HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երջանիկ է նա, ով կոնգրեսմեն է ծնվում

Շիրակի մարզի Ջրափի գյուղի բնակիչներն ամեն առավոտ արթնանում ու նայում են դիմացի բլուրներին, որոնց վրա անհասկանալի լեզվով ինչ-որ բաներ են գրված։ Ջրափին սահմանամերձ գյուղ է։ Բլուրները սահմանից այն կողմ են՝ Թուրքիայի տարածքում։

-Էս բլուրի վրա ի՞նչ է գրված,- հարցնում եմ գյուղապետի տեղակալ Պարգեւ Բալասանյանին։
-Էդ գրված ա իբր թե երջանիկ է նա, ով թուրք է ծնվել,- ասում է։
-Իսկ հոգեբանորեն դժվար չէ՞ ամեն օր այդ գրությունը տեսնելը։
-Դժվարն էստեղ ապրելն ա, թե չէ` գրությունը մեզ ի՞նչ։

Ջրափեցիները հողագործությամբ ու անասնապահությամբ են զբաղվում։ Կաթը գործարաններից գալիս տանում են, իսկ հողի բերքը՝ ցորենն ու գարին, բարենպաստ եղանակի դեպքում հազիվ իրենց՝ գյուղացիներին է բավականացնում։ Անորակ սերմացուն, պարարտանյութերի բացակայությունը եւ խնայողության նպատակով ոռոգման ջրից հրաժարվելը ցածր բերքատվության պատճառ են դառնում։ 

«Ճիշտ է, ունենք ջրովի տարածքներ, բայց մարդիկ պետք է ի վիճակի լինեն, որ վճարեն ոռոգման ջրի համար,- ասում է Պարգեւ Բալասանյանը։-Սիստեմը պատրաստ է, մնում է, որ փող փոխանցեն»։

Բնակիչները ոռոգման ջրի համար փող չունեն։ Եւ քանի որ չեն վճարում, արտը չի ջրվում։ Եւ քանի որ չի ջրվում, լավ բերք չի ստացվում։ Ու քանի որ լավ բերք չի ստացվում, մարդիկ ջրի փող չեն ունենում։ Այսպես հայտնվում են անվերջ շրջապտույտի մեջ, որից դուրս գալու միակ ելքը շատերի համար դառնում է գյուղից հեռանալը։ 

«Մենք ունենք համարյա վաթսուն-յոթանասուն հեկտար հողեր, որ սեփական հողեր են, բայց մարդիկ ի վիճակի չեն մշակելու։ Գումար չունեն, սերմացու չունեն։ Դրա համար էլ ստիպված թողնում, հեռանում են գյուղից»,- ասում է գյուղապետի տեղակալը՝ համոզված, որ ներկայումս բանակում ծառայող իր երկու որդիներն էլ զորացրվելուց հետո հեռանալու են։ 

«Քաղաքում մարդը կարում ա էնքան աշխատի, որ համ ընտանիքը պահի, համ էլ տուն ա վարձում, ապրում, իսկ ստեղ որ մնաց, տան վարձ չի տա, բայց ընտանիքն էլ չի կարա պահի։ Գյուղում ջահելներ կան, որ ռիսկ չեն անում ամուսնանան։ Երեսունհինգ-քառասուն տարեկան ջահելներ կան, դեռ ամուսնացած չեն»։ 

Պարգեւ Բալասանյանի կարծիքով` իրավիճակը կշտկվի, եթե պետությունն ինչ-որ կերպ միջամտի։ Գյուղացին արտոնյալ, երկարաժամկետ վարկեր վերցնելու հնարավորություն պետք է ունենա, որպեսզի կարողանա իր հողը պատշաճ կերպով մշակել։ «Դա լավ հնարավորություն կլինի գյուղացու համար, համ էլ պատասխանատվությունը կբարձրանա,- ասում է փոխգյուղապետը։- Մարդը կմտածի ամեն ինչ անի պարտքով վերցրած փողը վերադարձնելու համար ու որ տեսավ` ստացվում ա, չի թողի-գնա»։

Գյուղում տասնհինգ հոգի նպաստ են ստանում, մոտ երեսուն հոգի՝ պետական աշխատավարձ։ Մյուսներն ապրում են դրսից ուղարկված օգնություններով։ Բնակիչների մոտ երեսուն տոկոսը բացակա է։ Վերջին տասը տարում աշակերտների թիվը հարյուրով պակասել է։ «Դպրոցն ավարտում է 19-20 աշակերտ, բայց ընդունում ենք ընդամենը տասը կամ ութ երեխա»,- ասում է դպրոցի տնօրեն տիկին Անթառամյանը։

1974 թվականին կառուցված շենքն անցած երեսուներեք տարում հիմնովին չի նորոգվել։ Երկրաշարժից հետո այն համարելով վթարային` դպրոցը տեղավորել են փայտե ժամանակավոր տնակներում։ Տարիներ հետո մի ուրիշ հանձնաժողով է եկել ու որոշել, որ շենքի վիճակը տանելի է։ Տանիքը փոխելուց եւ ներքին հարդարման որոշ աշխատանքներ կատարելուց հետո նորից տեղափոխվել են հին շենք։ «Հիմա մենք էլ չգիտենք` էս շենքն ինչ վիճակում է, դասարաններ կան, որ անձրեւի ժամանակ երեխաներին չենք թողնում մտնեն»,- ասում է դպրոցի տնօրենը։ 

Այսուհանդերձ, աշակերտների առաջադիմությունը բարձր է, եւ շատերն ուսումը շարունակում են Երեւանի համալսարաններում։ Բարձրագույն կրթություն ստանալուց հետո նրանք Ջրափի չեն վերադառնում։ Փոխգյուղապետն էլ, դպրոցի տնօրենն էլ դա բնական են համարում։ «Գան գյուղ, ի՞նչ անեն։ Միակ տեղը, որ կարող են աշխատել, դպրոցն է, դպրոցում էլ թոշակի գնացող ուսուցիչ չունենք»։

Դպրոցի միջանցքների պատերին ազատ տեղ չկա։ Մեծ ու փոքր պաստառները հայրենասիրական ու բարոյախրատական մտքեր են արտահայտում։ Խաչատուր Աբովյանի «Շունչդ տուր, հոգիդ, բայց հայրենիքդ մի տուր թշնամյաց» խոսքը տիկին Անթառամյանի կարծիքով պետք է յուրաքանչյուր աշակերտի սրտում լինի։ «Մենք մեր երեխաներին շատ հայրենասեր ենք դաստիարակում»,- ասում է նա ու պատմում, որ աշակերտները կազմակերպված կերպով մասնակցել են Հրանտ Դինքի հիշատակի մոմավառությանը։

Գյուղից հեռանալիս մի անգամ եւս հայացք եմ գցում սահմանի բլուրներին, կարդում անհասկանալի լեզվով գրվածն ու հիշում, որ նույն օրերին ամերիկյան կոնգրեսը ցեղասպանության ճանաչման բանաձեւ է քննարկում։ «Երջանիկ է նա, ով կոնգրեսմեն է ծնվում»,- մտածում եմ ու հեռանում Շիրակի մարզի Ջրափի գյուղից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter