանութներ, տեղական կամ կորպորատիվ համակարգչային ցանցեր եւ այլն։ Նմանատիպ տեխնոլոգիաները ծառայում են բիզնեսի եւ գործունեության այլ ոլորտների տեղեկատվայնացմանը, մի բան, որը Հայաստանում կատարվում է շատ դանդաղ քայլերով։

Ուզում եմ ավելի մանրամասն խոսել ընկերություններից մեկի մասին։ Միջազգային հեղինակություն ունեցող «Նեշնըլ Ինսթրումենթս» ընկերությունը երկրորդ անգամ է մասնակցում հայաստանյան ցուցահանդեսին եւ այս տարի ներկայացել էր ավելի ընդարձակ տաղավարով։ Ընկերությունը համաշխարհային առաջատար է այսպես կոչված վիրտուալ գործիքների ոլորտում։ Վերջերս բացվել է նաեւ նրա երեւանյան մասնաճյուղը, որի տնօրեն Արամ Սալաթյանը պատմեց ցուցահանդեսում ներկայացված մի քանի տեսակի թեսթավորող գործիքների մասին։ Սրանք օգտագործում են համակարգիչը (համապատասխան ծրագրային ապահովմամբ) եւ մոդուլային սկզբունքով հավաքվող սարքն ամենատարբեր չափումներ եւ ստուգումներ անելու համար` թույլ տալով թեսթավորել ամենատարբեր բաներ` փոքրիկ սխեմայից մինչեւ բարդ արդյունաբերական համակարգեր։

Իմ հարցին, թե արդյոք Հայաստանում կա՞ն նման գործիքների կիրառության օրինակներ, նա ցույց տվեց իրենց տաղավարի մի կողմում տեղակայված մի քանի գործիքներ, որոնց հեղինակները հայաստանցիներ էին։ Օգտագործելով «Նեշնըլ Ինսթրումենթս»-ի սարքը` նրանք պատրաստել էին իրենց գործիքները։ Նրանցից մեկը` Ժիրայր Սեւոյանը, իր գործիքն անվանել էր «Արտաշնչվող օդի անհատական անալիզատոր», որը նախատեսված է տնային պայմաններում թոքերի վիճակի բոլոր պարամետրերի արագ անալիզի համար` հաշվի առնելով ֆիզիկական, քիմիական եւ կենսաբանական ասպեկտները։ Անալիզի պատասխանները, ինչպես եւ մյուս գործիքների դեպքում, գրաֆիկական տեսքով երեւում էին համակարգչի պաստառին (մի քանի այցելուներ, արտաշնչելով խողովակի մեջ, արագ ստացան իրեն թոքերի մասին գործիքի տրամադրած տեղեկությունները)։ Հեղինակը նշեց, որ արդյունաբերական արտադրության համար պետք կլինի կատարելագործել իր պատրաստած «սիրողական» գործիքը, թեեւ տնային օգտագործման համար այն լրիվ պիտանի է նաեւ այս տեսքով։

Պաշտոնական ուղերձները

Նման միջոցառումները սովորաբար ուղեկցվում են պաշտոնական եւ պատասխանատու անձանց ուղերձներով։ Հավուր պատշաճի գրված այդ տեքստերում երբեմն կարելի է գտնել նաեւ օգտակար տեղեկություններ։ Հասկանալի է, որ, նախընտրական շրջանում կատարվող ուրիշ բաների նման, «ԴիջիԹեք»-ը նույնպես տեղի է ունենում «ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո»։ Իհարկե, սա առավելագույնն է, որ կարելի է սպասել Հայաստանի իշխանություններից, որոնք այդպես էլ չկարողացան որեւէ ռազմավարական կամ հայեցակարգային նպաստ բերել ՏՀՏ-ի ոլորտի զարգացմանը` էլ չխոսելով այն մասին, թե ինչքան խանգարեցին։ Ճիշտ է, Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանն իր ուղերձում հիշեցնում է, որ ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը մշակում է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման նոր հայեցակարգ, որում կնախանշվեն ոլորտի հետագա զարգացման ուղղությունները` նոր թափ հաղորդելով ոլորտի առաջընթացին, բայց ո՞վ կհավատա դրան։ Ո՞վ է հաշվել, թե սա որերորդ նմանատիպ նախաձեռնությունն է ԱՊՀ անդամ երկրների միասնական տեղեկատվական տարածքի ստեղծման հայեցակարգի ընդունումից ի վեր (1995 թ.), եւ ո՞վ կհավատա, թե Հայաստանում կա այդպիսի խնդիրներ լուծելու ընդունակ որեւէ «միջգերատեսչական» խումբ։ Հավանաբար, նախորդ հայեցակարգերի ձախողման պատճառն եղել է կամ այն, որ դրանք մշակող խմբերը չեն ստեղծվել ՀՀ նախագահի կարգադրությամբ կամ էլ` որ չեն եղել բավարար չափով «միջգերատեսչական»։ Ուրեմն, դժվար է լուրջ ընդունել վարչապետի վստահությունն առ այն, որ «հայկական տեղեկատվական տեխնոլոգիաներն անպայմանորեն կհաստատվեն համաշխարհային ՏՏ քարտեզի վրա»։ Թեեւ, եթե հավատայինք 4-5 տարի առաջ արվող պաշտոնական հայտարարություններին, Հայաստանը պետք է վաղուց հաստատված լիներ այդ քարտեզի վրա։

Եւս մի հետաքրքրական մանրամասն վարչապետի ուղերձից։ Խոսելով Հայաստանի ՏՏ արդյունաբերության արտադրանքի միջազգային մակարդակի մասին` ավելացվում է. «Այն հիմնականում ունի արտահանման ուղղվածություն եւ կարող է հեշտությամբ բավարարել նաեւ Հայաստանի տնտեսության ներքին պահանջները»։ Տարիներ շարունակ ես խոսել եմ Հայաստանի ՏՏ արդյունաբերության մեջ առկա անհավասարակշռության, նրա` գրեթե բացառապես արտահանման ուղղվածություն ունենալու մասին, որ մեծ վնաս է հասցնում ներքին շուկայի զարգացմանը։ Պարզվում է` այդ խնդիրը կարելի է լուծել մի հարվածով` արտահանման համար նախատեսված արտադրանքը հեշտությամբ ծառայեցնելով երկրի ներքին պահանջներին։ Պետք է ենթադրել, որ հենց այսպիսի հեղափոխական գաղափարներ են դրված նոր մշակվող հայեցակարգի հիմքում։

Թեեւ Հայաստանի ՏՏ արդյունաբերության ապագայի մասին իշխանությունների ներկա պնդումներն ավելի զուսպ են, բայցեւայնպես շարունակվում է Հայաստանի մեծ հնարավորությունների («մեծ ներուժի») մասին հռետորության իներցիան, այնինչ ներկա իրողությունները լավատեսության ոչ մի առիթ չեն տալիս։ Այս դեպքում խոսքը ոչ թե «ԴիջիԹեք»-ի մասին է, որի լուրջ ձեռքբերումները պետք է ողջունել, այլ, ասենք, գլոբալ իրադրությանը պատշաճող ազգային ռազմավարության բացակայության։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter